ԱՅԲՈՒԲԵՆԻ ՏՈՆ |
01.06.2013 22:58 |
Մայիսի 18-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի դահլիճը եռում էր հետաքրքրությունից ու ուրախությունից: Հավաքվել էին դպրոցի տնօրինությունը, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ: Առաջին դասարանցիների առաջին տոնն էր՝ մեսրոպյան այբուբենի տոնը: 22 առաջին դասարանցիներ արդեն կատարել են դեպի գիտություն տանող անդրանիկ քայլերը: Նրանց ոգևորությանը չափ ու սահման չկար, ինչն էլ փոխանցվել էր ներկաներին: Գեղեցիկ զարդարված դահլիճում փոքրիկներն իրենց հպարտ էին զգում, չէ՞ որ այդ օրը նրանց համար իմաստալից օր է, նրանք արդեն տառաճանաչ ու գրաճանաչ են, գիտեն, թե ինչ է հայրենիքը, մայրենի լեզուն, երգն ու երաժշտությունը, հայրենի բնությունը: Այս ամենը նրանց մեջ սերմանել է բազմավաստակ դասվար՝ ընկեր Եղյանը: Թերևս, փոքրիկների համար նա ոչ միայն դասվար է, այլ հարազատ մի մարդ, որը տարիներ ի վեր վաստակել է ողջ հասարակության հարգանքն ու վստահությունը: Առաջին դասարանցիները փայլուն և արտահայտիչ արտասանեցին, երգեցին, պարեցին: Ոգևորված երեխաները ցանկանում էին համոզել, որ կարողանում են գեղեցիկ գրել, կարդալ: Նրանց կատարումները հանդիսատեսի մոտ բերկրանք առաջացրին: Ահավասիկ, այդ փոքրիկներն ապագայում կլինեն բժիշկներ, ուսուցիչներ, քարտաշներ, շինարարներ և հայ ազգին արժանի զավակներ: Դասվար Էլմիրա Եղյանը շնորհավորելով երեխաներին և նրանց ծնողներին այս հիանալի տոնի առթիվ՝ նշեց. -Իմ փոքրիկներն արդեն ունեն դեպի գիտություն տանող բանալին: Նրանք կարողանում են գրել թելադրություններ, արտագրություններ անել և նույնիսկ խնդիրներ կազմել ու լուծել: Յուրացրել են առաջին դասարանցիների համար պահանջվածը: Այս ամենին հասել ենք մեր ծնողների հետ հետևողական աշխատանքների և փոխհամագործակցության շնորհիվ: Կազմակերպված և պատասխանատու ընտանիքներում են դաստիարակվում առողջ և պատրաճանաչ երեխաներ: Համոզված եմ, որ իմ երեխաները կարդարացնեն իմ և իրենց ծնողների հույսերը և նրանց ճանապարհը միշտ կլինի կանաչ և անխոչընդոտ: Դպրոցի տնօրեն Կառլեն Մայիլյանը նույնպես շնորհավորեց երեխաներին. -Հիացած եմ այս գեղեցիկ հանդեսով: Ինչպիսի՜ պարզության, ինչպիսի՜ ոգևորության ականատես եղանք մենք: Փոքրիկներն արդեն տիրապետում են հայկական հրաշալի տառերին, նրանց ուրախությունն այսօր անպակաս է: Այն, որ ծնողները համագործակցում և օգնում են դասվարին, տալիս է իր արդյունավետությունը: Մեզ մնում է պահպանել այս պարզ և անմեղ աչքերը, այնպես անել, որ մատաղ սերունդը պահպանի իր անարատությունը և դաստիարակվի հայեցի ոգով: Ծնողների անունից խոսք ասաց Լիլիթ Ստեփանյանը. -Բոլորի անունից շնորհակալություն եմ հայտնում ընկեր Եղյանին մեր երեխաներին դեպի գիտություն տանող առաջին քայլերն անելու համար: Այսօր դպրոցում ստեղծված են այնպիսի օրինակելի պայմաններ, որտեղ երեխան պարտավոր է լավ սովորել և բարձր պահել դպրոցի և ուսուցիչների պատիվը: Մեր ուսուցիչները ջանք ու եռանդ չեն խնայում երեխաներին ճիշտ դաստիարակելու և ուսում տալու գործում: Ծնողների կողմից երեխաները ստացան պատկերազարդ գրքեր: Տղաներին նվերները հանձնեց դպրոցի տնօրենը, որպեսզի լինեն ուժեղ, պատրաստակամ և նվիրված, իսկ աղջիկներին՝ դասվարը, որպեսզի լինեն համեստ, առաքինի և նրբագեղ: Դասվար Էլմիրա Եղյանը հաճելիորեն զարմացավ, երբ ծնողների կողմից իրենց իսկ ձեռքերով պատրաստած նավ ստացավ: Խորհրդանշական այդ նավն իր 22 նավաստիներով սկսել էր իր առաջին նավարկությունը, որի նավապետն ու պատասխանատուն ինքը՝ դասվարն էր: Ինչ խոսք, առաջին դասարանցիների այբուբենի տոնին երեխաները լավ էին նախապատրաստվել: Համոզված ենք, որ նույն պատասխանատվությամբ նրանք կշարունակեն սովորել և հասնել բազում հաջողությունների ուսման բնագավառում: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |