ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻ ԲԱՑՈՒՄ ՊԱՏԱՐԱՅՈՒՄ
02.06.2013 18:05

   Հետպատերազմական Արցախում չկա մի տոն օր կամ միջոցառումը, որը չսկսվի հարգանքի տուրք մատուցելով Հայրենիքի ազատության համար նահատակված քաջորդիների հիշատակին։ Օրերս այդ հուշարձանների թիվն ավելացավ ևս մեկով։ Այս անգամ յուրահատուկ հուշահամալիր կառուցվեց Պատարա գյուղում՝ Հայրենիքի ազատության և անկախության զոհասեղանին թանկագինը՝ իրենց կյանքը նվիրաբերած պատարեցիների հիշատակին։ Մայիսի 20-ին տեղի ունեցավ հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը,

 Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, կառավարության անդամներ, բարձրաստիճան սպաներ, հյուրեր, պատարեցիներ։
Տեղացող հորդառատ անձրևն արգելք չհանդիսացավ հուշահամալիրի բացման արարողությունը բարձր մակարդակով անցկացնելու համար։ Չէ՞ որ տղաները կռվում էին անսալով ցուրտն ու տոթը, անձրևն ու ձյունը, ու բնության ոչ մի արհավիրք չէր կարող և ի զոր չէր խանգարելու նպատակադրվածը՝ հայրենիքի ազատագրության համար պայքարելը։ Պատարեցիները մարտնչեցին բոլոր ուղղություններով՝ մինչև հրադադար։ Այսօր էլ նրանցից շատերը շարունակում են իրենց վեհ գործը՝ ծառայելով հայրենիքին և կուտակած փորձն ու գիտելիքները փոխանցելով մատաղ սերնդին։
- Հուշարձան կառուցելը ոչ միայն նշանակում է հավերժացնել մարտիրոսվածների հիշատակը, այլև վերջիններիս հերոսական օրինակով դաստիրարակել երկիրը ճանաչող և սիրող հայրենապաշտ հերթափոխ,- հուշակոթողի բացման արարողության ժամանակ ասաց Պատարայի միջնակարգ դպրոցի տնօրեն Արտուր Ջհանգիրյանը։
- Այս հուշարձանն ամեն անգամ մեզ պետք է հիշեցնի, որ Հայրենիքի ազատության ու անկախության համար թանկ գին է վճարվել։ Այն կլինի մխիթարանք հարազատներին, իսկ մեզ բոլորիս համար ազդանշան՝ մշտարթուն, զգոն ու ուշադրի լինելու, որպեսզի նման արհավիրք, պատերազմ այլևս չկրկնվի մեր հայրենիքում, որի ազատության համար ամենաթանկ գինը վճարված է,- իր ելույթում ասաց Պարգև սրբազան Մարտիրոսյանը։
- 155 պատարեցիներ ստեղծելով առանձին մարտական միավորում մասնակցել են արցախյան ազատամարտին և մարտնչել մեր հանրապետության տարբեր վայրերում։ Այդ հերոսներից 23-ն իրենց կյանքն են զոհաբերել հանուն հայրենիքի ու մեր սուրբ գործի՝ Հաղթանակի։ Հավերժ փառք ու պատիվ հայրենիքի բոլոր նահատակներին ու նվիրյալներին։ Մենք պարտավոր ենք հիշել բոլորին՝ անուն առ անուն։ Պարտավոր ենք ավարտին հասցնել նրանց կիսատ թողած գործը, շարունակել կերտել Արցախի ազատ ու անկախ պետականությունը, զարգացնել և զորացնել այն։ Վստահ եմ, որ ներկա և գալիք սերունդներին կհաջողվի պատվով իրականացնել այդ սրբազան առաքելությունը։ Վստահ եմ, որ նման հերոսական պատմություն ունեցող ժողովուրդն այլընտրանք չունի,- ասաց երկրի նախագահ Բակո Սահակյանը։
Վերջում մի խումբ ազատամարտիկներ Արցախի Հանրապետության նախագահի կողմից պարգևատրվեցին պետական պարգևներով և արժեքավոր նվերներով։ Պարգևներ հանձնեցին նաև Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը և ԼՂՀ ազատամարտիկների միության վարչության նախագահ Սամվել Կարապետյանը։
Հուշարձան-կոթողի շինարարությունը տևեց շուրջ չորս տարի, ինչը վերջապես հնարավոր դարձավ ավարտին հասցնել գյուղաբնակների և առանձին բարերարների համառ ջանքներով։ Ինքնատիպ համալիրի վերջին ու թերևս հիմնական փուլը հովանավորել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար, ծննդով պատարեցի Սուրեն Խաչատրյանը։
- Յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է իր ծննդավայրի համար որևէ մնայուն գործ կատարելը։ Իսկ քանի որ խոսքը գնում էր իմ նահատակված ընկերների հիշատակը հավերժացնող հուշակոթող կառուցելու մասին, ես չէի կարող դրան կողքից դիտել, քանզի յուրաքանչյուրս մեծ պարտք ունենք մեր հերոսացած ընկերների առջև,- ասաց Սուրեն Խաչատրյանը։
- Այսօրվան մենք շատ երկար ենք սպասել։ Շուրջ 4 տարի է, ինչ այստեղ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Վերջապես մենք կարող ենք հանգիստ լինել, որ մեր հերոս տղաների պատվին կարողացանք կանգնեցնել այս յուրատիպ հուշարձան-կոթողը։ Հարկ է նշել, որ այն կառուցվել է ողջ պատարեցիների հանգանակությունների շնորհիվ, ինչի համար իմ երախտագիտությունն ու շնորհակալությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր լումա են ներդրել այս սուրբ գործում։ Առաջիկայում ևս ակնկալում եմ իմ համագյուղացիների աջակցությունը, որ այսպես ուս-ուսի տված մեր գյուղը տանենք դեպի բարեկեցություն, դեպի գեղեցիկ ու բարգավաճ ապագա,- ասաց Պատարայի համայնքի ղեկավար Կարեն Արզումանյանը։
Ելույթներ ունեցան զոհված ազատամարտիկ Արթուր Գրիգորյանի որդի՝ զինվորական Ստեփան Գրիգորյանը, գնդապետ Ջալալ Հարությունյանը։ Հայրենասիրական տոկուն ու ազատաբաղձ ոգով հանդես եկան Պատարայի միջնակարգ դպրոցի սաները։
Համոզված ենք, որ Արցախյան ազատամարտում նահատակված պատարեցիների անունները անմահացնող հուշակոթողն այսուհետ յուրօրինակ ուխտատեղի կդառնա, սրբավայր՝ առանց որին այցելության գյուղում որևէ միջոցառում չի անցկացվի։ Այն 23 քաջորդիների անավարտ պատմությունների, կենսագրությունների, սխրագործությունների խոսուն վկան է, իսկ ներկա և գալիք սերունդների համար հայրենասիրական դաս, որով կդաստիարակվեն բազում հայրենասեր սերունդներ...

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter