ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱՆ |
01.06.2013 22:59 |
Մայիսի 22-ին Ասկերանի շրջանային մշակույթի տանը կազմակերպվեց գրական գեղարվեստական ցերեկույթ՝ նվիրված բանաստեղծ Վարդան Հակոբյանի ծննդյան 65-ամյակին: Մասնակցում էին բանաստեղծի գրչընկերները, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանը, հյուրեր, ուսուցիչներ, դպրոցականներ: Միջոցառումը նախաձեռնել էր Ասկերանի Գուրգեն Գաբրիելյանի անվան կենտրոնական գրադարանի աշխատախումբը: Բացման և ողջյունի խոսքով հանդես եկավ Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Ռ.Մկրտչյանը. -Հարգելի հյուրեր, ընթերցասեր հասարակություն, այսօրվա գրական-գեղարվեստական ցերեկույթը նվիրված է բանաստեղծ, գրականագետ, հրապարակախոս, Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանին: Օրերս լրացավ նրա ծննդյան 65-ամյակը: 65 տարին ակնթարթ է ժամանակի հոլովույթում, իսկ մարդու համար տարիք՝ հանրագումարելու արածը, մի պահ հետ նայելու անցած ճանապարհին ու ներկայի միջոցով անցնելու դեպի ապագան: Անվանի բանաստեղծի կյանքն ու գործունեությունը սերտորեն կապված է Արցախ աշխարհի հետ: Նա հայրենի երկրի նվիրյալ է, նրա հոգսերով տառապող, նվաճումներով՝ հպարտացող: Մեզ՝ արցախցիներիս համար մեծ պատիվ է մեր շարքերում ունենալ Վարդան Հակոբյանի նման մարդու, ում կյանքը տոգորված է Արցախի բարօրության և հզորացման վեհ գործով: Ցերեկույթը վարում էր ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատի փոխտնօրեն Նարինե Աղաջանյանը: Ահավասիկ, հավաքույթի դրդապատճառը Վարդան Հակոբյանի պոեզիան է, նրա հանդեպ ունեցած սերն ու հարգանքը, քանզի ամեն մի արցախցու ծանոթ է նրա անունը, նրա գործունեությունը, բոլորը գիտեն, որ նա է Արցախի պետական օրհներգի հեղինակը: Վարդան Հակոբյանը բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, Արցախի գրողների միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նա երեք տասնյակ բանաստեղծական, գրականագիտական և մշակութաբանական ժողովածուների հեղինակն է, զբաղվում է նաև մանկավարժական գործունեությամբ: Վարդան Հակոբյանն ինքնատիպ անհատականություն է : Ինչքան որ հրաշալի բանաստեղծ է, նույնքան անփոխարինելի ամուսին, հոգատար հայր և պապիկ է՝ անմնացորդ նվիրված իր հարազատներին: Մի առանձնակի սիրով էր սիրում իր ծնողներին և մի քանի քնքուշ բանաստեղծություններ է ձոնել նրանց: Երիցս իրավացի էր Սիլվա Կապուտիկյանը, երբ ասաց,-՛՛ Արցախի բանաստեղծը միայն բանաստեղծ չէ՛՛: Իրավ, այդպես է: Վարդան Հակոբյանի համար չկա մեծ և փոքր խնդիր. կա խնդիր, որը պիտի լուծվի ի շահ գրականության, ի նպաստ Արցախի բարգավաճման: Դժվար է Արցախում ապրող բանաստեղծի գործը: Ինչպես ասում են Ղարաբաղի բանաստեղծները եռակի բանաստեղծ են, ավելին են, քան բանաստեղծները: Մեծ էր Վարդան Հակոբյանի դերակատարությունն սկսած 88-ի ցույցերից մինչև անկախություն: Ինչ արժե միայն նրա հայտնի ելույթը մարզխորհուրդի պատմական նստաշրջանում: Նա հիմնադրել է ՛՛Արցախ՛՛ գրական-գեղարվեստական հանդեսը, ՛՛Եղիցի լույս՛՛ ամսաթերթը, ՛՛Պլը-Պուղի՛՛ երգիծական հանդեսը, ՛՛Նարեկ՛՛ հանդեսը: Նա զբաղվել է նաև դրամատուրգիայով: Արցախյան պատերազմի տարիներին գրել է ՛՛Արցախյան բալլադ՛՛ հերոսական դրաման, որն իր կարևոր գործն արեց հայ ժողովրդի ոգու կորովը պահպանելու գործում: Վարդան Հակոբյանը պոետ է՝ և լավ պոետ, սակայն նա նաև երգիծաբան է : Արցախի ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը ներկայացրեց նրա ՛՛Կատու՛՛ երգիծական ստեղծագործությունը: Այն հանդիսատեսի վրա, բացի ծիծաղի պոռթկումներից, նաև խորիմաստ ազդեցություն թողեց: Իրավ, Վարդան Հակոբյանը դիպուկ էր ներկայացրել իրական կյանքի պատկերը: Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներն ասմունքեցին բանաստեղծի, մեծն արցախցու ստեղծագործությունները, ներկայացրին նրա ՛՛Պլը-Պուղի՛՛ երգիծական փոքրիկ բեմականացումը և մեծ խինդ հաղորդեցին դահլիճին: Վարդան Հակոբյանն իր էությամբ, արտաքինով խրոխտ է, առնական՝ մեր լեռների պես: Սակայն նա ունի քնքուշ ու նուրբ հոգի և ինչպես իսկական բանաստեղծները, անտարբեր չէ գեղեցիկի նկատմամբ: ՛՛Բերդ՛՛ ժողգործիքների համույթն իր գեղեցիկ կատարումներով, իսկ Ասկերանի ՄՊՍԿ-ի սաներն / պարուսույց՝ Մերի Գաբրիելյան/ իրենց անզուգական պարով ավելի մեծ տոնական տրամադրություն պարգևեցին ներկաներին: Վարդան Հակոբյանի գրչընկեր, բանաստեղծ Ռոբերտ Եսայանը շնորհավորելով հոբելյարին տարեդարձի առթիվ՝ ասաց. -Իրավ, պոեզիան միավորում է մարդկանց, ստեղծում է հոգու տոն: Վարդան Հակոբյանը մեծ բանաստեղծ է, իսկական հայ, նա աստծո պարգև է մեր ժողովրդի համար: Ստեղծելով ճանաչողական մեծ դաշտ՝ նա սերունդներին ցույց է տվել մեր պատմության ճանապարհը, նրա խորքը: Այսօր, Վարդան Հակոբյանն ունի իր հավատարիմ ընթերցողը: Նրա ստեղծագործությունները թարգմանվում են տարբեր լեզուներով, նա իր առանձնահատուկ մտածողությամբ, իր յուրօրինակ կոդավորումով բերեց իր ձեռագիրը, ունեցավ համամարդկային արժեք: Ասկերանի կենտրոնական գրադարանի տնօրեն Նունե Կարապետյանը նույնպես շնորհավորեց հոբելյարին, նշելով, որ նման միջոցառումները մեր հասարակության համար հոգևոր սնունդ են և խթան են հանդիսանում ընթերցողների ու մատաղ սերնդի աշխարհայացքի զարգացմանը: Գրադարանի տնօրենը բանաստեղծին մաղթեց առողջություն և գրական մտքի հավերժ որոնում: Սրտառուչ և անմիջական էր Վարդան Հակոբյանի խոսքը. - Բնական է, որ պետք է հուզվեմ: Իհարկե, չէի կարող չընդունել և չմասնակցել Գուրգեն Գաբրիելյանի անունը կրող գրադարանի կազմակերպած միջոցառմանը: Ինքս եմ նախաձեռնել, որ գրադարանը կրի այդ մեծ հայի անունը: Բացի այն, որ նա Ասկերանի շրջանից է, նա նաև մեր ողջ ժողովրդի մեծագույն զավակն է: Խոսքեր չեմ գտնում ներկայացնելու իմ բերկրանքն ու գնահատանքը օրվա գեղեցիկ միջոցառման համար: Կարևորն այն է, որ հավաքվել ենք խմբովին, կիսում ենք անցյալն ու ներկան: Ասկերանն արժանի է ամենաբարձրին, քանզի Արցախյան շարժման հենց առաջին օրերից մասնակցեց շարժմանը և ունեցավ իր առաջամարտիկները: Մենք հաղթանակների, միասնականության շնորհիվ ենք հասել այսօրվա կյանքին: Պատգամում եմ բոլորիդ սիրել կյանքը, մեր հողը, մեր արմատները: Չկա ավելի մեծ արժեք, քան ապրել ու արարել հարազատ հողում, որի շարունակությունը մենք ենք: Խոնարհվում եմ Ասկերանի շրջանի բոլոր նահատակների առջև և համոզմունք հայտնում, որ նրանց անավարտ գործի շարունակողը կլինի ապագա սերունդը: Միջոցառմանը մեծ շուք տվեցին ՛՛Հայաստան՛՛ և ՛՛Օջախ՛՛ բանաստեղծությունները, որոնք հեղինակը ներկայացրեց հանդիսատեսի ուշադրությանը: Վերջում Ասկերանի կենտրոնական գրադարանի և Ասկերանի շրջարհմիության կողմից Վարդան Հակոբյանն արժանացավ հուշանվերների: Ահավասիկ, ներկաները մեծ բավականություն և հոգևոր սնունդ ստացան օրվա միջոցառումից: Ինքնին հպարտություն է անձնապես հանդիպել հայտնի արցախցու, մեծ հայրենասերի հետ, լսել նրա ստեղծագործությունները, գիտակցել և արժևորել նրա մեծությունը: Այո՛, մենք հպարտ ենք, որ Արցախն ունի Վարդան Հակոբյան: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|