Արցախը մի շարք պետությունների հետ Մայիսի 1-ը նշում է որպես Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օր։ Այն նշվում է աշխարհի 142 երկրում: Առաջին անգամ տոնը նշվել է 1890թ. մի շարք երկրներում՝ որոնց թվում Ավստրո - Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Նորվեգիայում: Աշխատանքային գրաֆիկը 8-ժամյա դարձնելու պահանջով՝ 1886թ. ամերիկացի և կանադացի աշխատավորները ցույց են կազմակերպել,
որը ցրելու հետևանքով տուժել են ոստիկաններ և տասնյակ ցուցարարներ: 1889թ. Երկրորդ ինտերնացիոնալի փարիզյան կոսնգրեսը որոշում ընդունեց մայիսի 1-ին ամենամյա ցույցեր անցկացնելու մասին՝ ի հիշատակ ցույցի զոհերի: Որպես միջազգային տոն մի շարք երկրներում մայիսի 1-ն առաջին անգամ նշվել է 1890 թվականին: Արցախի անկախության առաջին տարիներին մայիսմեկյան տոնը չէր նշում։ Այժմ, ի ուրախություն բոլորիս, լավագույն ավանդույթները վերականգնվել են։ Սակայն եթե խորհրդային տարիներին մայիսմեկյան ցույցերի էինք դուրս գալիս դրոշակներով, փուչիկներով ու տոնական տրամադրություն խորհրդանշող այլ պարագաներով, ապա այժմ սահմանափակվում ենք միայն նրանով, որ այդ օրը պետական տոնացույցում ընդգծված է կարմիրով և այն ոչ աշխատանքային է։ Ասկերանի շրջանային արհկազմակերպությունների նախագահ Գայանե Գաբրիելյանը բավականին հագեցած և աշխատավորների շահերն առավելա-գույնս պաշտպանելու աշխատանքային գրաֆիկով է աշխատում։ Իր առօրյա գործունեությամբ նա գեղեցիկի, օգտակարի, գեղագիտականի, հայրենասիրականի ներդաշնակությամբ ջանում է բովանդակալից դարձնել արհկազմակերպությունների անդամների առօրյան ու հանգիստը։ 2013 թվականի մայիսի 2-ին ասկերանցի աշխատավորների համար շրջանային արհմիության հովանավորությամբ Արցախի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի կողմից ներկայացվեց Մուրացանի §Ռուզան¦ դրաման։ Ասկերանի հետպատերազմյան պատմության մեջ առաջին անգամ է Աշխատավորների համերաշխության միջազգային օրվան նվիրված միջոցառում կազմակերպվում, որը հուսով ենք բարի ավանդույթ կդառնա։ Դրամայի ընտրությունն էլ պատահական չէր, քանզի առանցքում հայրենասիրական թեման էր, որը, միաժամանակ, համահունչ էր մայիսյան Եռատոնին։ Պատմական դրամայի հիմքում 13-րդ դարի Արցախի դեպքերն են, երբ թաթար - մոնղոլական զորքերն ավերելով հայկական բնակավայրերը՝ հասել էին Խոխանաբերդ՝ Հասան Ջալալ Տոլայի ամրոցը։ Հանդիսատեսը ցավով էր դիտում ազգի դավաճանի տեսարանը, քանզի նման շահադիտական նկատառումներից ելնելով ողջ հայկական պատմության ընթացքում կորցել ենք ծովից - ծով Հայաստանը։ Այն հայրենասիրական դաս էր բոլորիս համար, դաս որով պետք է դաստիարակվի ներկայիս սերունդը։ Քանզի Հայրենիքի հանդեպ ունեցած սիրո պատճառով Ռուզանը հրաժարվեց իր սիրուց՝ հայրենիքի զոհասեղանին դնելով անձնական երջանկությունն ու կյանքը։ Ի սկզբանե դաստիարարկված լինելով հայրենասիրական ոգով նա այսպես պատասխանեց հորը՝ Ջալալ Իշխանին, ով ապարդյուն ջանքեր էր գործադրում աղջկան հետ պահել նման որոշումից. §Բայց, հայր իմ, եթե դու չանես, ես պարտավոր եմ անել և դրա համար արդեն քո հրամանն ունիմ: Քանի դեռ փոքր էի, ուսուցանում էիր ինձ՝ սիրել հայրենիքն իմ անձից ավելի, և նրա բարօրության համար զոհել ամենը, ինչ որ ունիմ թանկագին: Արդ, հասել է ժամը քո պատվերը կատարելու, մի՞թե դու այժմ հակառակը պիտի խրատես¦... Արցախյան ազատամարտը հաստատեց մի պարզ ճշմարտություն՝ ոչ մեկն ի վերուստ հերոս չի ծնվում։ Նրանք ծնվում են հայրենիքի համար ճակատագրական պահերին, երբ անհատն ընտրության առաջ է կանգնում անձնականն առաջ դասելու կամ՝ համամարդկայինն ու հայրենասիրականը։ Եվ այսօր առավել ևս անհրաժեշտ է հոգ տանել երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակության ու հոգևոր պատրաստության մասին, որպեսզի երկրի համար ճակատագրական պահին իրենց պապերի, հայրերի, եղբայրների ու քույրերի նման չերկմտան սրերը մերկացնելու հանուն հայրենիքի... Ասկերանի շրջարհմիության նախաձեռնությամբ տեղի ունեցած թատրոնն աշխատավորներին առօրյա հոգսերից մի պահ կտրելուց զատ մեծ ու պարտավորեցնող խորհուրդ կրեց իր մեջ։ Այո՛, անձնուրացությունն հանուն Հայրենիքի բարի պտուղներ է տալիս ու հիշվում դարեդար... Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |