ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆՇՎԵՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՕՐԸ |
12.07.2011 17:43 |
Մեր պետության համար ներկա ժամանակաշրջանում ամենահրատապ խնդիրներից են ազգաբնակչության կենսամակարդակի էապես բարձրացումն ու սոցիալական վիճակի անհրաժեշտ բարելավումը: Այդ նպատակին են միտված պետական նշանակության տնտեսական բնույթի տասնյակ ծրագրեր, որոնք ներկայումս իրականացման փուլում են, եւ ակնկալվող արդյունքները լավ հիմք են հանդիսանալու նաեւ սոցիալական ասպարեզում զգալի առաջընթացի համար: Ուստի, չափազանց կարեւոր է, թե ձեռք բերած հնարավորություններն ինչպես պետք է վերածել սոցիալական նպատակային ծրագրերի եւ իրագործել դրանք: Ահա այստեղ է, որ հույժ գնահատելի են դառնում սոցիալական ոլորտի աշխատողների փորձն ու գիտելիքները, նվիրվածությունն ու բարեխղճությունը: Այս տարի հունիսի 10-ին առաջին անգամ ենք նշում սոցիալական աշխատողի օրը: Մասնագիտական տոն օրը եւս մի առիթ էր, որպեսզի հերթական անգամ լինեինք ՙՍԱԾ՚ գործակալության եւ սոցիալական ծառայության Ասկերանի տարածքային բաժիններում, նախ շնորհավորանքի խոսքեր ասելու, ապա եւ աշխատանքների ընթացքի ու ոլորտում իրականացվող գործընթացների մասին տեղեկություններ ստանալու: Սոցիալական ծառայության Ասկերանի տարածքային գործակալության ուշադրության կենտրոնում գտնվում են օրենքով սահմանված նպաստառուները, գործազուրկները, ԼՂՀ պաշտպանության ժամանակ զոհված եւ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքները, բազմազավակ ընտանիքները, միայնակ մայրերը, բնակչության անապահով խավերը, որոնց պետությունը վերցրել է իր հոգածության տակ: ԼՂՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն առաջին կիսամյակի տվյալներով մինչեւ 18 տարեկան առանձին խմբերի 978 ընտանիքների 1863 երեխաների տրվում է պետական նպաստ: 49 ընտանիքներում ծնված 3 եւ ավելի երեխաների անվամբ բացված են ավանդային հաշիվներ եւ համապատասխանաբար տրվում են 500 եւ 700 հազարական դրամի չափով միանվագ դրամական օգնություն: Շրջանում 140 ընտանիքում ծնված երեխաներին հատկացվել է միանվագ նպաստ: Բավարար հիմքերով է ընթանում բնակչությանը սոցիալական քարտերով սպասարկման գործընթացը: Ներկա դրությամբ տրամադրված է 18321 սոցիալական քարտ: Հիմնական աշխատանքներին զուգահեռ գործակալությունն անմասն չի մնում շրջանում իրականացվող ցանկացած հասարակական-քաղաքական միջոցառումներից, կազմակերպված շաբաթօրյակներից: Ձգտում է ամեն կերպ լուծել բնակչությանը հուզող հարցերը: Մեր գործունեության առանցքը մարդն է, երկրի քաղաքացին, բոլոր այն մարդիկ, որոնք օգնության կարիք ունեն, - նշում է սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Էվելինա Աղաջանյանը: Իրոք, այս երկու բաժինների կատարած դժվարին աշխատանքն անչափ մեծ է եւ գնահատման արժանի: Նրանց գնահատում են ե՜ւ ժողովուրդը, ե՜ւ կառավարությունը: Սոցիալական ապահովության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար եւ մասնագիտական տոնի առթիվ ԼՂՀ ՍԱՆ ՙՍԱԾ՚ գործակալության Ասկերանի տարածքային բաժնի պետ Սամվել Միրզոյանը պարգեւատրվել է ԼՂՀ ԱԺ-ի պատվոգրով, նույն գործակալության մասնագետ Արեգա Միքայելյանը եւ սոցիալական ծառայության Ասկերանի տարածքային գործակալության պետ Էվելինա Աղաջանյանը սոցապահովության ոլորտում երկարամյա անբասիր ծառայության, սոցիալական համակարգի 80-ամյակի եւ սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ արժանացան ԼՂՀ սոցապ նախարարի կողմից շնորհավորագրերի: |