Մայիսի 9-ն արցախցիներիս համար առանձնահատուկ տոն է։ 1945 թվականի մայիսի 9-ին ամբողջ Խորհրդային Միությունով մեկ ռադիոյի հանրահայտ հաղորդավար Լևիտանի ազդեցիկ ձայնն ազդարարեց Մեծ Հաղթանակի ավետիսը։ Ռայխստագում կարմիր դրոշը ծածանող և քոչարի պարող հայկական դիվիզիայի զինվորները դժվար թե պատկերացնեին, որ 47 տարի անց՝ 1992 թվականի նույն օրը ողջ հայության հզոր կամքով ու միասնականությամբ կազատագրվի հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշին ու հայկական երկրորդ պետությունը
կկազմավորի բանակ։ Մարտունակ բանակ, որը հետագա հաղթարշավների կերտողը դարձավ։ Բանակ, որը ծնվեց ժամանակի հրամայականով ու պատվով դիմագրավեց բոլոր փորձություններին՝ դառնալով հայրենի եզերքն անսասան պահողն ու մեր անվտանգության երաշխավորը։ Ասկերանում և շրջանի գյուղական համայնքներում Մայիսյան Եռատոնը նշվեց մեծ շուքով ու հանդիսավորությամբ՝ եռակի հպարտությամբ։ Վաղ առավոտվանից Ն զորամասի զինվորները Ասկերանի բերդի մատույցներից խրոխտ քայլերթով հասան մինչև Փետրվարի 22-ի հրապարակ։ Ասկերանցիները հավաքվել էին Մեծ Հայրենականում և Արցախյան ազատամարտում նահատակված քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշարձան - կոթողի մոտ։ Այստեղ շրջվարչակազմի ղեկավարի գլխավորությամբ հարգանքի տուրք մատուցելուց ու խոնահումի արարողակարգեր կատարելուց հետո շարժվեցին դեպի §Տանկ¦ հուշահամալիր, որտեղ ևս ծաղիկներ դրվեցին։ Տոնական միջոցառման հանդիսավոր մասն անցավ հանուն Հայրենիքի նահատակված ասկերանցիների հիշատակը հավերժացնող հուշավահանակի մոտ։ Բացման խոսքով հանդես Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը՝ շնորհավորելով հավաքվածներին փառապանծ Եռատոնի առթիվ։ Ապա ողջույնի խոսքով հանդես եկավ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը։ - Մայիս ամիսը հայ ազգի համար Հաղթանակների ամիս է։ Հաղթանակներ, որոնք հաստատեցին մեր ազգի հարատևման իրավունքը։ Իսկ Մայիսի 9-ը մեր բոլոր հաղթանակների խորհրդանիշն է։ Գերմանական ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում իր զգալի ներդրումն ունեցավ նաև հայ ժողովուրդը, իսկ 1992 թվականի գարնանային այս օրը ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության Բանակը, որը մեր հանրապետության անվտանգության երաշխավորն է և այսօր էլ պատրաստ է արժանի հակահարված տալու թշնամու բոլոր ոտնձգություններին։ Ոչ մի պատերազմում չէինք հաղթի, եթե արդար ու ճշմարիտ չլիներ մեր նպատակը, եթե չլիներ մեր ժողովրդի ազատ ապրելու կամքը։ Ցավոք պատերազմներն առանց կորուստների չեն լինում։ Խոնարհվում ենք բոլոր նահատակների հիշատակի առջեւ։ Նրանց հիշատակը հավերժ է։ Փառք ու պատիվ Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի բոլոր վետերաններին։ Շնորհավորում եմ բոլորիդ Մայիսյան Եռատոնի առթիվ և մաղթում նորանոր հաղթանակներ։ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը շնորհավորելով ներկաներին մայիսյան տոների առթիվ՝ մասնավորապես նշեց. - Հայրենական պատերազմին մասնակցած 600 հազար հայերից 45 հազարն Արցախից էր։ 22 հազարը հերոսաբար զոհվել է, իսկ 15 հազարը պարգևատրվել Խորհրդային Միության շքանշաններով ու մեդալներով, 21 հոգի արժանացել է Խորհրդային Միության հերոսի բարձր կոչմանը, որից 7-ը՝ մեր շրջանից։ Կազմավորվեց 6 հայկական դիվիզիա։ Հիրավի, փառավոր էր 89-րդ §Թամանյան¦ դիվիզիայի մարտական ուղին (3700 կիլոմետր), որն սկսվել էր Հյուսիսային Կովկասում, Գրոզնի քաղաքի մոտ և ավարտվել Բեռլինում։ Նա Գերմանիա հասած և Բեռլինի ճակատամարտին մասնակցած միակ ազգային դիվիզիան էր, որին հաջողվեց հաղթական դրոշը ծածանել Գերմանիայի մայրաքաղաքում։ Դիվիզիայի հրամանատարն էր գեներալ Նվեր Սաֆարյանը։ Մեծ Հայրենականի տարեգրության մեջ իրենց հաստատուն տեղն են գրավել Խորհրդային Միության մարշալ, կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանը, նավատորմի ծովակալ, հերոս Հովհաննես Իսակովը, ավիացիայի մարշալ Արմենակ Խամփերյանցը, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, հերոս Համազասպ Բաբաջան-յանը, լեգենդար օդաչու, կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանը։ Հայազգի 108 մարտիկ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, 27-ը փառքի 3-րդ աստիճանի շքանշանի։ Ղարաբաղի հայությունը Հայրենականի տարիներին երկրի ֆոնդ է մուծել 2 միլիոն 800 հազար ռուբլի, 2կգ 71գ ոսկի, 31կգ 989գ արծաթ, հազարավոր տոննաներով սև և գունավոր մետաղ։ Տանկային շարասյան և ինքնաթիռների շինարարության ֆոնդ են մուծել 1 միլիոն 700 հազար ռուբլի, շուրջ 6 միլիոն ռուբլու արժեքով փոխառության տոմսեր։ Ղարաբաղի մայրերը հազարավոր ծանրոցներ են ուղարկել ճակատայիններին։ Այսպես միաբան, թև-թևի տված ռազմաճակատ և թիկունք միասնությամբ ձեռք բերվեց Մեծ Հայրենականի հաղթանակը և սրերը փառքով դրվեցին պատյան։ Դա 1945 թվականի մայիսի 9-ին էր։ Իսկ 1992 թվականի մայիսի 9-ին այդ հաղթանակին ավելացավ ևս մեկ մեծ հաղթանակ՝ Շուշիի ազատագրումը։ Շուշիի ազատագրմամբ և Լաչինի միջանցքով Հայաստանի հետ ցամաքային կապի վերականգնումն արցախյան պատերազմի ծանրակշիռ նվաճումներից էր, ինչն իրական դարձրեց անկախությունը։ ...Անկախություն, որը ձեռք է բերվել հազարավոր զոհերի արյան գնով, որոնց լուսեղեն անուններն ընդմիշտ կմնան մեր հիշողություններում։ Արցախի բանակի կազմավորմամբ էր պայմանավորված ԼՂ Հանրապետության կայացումը։ Ու այսօր էլ մեր բանակի ու զինվորի հանդեպ մենք լցված ենք հույսով ու հավատով, քանզի այն վրեժից, սիրուց, հավատից ու քաջությունից ծնվեց։ Թո՛ղ զինվորի զենքն անվրեպ լինի, բազուկը՝ պինդ։ Մեր հաղթանակների ակունքներում ընկած է մի պարզ ճշմարտություն՝ առանց զորավոր խոսքի բութ են սրերը, թույլ՝ բազուկները։ Առանց զորավոր խոսքի չկա իշխանություն հոգիների վրա, իսկ առանց իշխանության չկա հաղթություն։ Շնորհավոր Եռատոն, հավերժ խաղաղություն ու բարեկեցություն Արցախ աշխարհին։ Ելույթներ ունեցան Ասկերանի վետերանների միության անդամ Արմեն Գասպարյանը, Ասկերանի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Նորա Մանուչարյանը, Ն զորամասի սերժանտ Ա. Բադիկյանը։ Կարևորելով Արցախյան բանակի ստեղծման անհրաժեշտությունն ու զօր ու գիշեր մայրաքաղաք Ստեփանակերտի, հարակից հայկական բնակավայրերի վրա կրակ թափող ու ադրբեջանական ռազմական հենակետի վերածված բերդաքաղաք Շուշիի ազատագրման փայլուն ռազմագործողությունը՝ խոստացան այդ մեծ նվաճումների կրողը դառնալ ու դեռ բազմապատկել։ Միաժամանակ երախտագիտության խոսքեր հնչեցրին Մեծ Հայրենականի վետերաններին, որոնց շարքերը տարեց-տարի նոսրանում են։ Ներկա դրությամբ Ասկերանն ունի Մեծ Հայրենականի մեկ վետերան՝ Սաշա Ջհանգիրանը, իսկ ամբողջ շրջանում նրանց թիվը՝ 12 է։ Երկու պատերազմ տեսած վետերանը միայն իր ներկայությամբ մեծ հարգանք, հպարտություն էր առաջացնում հավաքվածների մոտ։ Ով գիտե, թե հիմա ի՞նչ հիշողություններ են նրան համակել, կամ ահասարսուռ պատերազմից ի՞նչ դրվագներ ու չավարտված պատմություններ են նրա մտքում։ Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով մի խումբ ազատամարտիկներ պարգևատրվեցին հուշամեդալներով, որոնցից մեկը՝ հետմահու։ Տոնական միջոցառման երկրորդ մասն անցավ քաղաքային մարզադաշտում՝ հագեցած մարզական և համերգային ծրագրերով։ Իսկ Եռատոնին նվիրված մի շարք մարզական խաղեր օրեր առաջ էին մեկնարկել։ Գեղեցիկ կատարումներով հանդես եկան Ասկերանի մանկական երաժշտական դպրոցի, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի և Աստղաշենի արվեստի դպրոցի սաները։ Համերգային ծրագիրն ընդմիջվեց 400մ վազքի, պարանի ձգման, ծանրաքարի բարձրացման մարզական խաղերով։ Ապա տոնական համերգը շարունակվեց մինչև ուշ երեկո։ Իսկ առջևում մեծ անակնկալ էր սպասվում ասկերանցիներին։ Ինչպես գիտենք բոլորս, ծննդով ասկերանցի, Ասկերանի պատվավոր քաղաքացի, երևանաբանկ Սամվել Գաբրիելյանը միշտ իր ժողովրդի կողքին է, ինչպես որ պատերազմի դաժան տարիներին էր։ Ու նրան այստեղ միշտ սպասում ու սիրում են։ Այս անգամ ազգիս բարերարը նոր երգ էր ձոնել իր չքնաղ բնօրրան Ասկերանին, որի պրեմյերան եղավ հենց մայիսի 9-ին՝ Հաղթանակների օրը։ Հանդիսատեսը սիրով ու խանդավառությամբ ունկնդրեց Հերմինե Խաչատրյանի կատարմամբ §Ասկերան¦ երգը, որը կրկին անգամ հաստատեց Սամվել Գաբրիելյանի անարատ ու անշահախնդիր սերն ու կարոտը չնաշխարհիկ Ասկերանի, նրա սրբավայրերի, տեղամասերի, անառիկ ամրոցների ու ողջ ասկերանցիների հանդեպ։ Վերջում Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարն ի նշան երախտագիտության §Երքաղլույս¦ ՓԲԸ գործադիր տնօրեն Սամվել Գաբրիելյանին և §Արցախ բրենդի կոմպանի¦ ՓԲԸ գործադիր տնօրեն Գեորգի Օհանյանին հանձնեց հուշանվերներ։ Ապա շրջվարչակազմի ղեկավարի պատվոգրով պարգևատրվեցին մարզական խաղերում առաջնակարգ տեղեր զբաղեցրածները, նրանք արժանացան նաև դրամական պարգևների։ Պատվոգրի արժանացավ նաև Ասկերանի մանկական երաժշտական դպրոցի երգչախումբը՝ §Երգող Հայաստան¦ մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական 6-րդ մրցույթի նախընտրական փուլի §Ա¦ կարգում առաջին տեղը գրավելու համար։ Տոնական հրավառությունն էլ ազդարարեց Եռատոնին նվիրված հանդիսավոր միջոցառումների ավարտը։ Հայաստան, Արցախ ու Հայկական Սփյուռք եռամիասնությամբ դեռևս բազում հաղթանակներ ենք կռելու։ Քանզի մեր հայրերի, եղբայրների արյամբ ազատագրված և մայրերի ու քույրերի արցունքներով սրբագործված հողի պատասխանատուներն ու պահապաններն ենք։ Եվ ընդմիշտ հիշում ենք, որ հաղթանակած երկրի զավակներ ենք, ու այդ հաղթարշավների շարունակողը։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |