ՄԱՅԻՍԻ 23-Ը՝ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՕՐ
02.06.2013 18:19

 2010 թվականից ԼՂՀ կառավարության որոշմամբ մեր տոնացույցում մայիսի 23-ը նշվում է որպես լրագրողների մասնագիտական տոն օր։ Այն աշխատանքային է, ինչից լրագրողները չեն դժգոհում, քանզի տոն ու հանգստյան օրերին էլ աշխատելուն սովոր են։ Առանց այս մասնագիտության տեր մարդկանց դժվար թե կարողանայինք իմանալ, թե ինչ է կատարվում մեր շրջապատում, աշխարհում, մարդիկ ինչպես են ապրում այլ երկրներում։ Թերթեր, ամսագրեր, ռադիո - հեռուստատեսային ծրագրեր՝ սրանք լրագրողների աշխատանքի պտուղներն են։ Լրագրողի խոսքից շատ բան է կախված, 

և շատ բան կարող է փոխել ինչպես հասարակության շրջանում, այնպես էլ մեծ քաղաքականության մեջ։
Այս տարի Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպումը համընկավ վերջերս լույս տեսած Լրագրողական հանրագիտակ գրքի շնորհանդեսի հետ։ Հանրագիտակում ներառված են ծննդով արցախցի կամ Արցախում լրագրողական գործունեության ծավալած լրագրողների կենսագրականները՝ լրացուցիչ տվյալներով։ Արցախի ժուռնալիստների միությունը մինչ այս հանրագիտակը տպագրել էր ավելի փոքր ծավալի լրագրողական տեղեկատուներ, որոնցում հիմնականում տեղ են գտել ԱրԺՄ անդամների և ներկայումս գործող այլ լրագրողների կենսագրական հակիրճ տվյալները։ Իսկ այս հանրագիտակում հնարավորինս ընդգրկվել են արցախյան լրատվադաշտի հին ու նոր սերունդների ներկայացուցիչները։ Այս բավականին ծավալուն և դժվարին ձեռնարկմանը ցավալիորեն ոչ բոլորն են արձագանքել։ Ուստի և նախատեսված 600 կենսագրականներ ընդգրկելու փոխարեն այս թիվը հասել է 447-ի։ Ինչպես նշեց հանրագիտակի գիտախմբագրական խորհրդի նախագահ Մհեր Հարությունյանն աշխատանքի ընթացքում նաև բացահայտումներ են եղել.
- Երբ աշխատում էի Հայաստանի ազգային արխիվում այնտեղ հանդիպեցի այնպիսի լրագրողների և մտավորականների անունների, որոնց ծանոթ չէի, քանի որ հանրագիտակում որոշել էինք ներառել լրագրողական պատմության վերջին 140 տարիները։ Սակայն սա դեռ սկիզբն է, մենք դեռ անելիքներ շատ ունենք։ Արդեն տասնյակի հասնող նոր կենսագրականներ ենք ի հայտ բերել, ուստի աշխատանքները դեռևս շարունակվում են։
- Նման հանրագիտակ տպագրելով մենք արժևորել ենք բոլորիս աշխատանքը։ Շնորհավորում եմ իմ բոլոր գործընկերներին մասնագիտական տոնի առթիվ։ Լինենք համերաշխ, համարձակ և անաչառ, մեր գործի իսկական գիտակը, քանզի մեր աշխատանքը կարևոր է մեր պետության ու մեր ժողովրդի համար։ Հնարավոր չէ փոքր կազմով նման լայնածավալ աշխատանք իրականացնելը, ուստի մենք ակնկալում ենք մեր գործընկերների մասնակցությունը հետագա հրատարակմանը, որպեսզի թերություններից զերծ մնանք,- իր խոսքում ասաց Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կ. Գաբրիելյանը։
Մայիսի 23-ին լրագրողները հանդիպել են այն նույն դահլիճում, որտեղ տարիներ առաջ ծնունդ է առել լրագրողական տոն ունենալու գաղափարը։ Մասնագիտական տոնին հանդիպում կազմակերպելը և լրագրողների դատին հանրագիտակը հանձնելը ևս մի առիթ է լայն կազմով ոլորտում առկա խնդիրները քննարկելու և հնարավորինս դրանց լուծում տալու համար։
Անհերքելի է այն փաստը, որ բավականին պատասխանատու, ծանր ու ահռելի աշխատանքն արդեն կատարված է, և ստեղծված է ապագա սերունդների համար հետաքրքիր տարեգրություն։ Իսկ անթերի ոչինչ չի լինում, այս ձեռնարկը պետք է ընդունենք թերություններով հանդերձ և մեր համախմբված ու կոլեկտիվ աշխատանքով ջանանք հնարավորինս շտկել դրանք։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter