ՄԵՐ ՆԵՐԿԱՆ ՄԵՐ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է
18.05.2013 12:07

   Հավերժ փա՛ռք նրանց, բոլոր զոհերին,
Հիշենք, մեծարենք բոլորին մեկ-մեկ,
Փա՛ռք, ընկած բոլոր փոքր ու մեծերին
Հրամանատարին ու քաջ զինվորին:
 Մայիս ամիսը հայ ժողովրդի պատմության մեջ մտավ որպես հաղթանակների ամիս: Հենց մայիսին հայ ժողովուրդը կարողացավ ցույց տալ իր հաստատուն ուժն ու կամքը, միասնականությունն ու ազատատենչ ոգին: Մեր ժողովրդի տարբեր սերունդներ կարողացան պայքարել հանուն ազատության ու հավատի: Նրանք պատերազմեցին հայ ժողովրդի գոյատևման և ազգային արժանապատվության համար: Հայի պատվասիրությունն ու հայրենասիրությունը փոխանցվել է սերնդեսերունդ, քանզի այն

հայի արյան մեջ է:
Մայիսի 7-ին Ասկերանի միջնակարգ դպրոցում կազմակերպվեց միջոցառում նվիրված Մայիսյան եռատոնին: Ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանը, Արցախյան պատերազմի վետերաններ, հյուրեր, աշակերտներ:
Ողջունելով հյուրերին՝ դպրոցի կազմակերպիչ Աիդա Գյանջումյանը նշեց.
 -Այսօր մեր հպարտությունն անթաքույց է, քանզի հայ ազգը եռատոն է տոնում: Հայն իր ազգին վայել կարողացավ կրկին ապացուցել, որ կարող է իր սուրբ հողի համար անհավասար մարտերում պայքարել և անհավատալի հաղթանակներ կռել, որի արդյունքում մենք ունենք մարտունակ և հզոր բանակ, համախմբված ժողովուրդ, և ի զորու ենք արժանի հակահարված տալու թշնամու ցանկացած ոտնձգությունների: Հայ ժողովուրդն ունեցել և ունի քաջարի հերոսներ, որոնց անունները զարդարում են հայոց պատմության էջերը: Նրանց շնորհիվ է, որ ապրում և արարում ենք, կանք ու կլինենք: Արցախը, հիրավի, իրական հերոսների երկիր է, այդպես եղել է դարեր առաջ և այդպես է այսօր: Պատմության տարբեր շրջափուլերում, երբ հայրենիքի վրա մութ ամպեր են կախվել, ծնվել են դյուցազուններ, որոնց սխրանքներն իսկական լեգենդ են դարձել: Այդ լեգենդներից է ԽՍՀՄ կրկնակի հերոս, բազմաթիվ շքանշանների ու մեդալների ասպետ Նելսոն Ստեփանյանը, որին և նվիրված է միջոցառման առաջին մասը:
 Միջոցառման մասնակցները համակ ուշադրությամբ էին ունկնդրում և ներքուստ հպարտանում հերոս հայրենակցով: Աշակերտները ներկայացրին Նելսոն Ստեփանյանի կենսագրությունը և անցած մարտական ուղին: Հայ քաջարի զավակը ծնվել է 1913 թվականի մարտի 28-ին՝ Արցախի Շուշի քաղաքում: 1916թ. Ստեփանյանների ընտանիքը տեղափոխվել է Երևան: Դեռևս փոքրուց երկինքը հրապուրում էր ապագա օդաչուին: 1932 թվականին նա ընդունվում է Բատայսկի քաղաքացիական ավիացիայի օդաչուների դպրոցը, որն ավարտում է 1935 թվականին: 1940թ. քաղաքացիական ավիացիայի պետի հրամանով նրան հանձնվել է կրծքանշան 300000կմ թռիչքի համար: Բատայսկում Նելսոնն ամուսնանում է և 1939թ. ծնվում է նրա որդին: Հայրենական պատերազմի սկսվելուց 24 ժամ անց Նելսոնն արդեն Օդեսայի շրջանի օկրուգում էր: Նրան տեղափոխում են Բալթիկայի ռազմածովային գրոհային ավիացիա: 1941թ. նա արդեն հասցրել էր ոչնչացնել թշնամու 8 տանկ, 88 մեքենա, 65 զենիթային հրանոթ ու գնդացիր, մեկ գնացք և զինապահեստ: 1944 թվականի ապրիլը Նելսոնը դիմավորեց գրոհային ավիագնդի հրամանատարի պաշտոնում: Նա արդեն կարող էր իր գրոհայիններին կառավարել ներքևից: Սակայն նրա կյանքում ոչինչ չփոխվեց: Նա շարունակում էր թռչել ու ինքն էր մարտի տանում իր զորքին: Նույն ամսում նրա հրամանատարությամբ ջախջախիչ հարված հասցրին հակառակորդի նավերին: Նրա գունդը մասնակցեց Ղրիմի ազատագրությանը և հունիսի 24-ին ավիագունդին շնորհվեց Թեոդոսյան պատվավոր անունը: Նելսոն Ստեփանյանին ընկերները Բալթիկայի մրրկահավ էին անվանում, քանզի նա անգամ վատ եղանակներին, երբ տեսանելիությունը չափազանց ցածր էր, գնում էր մարտական առաջադրանքի և ջրասույզ անում թշնամու նավերը: Թշնամին նրան §սև մահ¦ էր ասում: 
 1944թ. օգոստոսի 18-ին Նելսոնին 239 մարտական թռիչքների համար ներկայացրել էին կրկնակի հերոսի կոչմանը: Անցել էր 4 ամիս: Այդ ընթացքում նա իրագործել էր ևս 19 թռիչք: Դեկտեմբերի 14-ին պատրաստվում էր հերթական 259-րդ թռիչքին: Առաջադրանքը բարդ էր, և նա դա չէր թաքցնում ընկերներից: Այդ օրը նա վերջին անգամ գրոհի տարավ Թեոդոսյան ավիագունդը: Գերմանացիները վաղուց էին ուսումնասիրել Նելսոնի թռչելու մարտավարությունը և սպասում էին: Ծանր մարտ սկսվեց…Գունդը կատարեց առաջադրանքը և վերադարձավ առանց հրամա-նատարի: Հաջորդ օրը գնդում սգո միտինգ էր: Ոչ մեկը համարձակություն չունեցավ մահվան բոթը հայտնել ընտանիքին, անգամ ավանդական սև թուղթը չուղարկեցին: Նելսոնի զոհվելու և կրկնակի հերոսի արժանանալու լուրն ընտանիքն իմացավ 1945թ. մարտի 6-ի թերթերից: Անվանի հայորդու բրոնզաձույլ արձանը կանգնեցվել է հայրենի Շուշիում և Լեսպայում:
Աշակերտների ելույթներին զուգորդում էին անվանի հերոսի մարտական ուղին ներկայացնող կադրերը:
 Այնուհետև, դպրոցականները հիշեցին Արցախյան պատերազմի հերոսներին, նկարագրեցին Շուշիի ազատագրումը: Նրանք գիտեին, որ Արցախի խաղաղության համար են տղաները գնացել, հանուն սուրբ գործի հաղթանակ տենչացել և հանուն հայրենիի նահատակվել: Այսօրվա մատաղ սերունդները քաջ գիտակցում են, որ նրանք ժառանգորդն են իսկական հերոսների և նրանց համար կարևոր է մի բան. սիրել հարազատ ժողովրդին, պաշտել Հայրենիքը և նվիրվել նրան հոգով և սրտով: 
 Երեխաների ելույթների, հայրենասիրական երգերի ու պարի շնորհիվ միջոցառումը մի իսկական հայրենասիրական դաս էր: Յուրաքանչյուրն իր հոգու խորքում իրեն լիարժեք հայ ու ազգասեր էր զգում և ձգտում հայոց պատմության այդ էջերից արժանի դասեր քաղել: 
Դպրոցի տնօրեն Կառլեն Մայիլյանը շեշտեց.
-Այս օրը կարևոր է յուրաքանչյուր հայի համար: Մեր ներկան մեր հպարտությունն է և, եթե չհիշենք մեր անցյալը, ուրեմն չենք ունենա ապագա: Մենք պարտավոր ենք հավերժ հիշել այն սերունդներին, որոնք ազատագրել են այս հողը, անձնվիրաբար պայքարել ու հաղթել են դաժան թշնամուն, այն քաջ հերոսներին, որ պատմության քառուղիներում կարողացել են ամեն անգամ լինել հաղթանակած՝ մեր ազգին հատուկ առյուծ ոգով, բազկի ուժով, եռագույնով ու սուրբ խաչով:
 Այո՛, մենք հպարտ ենք ազգապաշտպան մեր հերոսներով, մեր Հայաստանով, Սփյուռքով ու Արցախով: Մատաղ սերունդներին տրվել է հիանալի հնարավորություն ապրելու, ստեղծագործելու և գիտելիքներ ձեռք բերելու խաղաղ երկնքի տակ: Ուստի, դուք, սիրելի աշակերտներ, պարտավոր եք արդարացնել ավագ սերնդի հույսերը և շարունակել նրանց գործը: Շնորհավորում եմ բոլորիս Եռատոնը և մաղթում՝ լցվել ապագայի հանդեպ մեծ հույսով ու հավատով:
Հիրավի, ճիշտ է ասված. հայը եղել է, կա ու կլինի: Մեր արմատները խորն են խրված մայր հողի մեջ և մենք այս հինավուրց հողում խաղաղ ապրել ու արարել ենք ուզում: Հային միշտ էլ առաջնորդել է ազատության ու անկախության ոգին և նա դեռ պիտի բացի ճամփաները դեպի Հայոց վեհ Մասիս սարը …
Ցանկանում եմ իմ հոդվածն ավարտել դպրոցի կազմակերպիչ Աիդա Գյանջումյանի դիպուկ խոսքերով՝ ուղղված երիտասարդ սերնդին .
-Եթե ինձ հարցնեին, թե Երկիր մոլորակի վրա ամենից շատ որտե՞ղ կարելի է հանդիպել հրաշքների, ես նախ և առաջ կտայի Արցախի անունը: Ակամա ապշում ես աշխարհի այս փոքրիկ անկյունում տեսնելով այնպիսի քաջերի, որոնք ամբողջ հայության պարծանքն են հանդիսանում:
Իսկ ո՞րն է քո ապագան, Արցա՛խ: Նրանք այստեղ են, այս բեմում, այստեղ նստած և ամենուր: Իսկ, որպեսզի հային հատուկ որակներով դաստիարակվեն, նրանք պետք է իրենց համար ընտրեն այնպիսի արժեքներ, որի դեպքում վստահորեն կարող ենք ասել.
-Դու ունես հրաշալի ապագա, իմ հրա՛շք երկիր:
Հայրենիքի սերը և նրա ազատության միտքը պետք է թագավոր լինի մեր ամեն մի գործողության վրա: Եվ միայն միասնական ուժերով կարող ենք հասնել փառավոր հաղթանակների ու քայլել առաջ:
Քա՛յլ առ առաջ, իմ հայ ժողովուրդ և շարունակ նվաճիր նորանոր բարձունքներ:
Դու՛, դա կարող ես:

 

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter