Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղի հիմնական դպրոցն այս տարի հրաժեշտ է տալիս իր երկու շրջանավարտներին, և դա ամեն մեկի հրաժեշտն է` վերջին զանգը, նորի կանչը: Հենց դրա համար էլ բոլոր են սիրով մասնակցում: Երախտագիտական ու ջերմ խոսքերին, խոստումներին, երգ ու պարին հաջորդեցին հումորներն ու ծիծաղաշարժ դրվագների ցուցադրումն ու կենդանի ներկայացումը: Դասարանի դասղեկ Անյուտա Հովսեփյանն իր սիրագորով խոսքից հետո անակնկալ մատուցեց բոլորին` բեմ հրավիրելով իր երբեմնի դասարանցի, նույն դպրոցի շրջանավարտ, այժմ` աշխարհագրության ուսուցչուհի Մարիա Համբարձումյանին: -Սիրելի երեխաներ, - դիմեց նա իր աշակերտներին,- թյուր տպավորություն կա, թե մանկության, դեռահասության տարիներն անցողիկ են, ոչ կարևոր, երկրորդական,
սակայն ես այսօր ուզում եմ վկայել, որ դրանք մարդու կյանքի ամենաէական, անմոռաց ու կարևոր ժամանակահատվածն ու դրա բովանդակությունն են, ապագայի թռիչքի թևերը, ճիշտ կենսակերպի հիմքը: Համաձա՞յն եք, ընկեր Համբարձումյան,- դիմեց նա բեմում զարմացած կանգնած գործընկերուհուն: -Կարծում եմ բոլոր են այդ համոզմունքին: Ինձ դրա՞ համար եք բեմ բարձրացրել,- ժպտալով հարցրեց նա: -Ո՛չ, ո՛չ, համբերե՛ք,- ասաց Հովսեփյանն ու շարունակեց, որ այսօր բոլոր հասուն, տարեց մարդիկ են մանկանում, ծնողները հրճվում, միջավայրը շնչում է բարի հիշողություններով: Ես ու ընկեր Համբարձումյանն էլ այդպիսի գեղեցիկ հուշեր շատ ունենք ու վերհիշում ենք յուրովի: Ես հիմա վերապրեցի մանուկների պաշտպանության օրվա մեր ծիծաղաշարժ ու շատ, շատ մաքուր արկածներից մեկը: Ամեն օր, ամեն պահ է մանուկների պաշտպանության օր, դրա համար շնորհավորում եմ նաև մեկ շաբաթ հետո պաշտոնապես սահմանված այդ օրը և խնդրում եմ, որ ընկեր Համբարձումյանն այդ մասին պատմի, քանի որ նա հասկացավ, թե ինչի մասին եմ ակնկալում: - Եղավ,- պատրաստակամ նշեց Համբարձումյանը,- մանուկների պաշտպանությունը նման է կանաչ դաշտի մեջ ամեն օր աչք շոյող նորաբողբոջ ծաղիկների պաշտպանությանը, նորահայտ քնքշության պահպանմանը: Ճիշտ է, կյանքն ինքնին գրավիչ է, հրապուրիչ, բայց մանկությունը կենսարար աղբյուրն է կյանքի: Վստահ եմ մեծերը դրանով ապրում են: Մանկան համար խճաքար հավաքելը, ծառին դիպչելը, ճուտիկներին կանչելը… մի ուրիշ հմայք ունեն… Այս ամենը մեծ տարիքում էլ են կարողանում անել, շատերն էլ ինչ անում են` դարձյալ սիրով ու նվիրումով, բայց այնուամենայնիվ մանկության տարիներինն այլ են:-Քանի որ այդ նվիրումին ու սիրուն հայտնագործելու, հասկանալու մղումն է միահյուսվում, գումարվում է մտքի, կամքի և զգացմունքի ազատությունը: Ըստ իս երեխաները մարդկության շունչն են, որը բաղադրված է զգացմունքից, կամքից, ազատությունից: Եթե որևէ տուն մտնում ես, երեխա կա, մարդու շունչը բացվում է: Իսկ մենք դեռ 6-րդ դասարանում որոշեցինք չփոխել մեր միջավայրը, աշխատել «շնչարանում» մանուկների հետ: - Փորձե՞նք ներկայացնել մեր այդ օրվա արարքը,- հարցրեց Հովսեփյանը: Նրանք հանպատրաստից ներկայացրեցին այդ արկածներից մեկը: Հունիսի մեկ: Փոխադրամիջոց չկա, բայց գյուղից ժամը 7-ին քաղաք է գնում համագյուղացներից մեկը` Վովան: Եվ երկու աղջնակները 20 րոպե անց արդեն Ստեփանակերում էին: Օրը դեռ չէր թռել: Ի՞նչ անել: Կարուսե՞լ: Կարող էին վայելել նրա պտույտը` յուրաքանչյուրն ուներ 100-ական դրամ: Հետո՞: Հետո մեկ պաղպաղակ կարող էին գնել մնացած 100 դրամով: Ինչպես ուտե՞լ: Հերթով լպստել…Ի՜նչ երանություն, ի՜նչ մաքրություն: Մեծահասակն այսպիսի բան ինքն իրեն էլ չի խոստովանի, չնայած կարոտով կփորձի…Չէ՛, մանկությունն ուրիշ է, և այն բացում է մարդկության փակ դռներն ու բախում քարացած սրտերը, բարություն սերմանում և կյանքը դարձնում ցանկալի ու հրապուրիչ… Մանուկների պաշտպանությáõն ամեն օր և ամենուր,- եզրահանգեցին ներկաները,- իսկ վերջին զանգը բոլորի համար նորացման և իր ներսում նորովի նայելու առիթ է: Դպրոցի տնօրեն Գ. Վերդյանը ամփոփեց աշխույժ և ուսուցող այս միջոցառումը, բարի երթ մաղթեց շրջանավարտներինª խորհուրդ տալով գիտակցված կատարել բոլոր քայլերը` լինել երախտագետ, պարտաճանաչ, ջանասեր, արդարամիտ, մնալ միշտ մարդասեր, ընտանեսեր և հայրենասեր, դպրոցի ու գյուղի անունը բարձր պահող, գյուղը շենացնող, նոր կյանքի ճանապարհին անմոլոր ճամփորդ: Բարեմաղթեց և հուշանվերներով շնորհավորեց շրջանավարտներին կենսաբանության ուսուցչուհի Ա. Սուլեյմանյանը: Միջոցառումն ավարտվեց ազատ ծրագրով` եվրոպական և ազգային պարերով: Դպրոցը պարում էր , մանկությունն ու հասունությունը միահյուսվում էին: Պարի լեզվով խոսում էր գեղեցիկը: Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ |