ՈՐԻ՞ ՀԱՄԱՐ ԷՐ ՆՐԱՆ ՈՂԲԸ, ՈՐԻ՞ ՀԱՄԱՐ ՄԽԻԹԱՐՎԵԻՆ
18.05.2013 10:18

  Չկա ավելի մեծ սեր, քան այն, որ մեկն իր անձը դնի կողքինների համար: Հովհ.15:13
Վաչագան Գրիգորիի Բաբայան.
 Թողնելով իր կյանքի գարունը գիտակցաբար ու կամովի շտապեց ազատագրելու և պաշտպանելու իր ժողովրդին, իր հարազատ հողը: Վաչագան Բաբայանը ծնվել է 1954թ. մարտի 22-ին Ասկերանի շրջանի Սարդարաշեն գյուղում: Նա բազմանդամ ընտանիքի միակ տղան էր, և ուներ 7 քույր: Նրա ծնողները՝ Աստղիկ և Գրիգորի Բաբայաններն իրենց զավակներին փոխանցել էին անսահման պարզություն ու անկեղծություն, սրտացավություն ու բարեկամասիրություն,

(եթե այսօր նրանց ծանոթներից հարցնես նրանցից գոնե մեկի մասին, իսկույն կթվարկեն բոլոր քույրերին՝ մատնանշելով բազում առաքինությունների շարան):  
 Վաչագանը յուրահատուկ համեստությամբ ու մարդասիրությամբ էր լցված։ Միջնակարգ կրթությունն ստանալուց հետո նա սովորել է ՀՀ Աբովյան քաղաքում, որպես խառատ: 1973-1974 թթ. նա ծառայել է Գերմանիայում, որտեղ էլ հմտացել ու մասնագիտացել է տանկ վարելու գործում՝ մտքովն անգամ չանցկացնելով, որ մի օր պիտի այդ հրասայլով ծառայի Հայրենիքի ազատագրությանը: Նա ամուսնացած էր և ապրում էր Ստեփանակերտում։ Կինը՝ Անժելան, բուժքույր էր և նրանք ունեին 1 որդի՝ Արմենը (նա ընդամենը վեց տարեկան էր, երբ կորցրեց հորը): Հենց այն ժամանակ, երբ պիտի վայելեր կյանքը կամովի նետվեց անկուշտ պատերազմի թոհուբոհի մեջ։ Նա նախընտրեց առյուծի պես մեռնել... Վաչագանը ծառայում էր Ասկերանի զորամասում՝ տանկային զորաբաժնում, նա կռվում էր տարբեր վայրերում արհավիրքի ամենաթեժ պահերին: Նույնիսկ, երբ կարող էր մի քանի օրով տանը մնալ, նա մերժում էր և ուզում էր պայքարել մինչև վերջ: Նրա հրամանատարն էր Մխիթար Ավշարյանը։ Վերջինս, երբ նրան արձակուրդ էր տրամադրում, նա չէր ուզում ու ասում էր.
- Ընկերներիս մենակ չեմ թողնի, ես պիտի կռվեմ։
 1991թ. նա թեթև վիրավորվեց Ասկերանի սահմանային խրամատներից մեկում։ Բուժքույր կինը արձակուրդ վերցրեց վիրավոր ամուսնուն խնամելու համար, բայց նա նույնիսկ այդ վիճակում վճռական էր ու անկոտրում:  
1992թ. Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղի անտառում Վաչագանը 12 ընկերների հետ շրջափակման մեջ ընկավ, բայց խիզախորեն մարտնչելով՝ հրաշքով ազատվեցին:
Թվում էր, թե նա պիտի վախենար ու դանդաղեր, բայց նա չէր կարող պասիվ ընթացք վարել:
1993թ. հունիսի 12-ին առաջին տանկը պիտի մտներ Աղդամ՝ պայքարի մեջ նոր դուռ բացելու և քաղաքը ազատագրելու համար, հրամանն արձակված էր և որոշված, թե ում գլխավորությամբ և որ թիմը պիտի գնար: Վաչագանը, որպես լավագույն տանկիստ-նշանառու՝ համարձակ ու նվիրյալ, նշանակվեց 1-ին տանկի առաջնորդ, նրան միացած էին Արտուրը՝ Ասկերանից, և Էդիկը՝ Ստեփանակերտից: Այն պահերին, երբ ոմանք ծնվում էին, ոմանք ծննդաբերում, ոմանք՝ երազում, ոմանք էլ միգուցե՝ ամուսնանում, իսկ ոմանք էլ պատրաստ էին անձնազոհության: Եվ հենց այդ օրն էլ սոսկալի գույժը սարսռեցրեց կնոջն ու ընտանիքին:
Աղդամ մտնող առաջին տանկը պայթեց ականների վրա, նրա մեջ էին Վաչիկը, Արտուրը և Էդիկը:
Վաչիկի քույրը՝ Ռոմելան, որ նույնպես պատերազմի մասնակից էր, վազեց հոսպիտալ.
 -Սիրտս ճմլվեց, երբ հասկացա, որ այրված եղբորս կողքովս տարել էին, բայց ես չէի ճանաչել։ Նա ամբողջովին վառված էր։ Շուտով Անժելան եկավ, բայց մենք անզոր էինք… Ուղղաթիռով Երևան տարանք …, կսկիծն ուտում էր ինձ, եղբայրս գիտակից ու այլալված փորձում էր բան հասկացնել կնոջը՝ ձեռքերով շարժումներ անելով։ Սակայն այդպես էլ չհասկացանք եղբորս սրտի վերջին խոսքը: Երևանում էլ բժիշկներն ասացին՝ ՙՆա մինչև ոսկորներն այրվել է, նա չկա…՚
Իսկ ընկերները՝ Արթուրն ու Էդիկը մոխրացան, հեռացան՝ սավառնեցին դեպի հավիտենություն:
 Տարիքներն առած Գրիգոր պապն ու Աստղիկ տատը ցավից էլ ավելի կորացան ու տանջվեցին՝ չպատկերացնելով, որ դեռ երեք թոռ պիտի կորցնեին. Սամվելը զոհվեց, Գառնիկը պայթեց ականի վրա Մարատը պատերազմի հետևանքով մահացու հիվանդություն ստացավ:
Որի՞ համար էր նրանց ողբը, որի՞ համար մխիթարվեին:
 Այժմ Ասկերանից Աղդամ տանող ճանապարհին լուսաշողում է Վաչագանի տանկը, նա խոսում ու պատմում է մինչ այսօր.
 Վաչագան Բաբայան՝ մեծություն, հայրենիքի անձնազոհ զինվոր, Քո արյունը խառնվեց հերոսների արյուններին, քեզ կանչում է արևածագը և ձայն է տալիս մայրամուտը: Հավերժ փառք ու պատիվ Ձեր անվանը Հայոց անձնուրաց մարտիկներ:

 

Գոհար ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

գ. Նորագյուղ 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter