ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԴԱՇՈՒՇԵՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ
18.05.2013 10:40

Խոնարհվում ենք նրանց առաջ, որ պատերազմ գնացին,
Խոնարհվում ենք նրանց առաջ, որ փառավոր հաղթեցին…

Արդեն բարի ու գեղեցիկ ավանդույթ են դարձել Եռատոնի նախօրեին հանրապետության կրթօջախներում անցկացվող միջոցառումները: Մայիսի 8-ին Դաշուշենի Վ. Օվյանի անվան դպրոցում կազմակերպվեց միջոցառում նվիրված Մայիսյան հաղթանակներին: Մասնակցում էին դպրոցի տնօրինությունը, ուսուցիչներ, համայնքի ղեկավար Ռուդիկ Ասլանյանը և գյուղի բնակչությունը:
Դպրոցի ուսուցչական կազմի ուղեկցությամբ հյուրերը նախ հարգանքի տուրք մատուցեցին զոհվածների հիշատակին՝ ծաղիկներ դնելով նրանց հուշաքարերին: Դպրոցի տնօրեն Գ. Վերդյանը շնորհավորելով ներկաներին հայ ժողովրդի համար թանկ ու պանծալի տոների առթիվ ու արժևորելով դրանց իմաստը՝ նշեց.
 -Եռատոնի առթիվ մեր ժողովուրդը բացառիկ հնարավորություն է ստանում ազգովի տոնելու մեր հաղթանակները, վերհիշելու բոլոր այն ազատամարտիկներին, հերոսներին, ովքեր իրենց ուժն ու եռանդը, արյունը, ոմանք նաև կյանքն են նվիրաբերել հանուն մեծ նպատակի՝ Հայրենիքի ազատագրության, անկախության վերականգնման և պետականության կերտման: Հայրենասիրության աղբյուրից սնված հայ մարտիկներն ազատագրեցին Շուշին՝ իրենք մնալով հավերժության գրկում: Ո՞ր մեկին հիշենք, նրանցից ամեն մեկը մի լեգենդ է ու հայ զինվորի իրական կերպար:
 Համայնքի ղեկավարը մեծ խանդավառությամբ նշեց, որ 1992թ. մայիսի 9-ին Շուշիի ազատագրմամբ մեր ժողովուրդը ցույց տվեց իր վճռականությունը, նպատակներին հասնելու իր կամքը: Եվ պատահական չէ, որ Շուշիի ազատագըրումը նաև մեր Պաշտպանության բանակի նախահիմքն է համարվում, որովհետև հենց այդ օրերին մի քանի զորատեսակների մասնակցությամբ իրականացվեց անիրականը:
Կարծում եմ, Շուշին ազատագրելով, մեզ հաջողվեց ստիպել թշնամուն համակերպվել զինադադարի հետ:
 Այնուհետև, դպրոցականները արտասանեցին, երգեցին հայրենասիրական երգեր: Ներկաները հիացան նրանց հուզիչ և գեղեցիկ ելույթներով: Աշակերտները հանդես էին գալիս վառ արտահայտված հպարտությամբ ու ոգևորությամբ:
 Հարկավ, նման ուշագրավ և կարևորագույն միջոցառումները շարունակական բնույթ կկրեն Դաշուշենի դպրոցում, քանզի դրանք նպաստում են մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակմանը: Այսօրվա սերունդը քաջ գիտակցում և գնահատում է մեր պապերի թողած ժառանգությունը և համոզվում, որ ինքն է, արդարև, նրանց գործերի շարունակողը: 


Անյուտա ՀՈՎՍԵՓՅԱՆ 
Դաշուշենի դպրոցի ուսուցչուհի

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter