ՀՐԱԺԵՇՏ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՆ
27.08.2009 00:17

alt

Մանկական զրնգուն ծիծաղ, պարզ ու միամիտ հայացքներ, աչիկներում թաքցրած անհանգստություն, երգ, պար, ժպիտներ: Եվ այս ամենն Ասկերանի մանկապարտեզում էր, երբ հունիսի 28-ին կազմակերպվել էր մի գեղեցիկ հանդես, որն ավելի շատ հեքիաթի էր նմանվում: Մանավանդ, որ հեքիաթի հերոսներն էլ ներկա էին` կերպարանափոխված հենց երեխաների մեջ: Սա սովորական մանկական հանդես չէր. ՙՀրաժեշտ մանկապարտեզին՚ խորագիրն էր կրում այն: Մանկապարտեզի ավագ սաները, որոնք 15 երեխա էին, պատրաստվում էին կյանքի մի նոր` գիտակցական փուլի: Մանուկներից մի յուրահատուկ անմեղություն ու մաքրություն էր  հորդում: Դահլիճում ներկա էին ծնողներ, հյուրեր, երեխաներ: Բոլորն էլ մի պահ վերացել էին առօրյա հոգսերից, մանկացել ու խանդավառվել երեխաների հետ եւ հիացմունքով էին ունկնդրում, թե ինչպես են երգում, պարում, տառաճանաչություն ցուցաբերում: Մանուկներն իրենց տողերն արտասանում էին գիտակցորեն, պարում ու երգում էին վստահորեն, որ, թերեւս, դաստիարակների աշխատանքի արդյունքն էր: Դաստիարակները ջանք չէին խնայել երեխաների մեջ ներարկելու հայրենասիրություն, ընկերասիրություն, սեր ծնողի, բնության, ծառ ու ծաղկի, կենդանիների հանդեպ:


alt

Հենց մանկապարտեզում են մոտիկից ուսումնասիրում երեխայի ներաշխարհը, չէ՞ որ երեխան աշխարհը տեսնելու եւ ընկալելու յուրահատուկ մոտեցում ունի: Եվ այդ ամենի վառ ապացույցն էլ հենց փոքրիկների հրաժեշտի համերգն էր: Երեխաները, կարծես թե, զգում էին, որ նոր աշխարհ էին հայտնաբերելու եւ այս մի աշխարհը թողնում էին մի փոքր տխրությամբ, չէ՞ որ այստեղ նրանք մի համերաշխ ընտանիք էին եւ դաստիարակներին սիրում էին հարազատ մոր պես: Հանդեսից հետո մանկապարտեզի տնօրեն Անահիտ Դանիելյանը շնորհավորեց փոքրիկներին այս գեղեցիկ առիթով, հպարտությամբ նշեց, որ իրենց աշխատանքի արդյունքում դաստիարակվել են արժանի երեխաներ, ովքեր մանկապարտեզի պատիվը բարձր կպահեն նաեւ դպրոցում: Շրջվարչակազմի կրթության բաժնի գլխավոր մասնագետ Սվետլանա Ասրյանը, շնորհավորելով երեխաներին, նաեւ իր հիացմունքը հայտնեց գեղեցիկ միջոցառման վերաբերյալ, որքան ուրախալի է տեսնել նման տաղանդավոր մատաղ սերունդ, որը եւ մեր լուսավոր ապագայի առհավատչյան է:
Իհարկե, երեխաներով անսահման հպարտ են ծնողները, նրանց աչքերում թվում է, թե մի ակնթարթում երեխաները միանգամից մեծացան: Ծնողների անունից երախտագիտական խոսք ասաց Նաիրա Իսրայելյանը. ՙՄանկապարտեզում երեխաները ստացել են ճիշտ դաստիարակություն, տառաճանաչ են եւ պատրաստ են դպրոց հաճախելու: Այս ամենի համար պարտավոր ենք Ձե՜զ, սիրելի՜ դաստիարակներ: Համոզված ենք, որ փոքրիկները հետագայում կդառնան մեր պետությանն արժանի մարդիկ եւ միշտ սիրով կհիշեն իրենց հարազատ մանկապարտեզը՚: Վերջում  մանկապարտեզին  նվերներ հանձնվեցին ծնողների եւ կրթության բաժնի կողմից:                                                                       
Միջոցառումն, իրոք, գեղեցիկ էր: Ակներեւ էր ծնողների ու դաստիարակների համագործակցությունը: Մնում է միայն երեխաներին մաղթել ամենալավն ու բարին եւ ամենակարեւորը` դպրոցում լավ սովորել:
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter