ԱՄԵՆԱՄԵԾ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՏԱԼԻՍ Է ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
18.05.2013 12:31

  Բարեգործությունը Աստվածահաճո գործ է, որը յուրահատուկ է մեծ հոգով ու բարի սրտով օժտված մարդկանց: Մեր շրջապատում շատ մարդիկ են դասվում այդ վեհ շարքին, մարդիկ, որոնք ապրում են անանձնական կյանքով, որոնց համար ամեն ինչից առավել է օգտակար լինել մարդկությանը: Մեր բարեգործներն անկախ բնակության վայրից, սոցիալական և բարոյական պատասխանատվություն են կրում Արցախի ճակատագրի համար: Նրանք մշտապես մասնակցում են մեր երկրի հասարակական, մշակութային կյանքին, հարազատ երկրի ամրապնդման գործին: Չէ որ, ինչքան ուժեղ է

Արցախը, այնքան ուժեղ է ողջ հայությունը: 
 Երբ ասում են բարեգործություն, ես իսկույն մտաբերում եմ ծննդով ղլիժբաղցի, երևանաբնակ, Ասկերանի պատվավոր քաղաքացի Սամվել Գաբրիելյանին: Դեռևս 1992 թվականից է դա իմ մեջ տպավորվել: Հիշում եմ, երբ Ասկերանից ընտանիքներ էին տեղափոխվել Հայաստան, երբ անչափահաս երեխաների հետ մեկտեղ մայրերը շվարել ու չգիտեին ինչ անել, Սամվել Գաբրիելյանը հայտնվեց՝ լույսի և հույսի շողեր արձակելով շուրջը: Նա իր վրա վերցրեց ծանր կացության մեջ հայտնված հայրենակիցներին տեղավորելու և նրանց մասին հոգալու խնդիրը: Մարդիկ վստահում և սիրում էին մեծ հայրենասերին: Նրա բարեգործություններն ավանդական դարձան և մեծատառով այս մարդն արժանացավ հարազատ ժողովրդի սիրուն ու գնահատանքին: 
 Պատերազմի ավարտից հետո էլ ավելի ուժգնացավ արցախցու նրա հայրենասիրական ոգին: Նա շարունակեց իր բարեգործական գործունեությունը, հատկապես հարազատ քաղաքի սոցիալ-տնտեսական և կրթամշակութային բնագավառներում: Ապրում է Երևան քաղաքում, սակայն իրեն լիիրավ ասկերանցի է զգում: Ասկերանում կազմակերպված ցանկացած միջոցառում չի վրիպում նրա աչքից, յուրաքանչյուր տոն օր՝ նա Ասկերանում է: Այս անգամ էլ պատվավոր ասկերանցին իր ժողովրդի շարքերում էր: Թերևս, ամենամեծ ու պանծալի այս տոնին, համոզված եմ, որ Սամվել Գաբրիելյանն անթաքույց հպարտությունը սրտում, բարի ու կամեցող հայացքով իր ժողովրդին էր նայում ու նրանց համար հավերժ խաղաղություն երազում: 
 Ասկերանում կայացած Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումից հետո այնպես ստացվեց, որ մասնակցեցի մի հրաշալի հավաքույթի, որը նախաձեռնել էր կին ազատամարտիկ Ալլա Արզումանյանը: Հավաքվել էին ազատամարտիկներ, ասկերանցիներ, Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը և Ասկերանի պատվավոր քաղաքացի Սամվել Գաբրիելյանը: Հավաքվել էին վերհիշելու անցյալը, մտորելու անցած-դարձածի մասին, ուրախանալու և հպարտանալու օրեցօր բարգավաճող Արցախ աշխարհով: Կյանքում շատ կարևոր է նպատակներ դնել ու հասնել դրանց իրականացմանը: Հավաքված բոլոր այս մարդիկ կյանքում մեծ նպատակներ ունեին և այսօր, կարելի է նշել, որ նրանք հասել են դրանց իրագործմանը: Լուռ լսում էի նրանց: Նրանց ուշագրավ զրույցից, պարզապես, ինձ հպարտ էի զգում: Հպարտ էի, որ հայ եմ, որ իմ կողքին այդպիսի քաջ և ազնիվ մարդիկ կային, որոնցով չհիանալ հնարավոր չէր: Ներկաները այնպիսի պարծանքով էին արտահայտվում իրենց հայրենակից Սամվել Գաբրիելյանի մասին, հիշում նրա բազմաթիվ ու անվերջանալի բարի գործերը, ասես նա իրենց կողքին չէր այդ պահին: Իսկ վերջինս բարի ժպիտը դեմքին լուռ ունկնդրում էր ու մտածում. ի՜նչ լավն է իմ ժողովուրդը, ինչքան հերոսական է և արիասիրտ: Սամվել Գաբրիելյանը նույնպես հիշեց այն դժնդակ տարիները, երբ արցախահայությունը միահամուռ ոտքի էր կանգնել, երբ ամեն մեկի սիրտը թրթռում էր մոտալուտ վտանգից ու կորստի ցավից: Սովի, մթության ու ողբերի մեջ անգամ, պատերազմը բոլորին դարձրել էր միասնական ու գթասիրտ: Երբ կին ազատամարտիկները մոռացած իրենց կին լինելը, մասնակցում էին ահարկու մարտերին, բուժքույրերը մարդկանց կյանքեր էին փրկում՝ չխնայելով իրենցը: Նա հիշեց երիտասարդ, նուրբ և միաժամանակ արիասիրտ բուժքույր Գայանե Գաբրիելյանին, որն այն ժամանակ վարպետորեն կատարում էր իր սուրբ գործը, թեպետ պատերազմը, բնավ նրա տեղը չէր: Հիշեց բոլոր ասկերանցի ազատամարտիկներին, հերոս տղաներին, որոնք նահատակվեցին հանուն մեծ Հաղթանակի: Ուշագրավ էին պատվավոր քաղաքացու խոսքերը.
 - Մարդու կյանքում ամենակարևորը Հայրենիքն է ու նրա ապագան: Ակնհայտ է, որ իր հարազատ երկիրը սիրող յուրա-քանչյուր մարդ, ցանկանում է օգտակար լինել նրա կայացման գործում, նպաստում երկրի բարգավաճմանն ու ծաղկմանը: Ես միշտ ապրում եմ իմ հայրենակիցների կյանքով, նրանց դժվարություններով և ուրախություններով: Ես սիրում եմ իմ Ասկերանն ու ասկերանցիներին և հպարտ եմ, որ ասկերանցի եմ: Ակամա հիանում եմ, որ իմ ժողովուրդն անցնելով դժվար ու երկար ճանապարհ, այսօր նորից ապրում ու արարում է՝ երբեք չկորցնելով հույսն ու հավատը: Հպարտությունից սիրտս ուռչում է, երբ տեսնում եմ այն քաջ կին ազատամարտիկներին, որոնք այսօր շարունակում են իրենց առաքելությունն ազատ ու անկախ մեր երկրի հզորացման գործում: Օգտվելով առիթից, շնորհավորում եմ իմ հերոս ժողովրդի Եռատոնը, մաղթելով նրանց խաղաղ երկինք ու պայծառ ապագա։ Եղեք միշտ այսպես՝ միասնական ու խիզախ: 
Հիրավի, գեղեցիկ ու յուրահատուկ այս հանդիպումը բոլորի վրա թողեց անմոռանալի տպավորություններ: Ստացանք բարոյական, հոգևոր սնունդ: Հրաժեշտի պահը հուզիչ էր ու դժվար: Բաժանվեցինք նորից հանդիպելու ակնկալիքներով…

 

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter