ԹՈՂ ԻՐԱԿԱՆԱՆԱՆ ՁԵՐ ԲՈԼՈՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ |
02.06.2013 18:21 |
Դպրոցական §Վերջին զանգ¦…Ահա այն բաղձալի օրը՝ պարուրված խինդ ու ծիծաղով, արտասվաթոր ու հուզումնառատ դեմքերով, շնորհակալ և նրբանկատ հայացքներով: Յուրաքանչյուր մարդու կյանքում մեծ և նշանակալից տեղ ունի իր հարազատ դպրոցը: Հարազատ մի օջախ, ուր կարելի է ստանալ և՛ մայրական գուրգուրանք, և՛ օրինակելի դաստիարակություն, ուր սովորում են սիրել մորը, Հայրենիքը, ուսուցչին: Դպրոցում են կատարվում երեխայի առաջին գիտակցական քայլերը և նրա մեջ իմաստավորվում, որ ինքն է ապագա տերն ու քաղաքացին մեր երկրի: Ի շնորհիվ մեր ուսուցիչների երեխայի մոտ ձևավորվում է մարդ-անհատը: Քայլ առ քայլ երեխան հասունանում և ահա…Վերջին զանգ: Այս օրն անմոռանալի մի օր է ցանկացած մարդու համար: Օր, որը լի է սպասումներով, հույզերով, անակնկալներով ու իղձերով: Թևեր առած պատանիներն ու աղջիկներն ասես ազատ թռչուններ լինեին, որ մեկ ցանկանում են րոպե առաջ սավառնել դեպի նոր կյանք, մեկ էլ կարոտակեզ հայացքով հետ են նայում ու հուշերի մեջ ընկնում: Իսկ հուշերն այնքա՜ն իմաստավորված են և այնքա՜ն սիրելի: 12 երկար տարիներ են կապում այդ երեխաներին, տարիներ, որոնք մի մեծ ու համերաշխ ընտանիքի վերածեցին նրանց: Այսօր այնքան զավեշտական են թվում այն փոքրիկ միջադեպերը, վիճաբանությունները, որ շրջանավարտները քմծիծաղով են հիշում: Նրանք, արդեն իսկ կարոտում են իրար, դպրոցը, սիրելի ուսուցիչներին: Երեխաներից յուրաքանչյուրը որպես մի հրաշագեղ ծաղիկ, համերաշխորեն վերածվել էին բազմերանգ, հոտավետ ու ծաղկափթիթ մի ծաղկեփնջի: Նրանք իրենց բուրմունքն ու շնորհքը սփռել, զարմացնել ու հիացնել էին կամենում:
Այսօր, մի յուրահատուկ հուզմունք է պատել ինձ… Ծնողական բերկրանքս անպատմելի է, իսկ հպարտությունս՝ ակնբախ: Ես, որ կրթվել և դաստիարակվել եմ Ասկերանի միջնակարգ դպրոցում, ուր ինձ դասավանդել են աշխարհի ամենաբարի և ամենալավ ուսուցիչները, այսօր քառապատկվում է իմ ուրախությունը, քանզի դուստրս է ավարտում նույն դպրոցը: Այո՛, ես հպարտ եմ, որ նա սովորել է հենց այդ դպրոցում ու՝ աշակերտել իմ ուսուցիչներին և ավելի երիտասարդ սերնդի կատարելագործված մասնագետներին: Հիրավի, մարդու կյանքում գալիս է մի պահ, երբ նա իր մեջ տեսնում է այն ամենը, ինչ ձեռք է բերել, ինչին հասել է, անտարակույս, հենց դպրոցական տարիների շնորհիվ: Երախտագիտության խոսքեր չասել Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցիչների հասցեին, թերևս, հնարավոր չէ: Բարեհամբյուր, հոգատար և մարդկային բյուր արժեքներով օժտված մե՛ր ուսուցիչներ… §Վերջին զանգին¦ ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, կրթության բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանը, քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը, հյուրեր, ասկերանցիներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ դպրոցի կազմակերպիչ Աիդա Գյանջումյանը. -Այսօր, Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում կհնչի 60-րդ վերջին զանգը: 19 աշակերտ ավարտելով դպրոցը՝ մտնում են նոր կյանք: Ձեզ սպասվում է հետաքրքիր և անակնկալներով լի կյանք, որը պետք է դուք ապրեք այնպես, որպեսզի կարողանաք ժպտալով ընդունել կյանքի տված լույսն ու խորհուրդը: Հիշեցեք, որ մարդու կյանքի ամենապայծառ էջերը կապված են դպրոցական կյանքի հետ: Շրջանավարտներից առավել հուզված են նրանց ծնողները, առանձնապես՝ մայրերը: Շնորհավորենք բոլոր ծնողներին այս անմոռանալի օրվա առթիվ: Դպրոցի տնօրեն Կառլեն Մայիլյանն իր ելույթում նշեց. -Ի սրտե շնորհավորելով ձեզ այս նշանակալից տոնի առթիվ, միաժամանակ հույս եմ հայտնում, որ դուք կդառնաք մեր ազգին արժանի անհատներ, կընտրեք ճիշտ մասնագիտություն և կդառնաք կատարելագործված մասնագետներ և միշտ բարձր կպահեք հարազատ կրթօջախի անունը: Համոզված եմ, որ դուք կհիշեք բորոր ուսուցիչներին, կգնահատեք նրանց անխոնջ ու նվիրական աշխատանքը: Այսօր, տեսնում եմ սոսկ ժպտադեմ և զվարթ դեմքեր: Ցանկանում եմ, որպեսզի խինդն ու ծիծաղը երբեք չիջնի արցախցու դեմքից: Հիշենք, որ մենք պահապանն ենք մեր սուրբ երկրի: Դպրոցի շրջանավարտները ողջունեցին սիրելի ուսուցիչներին, հյուրերին: Նրանք արտասանեցին, երգեցին: Ելույթները լի էին կարոտով, թախիծով: Հուզմունքից շառագունած աշակերտներն իրենց սրտի խոսքն էին հղում հարազատ դպրոցին: Նրանք քաջ գիտակցում էին, որ հասել են այն սահմանին, որտեղ վերջանում է մանկությունը և սկսվում նոր կյանք: Չգիտես ինչու, հատկապես այս օրն էին զգում, թե ինչ էին նշանակում ուսուցիչների դիտողությունները, խորհուրդները և այդ բոլորը մի նպատակ էին հետապնդում. կառուցել իրենց պատանեկան հոգու տաճարը, դարձնել անձնավորություն, անհատականություն, նախապատրաստել դժվարություններով լի մեծ կյանքին: Աշակերտները երախտագիտության խոսք էին ուղղում դպրոցի բոլոր ուսուցիչներին, որոնցից շատերն անգամ իրենց չէին դասավանդել: Բոլոր ուսուցիչները նրանց համար հարազատ էին ու սիրելի: Նրանք գնահատեցին դասվարներ Լարիսա Բախշիյանին, Միրա Հայրապետյանին իրենց տառաճանաչ դարձնելու, առաջին գիտակցական քայլերն անելու համար, արժևորեցին դասղեկներին, որոնց համարում էին երկրորդ մայրեր: Նրանց շնորհիվ են սովորել հավատալ բարուն, լինել մաքուր, ազնիվ ու մտածել առաջ քայլելու մասին: Հիրավի, աշակերտներն այս օրվան երկար են սպասել: 12 տարի կողք-կողքի նստած ընկերներն իրար հրաժեշտ տալով՝ կգնան տարբեր ճամփաներով և հեքիաթային այս աշխարհից հետո նրանց համար կհնչի դպրոցական վերջին զանգը: Շրջանավարտներն, ինչպես սրբության խորանի առջև, երդվեցին երբեք չմոռանալ սիրելի ուսուցիչներին, բարձր պահել նրանց անունները և կյանքում ընտրել արդար ճանապարհ: Նրանք իրենց հետ տանում են վերջին զանգի ղողանջները, ուսուցիչների անուշ դեմքերը, դեպի կյանք տանող նրանց պատգամը: Դպրոցի կազմակերպիչ Աիդա Գյանջումյանն անցկացրեց շրջանավարտների վերջին բաց դասը, որը միջոցառմանը թարմ շունչ և մեծ անակնկալ պարգևեց: Կազմակերպչի հարցերն ու աշակերտների պատասխանները զավեշտի և հետաքրքրության ալիքներ բարձրացրին ներկաների շարքերում: Դասը կշռադատված էր, խոսքերը դիպուկ էին և ծիծաղաշարժ: Օրը լի էր տարբեր անակնկալներով: Լսելով շրջանավարտների բաց դասը՝ 11-րդ դասարանի աշակերտները ներակայացրին դատավարության վճիռը և ընդունեցին էստաֆետը: Շրջանավարտներին շնորհավորեցին նաև առաջին դասարանի աշակերտները և իրենց գեղեցիկ ելույթներով հաճելի հիշողություններ արթնացրին: Դասղեկ Էլեոնորա Սարգսյանը և դասվար Միրա Հայրապետյանը շրջանավարտներին մաղթեցին ամենայն բարին, հույս հայտնեցին, որ նրանք կլինեն հասարակության համար պիտանի մարդիկ և Արցախ աշխարհի հզորացման գործում յուրաքանչյուրը կունենա իր ներդրումը: Արդարև, մարդու համար դպրոցական կյանքն ամենաանմոռանալի և լուսապայծառ ժամանակաշրջանն է: Շրջանավարտներին շնորհավորելու և հարազատ դպրոցին երախտագիտության խոսք ասելու էին եկել 10 և 20 տարի առաջ դպրոցն ավարտած և արդեն կյանքում իրենց տեղը գտած շրջանավարտները: Բոլորի պատգամը մեկն էր. նախ և առաջ լինել լավ մարդ: Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը շնորհավորեց շրջանավարտներին, նշելով՝ - Այսօր, ձեր կյանքում կարևոր օր է: Մտնում եք նոր կյանք, սակայն այնքա՜ն եք հիշելու դպրոցական տարիները և ձեր ուսուցիչներին: Այսօր դուք ցույց տվեցիք այն համախբվածությունը, սերն ու հարգանքը, որ տածում եք միմյանց հադեպ: Ականատեսը եղանք մի հիանալի միջոցառման, որի կայացման գործում մեծ և նվիրական աշխատանք է իրականացրել կազմակերպիչ Աիդա Գյանջումայնը: Որտեղ կա համագործակցություն, այնտեղ կլինի նաև արդյունավետություն: Կոչ եմ անում կյանքի հորձանուտում լինել բարեհոգի ու հանդուրժող և կյանքում զբաղեցնել միմիայն պատշաճ տեղեր: Շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը շնորհավորելով շրջանավարտներին և ուսուցիչներին վերջին զանգի կապակցությամբ դպրոցին նվիրեց գեղարվեստական նկար։ Իսկ սովորողների կրթության և դաստիարակության գործում ունեցած ավանդի և դպրոցի 60-րդ թողարկման կապակցությամբ մի շարք ուսուցիչների պարգևատրեց շրջվարչակազմի պատվոգրով։ Միջոցառման վերջում դպրոցի տնօրենն ամփոփեց տարվա արդյունքները և դպրոցի մի շարք ուսուցիչներ և աշակերտներ պարգևատրվեցին պատվոգրերով: Շրջանային և հանրապետական օլիմպիադաներում մրցանակային տեղեր զբաղեցրած մի շարք աշակերտները, §Բրեյն ռինգ¦ ինտելեկտուալ խաղ-մրցույթի մասնակիցները , §Արծվիկ¦ ռազմամարզական թիմը դպրոցի նախկին շրջանավարտներ Սասուն Բարսեղյանի, Գևորգ Շահրամանյանի, Արթուր Հարությունյանի կողմից պարգևատրվեցին դրամական պարգևներով, հուշանվերներով, մարզական իրերով և պատվոգրերով: Արթուր Հարությունյանի, Հակոբ Ղահրամանյանի և Ալյոշա Գաբրիելյանի անմիջական աջակցությամբ դպրոցի երկու դասարաններ կմեկնեն էքսկուրսիա՝ դեպի Արցախի պատմամշակութային վայրեր: Դպրոցի տնօրենը հատուկ շնորհակալություն հայտնեց Ասկերանի պատվավոր քաղաքացի Սամվել Գաբրիելյանին՝ դպրոցին նվիրած գունազարդ հայրենասիրական պլակատների համար, ինչպես նաև տեղեկացրեց ծնողներին, որ նոր ուսումնականում բարերարի կողմից առաջին դասարան հաճախող երեխաներին կտրամադրվեն դպրոցական պայուսակներ՝ գրենական պիտույքներով։ Հիրավի, միջոցառման մասնակիցները հեռացան հաճելի տպավորություններով, մեղմ տրամադրությամբ պարուրված: Հավանաբար, յուրաքանչյուրը մտաբերեց իր վերջին զանգը, իր դպրոցն ու ուսուցիչներին: Համոզված եմ, ամեն ոք իր հոգու խորքում մանկացել, մի առանձին ջերմությամբ էր լցվել: Պարզապես, ամենքը վերապրելով իրենց վերջին զանգը՝ 2012-2013 ուստարվա 19 շրջանավարների համար պայծառ ապագա և խաղաղ ու ջինջ երկինք էին երազում: Ձեզ բարի երթ, սիրելի՛ շրջանավարտներ: Թո՛ղ իրականանան բոլոր այն նպատակները, որ ունեք Ձեր սրտերում: Կարինե Բախշիյան
Հ.Գ. Շրջանավարտների ծնողների անունից երախտագիտություն ենք հայտնում Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչական ողջ կոլեկտիվին, տեխնիկական աշխատողներին: Ձեր անխոնջ աշխատանքը, նվիրումը բազմիցս գնահատված է մեր կողմից: Դուք իրականացրել եք ամենադժվարինը՝ մեր երեխաներին տալով ուսում և արժանավայել դաստիարակություն: Դուք մեծահոգաբար արել եք այն, ինչը կաներ յուրաքանչյուր ծնող իր զավակի համար: Հույս ենք հայտնում, որ մեր և ձեր երեխաները բարձր կպահեն Էդմոն Բարսեղյանի վեհ անունը կրող դպրոցի պատիվը:
Շրջանավարտների ծնողներ
|