ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ ԽՆԱՊԱՏՈՒՄ
02.06.2013 18:36

  Վերջին զանգի տոնական տրամադրությամբ խնապատցի շրջանավարտները վաղ առավոտից հավաքվել էին հարազատ կրթօջախում, որտեղ ավանդական վերջին զանգը հնչեցնելուց հետո հավաքվեցին գյուղական ակումբում։ Այստեղ նրանց անհամբերությամբ սպասում էին ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները։ Շրջանավարտներին շնորհավորելու ու բարեմաղթանքներ ասելու էին եկել նույն դպրոցի շրջանավարտներ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, կրթության բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանը։ 
 Բացման խոսքով հանդես եկավ շրջանավարտների դասղեկ Անահիտ Առստամյանը՝ բեմահարթակը տրամադրելով օրվա հերոսներին։ Նրանք իրենց իսկ մտահղացմամբ կազմած սցենարով գեղեցիկ պահեր պարգևեցին հանդիսատեսին։ Ակումբում թևածում էր անհոգ երգն ու ծիծաղը։ Ստեղծվել էր անմիջական ու ջերմ մթնոլորտ, և հիրավի, մտովի յուրաքանչյուրն ընկել էր հիշողությունների գիրկը, այն պահերը, երբ իրենք էին հրաժեշտի խոսքեր ասում իրենց ուսուցիչներին ու հարազատ կրթօջախին։ Ելույթների հետ մեկտեղ ցուցադրվում էին կադրեր շրջանավարտների մանկությունից, ինչն ավելի գունեղ էր դարձնում վերջիններիս ելույթները։ Շրջանավարտներին շնորհավորանքի խոսքեր ասացին շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, կրթության բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանը, դպրոցի տնօրեն Զավեն Բեգլարյանը։
- Այսօր քան երբևէ դուք պարտավորված եք ձեր ծնողների, ուսուցիչների առջև։ Ուսումնառության տարիներին ձեռք բերած հաջողությունները որպես մեկնակետ ընդունելով, համոզված եմ, կկարողանաք բազում խոչընդոտներ հաղթահարելով Արցախի Հանրապետության համար պիտանի մարդիկ դառնալ։ Միշտ հիշեք, որ դուք այն քաջ մարտիկների հետնորդներն եք, ովքեր հայրենիքի զոհասեղանին դրեցին ամենաթանկը՝ կյանքը։ Ձեր ամենօրյա բան ու գործով պետք է ապացուցեք, որ հարկ եղած դեպքում գրչի տեղ թուր կբարձրացնեք։ Թող ձեր հայրենասիրական ոգին միշտ տոկուն լինի, իսկ դեպի մեծ կյանք տանող ճանապարհը՝ անփորձանք։ Բարի երթ,- իր խոսքում ասաց Սերգեյ Գրիգորյանը։
Իսկ զոհված ազատամարտիկ Արտուր Հայրապետյանի մայր Ասյա Հայրապետյանը շնորհավորելով վերջին զանգի կապակցությամբ ասաց.
- Սիրելի շրջանավարտնե՛ր, այսօր և ընդմիշտ հարատև խաղաղություն եմ մաղթում Արցախ աշխարհին, որի անկախության ու ազատության համար ամենաթանկ գինն արդեն վճարված է։ Արարեք, ստեղծագործեք միմիայն խաղաղության պայմաններում, սակայն երբեք չմոռանաք անվեհեր տղաներին, ովքեր սեփական կյանքը չխնայեցին։ Նրանք այս օրերին մեզ հետ պիտի ուրախանային իրենց դուստրերի, զավակների, հարազատների հաջողություններով, ովքեր կյանքի նոր փուլ են թևակոխել։
Դահլիճում համակ լռության հետ ակնհայտ էր ափսոսանքն ու ցավը մեզ հարկադրված պատերազմում տված անդառնալի կորուստների համար։ Բոլորիս համոզմունքն է, որ պատեհ առիթը չպետք է բաց թողնենք նահատակված քաջորդիների անունները հնչեցնելու համար։ Քանզի, հայրենասեր սերունդ ունենալու համար անհրաժեշտ է նույնպիսի օրինակ ծառայել։
Շրջանավարտների ծնողների անունից շնորհավորանքի և երախտագիտության խոսք ասաց Իննա Մանգասարյանը։ Ելույթներ ունեցան 1-ին, 10-րդ և 11-րդ դասարանցիները, ովքեր իրենց ավագ ընկերներին ցանկացան խաղաղ նավարկություն դեպի կյանքի մեծ օվկիանոս՝ հանձնելով նրանց հուշանվերներ։
Նրանց շնորհավորելու էին եկել նաև 2002-2003 ուսումնական տարվա շրջանավարտները, ովքեր շնորհավորանքի խոսքերի հետ մեկտեղ շրջանավարտներին հուշանվերներ հանձնեցին։
 Վարչակազմի ղեկավար Ս.Գրիգորյանը դպրոցին նվիրեց գեղարվեստական նկար, իսկ սովորողների կրթության և դաստիրարակության գործում ձեռք բերած հաջողությունների եւ 2012-2013 ուսումնական տարվա վերջին զանգի կապակցությամբ շրջվարչակազմի պատվոգրով պարգևատրեց դպրոցի դասվար Ալվարդ Ղահրամանյանին, մաթեմատիկայի ուսուցչուհի Մարիետա Մելքումյանին, ռուսաց լեզվի ուսուցչուհի Ջուլիետա Մելքումյանին։
Այո, Խնապատցի դպրոցականները կարողանում են գեղեցիկ, տպավորիչ ու անմոռանալի պահեր ստեղծել։ Այդպիսին էր օրվա միջոցառումը։
Խնապատի Արտուր Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոցին հրաժեշտ տվեց 8 շրջանավարտ։ Վերջին զանգի անուշ ղողանջները շրջանավարտների հուշերում դեռևս երկար կհնչեն՝ պարգևելով նրանց բազում անմոռանալի ակնթարթներ, որոնք եզրագծել են երջանիկ ու անհոգ մանկությունը։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter