Մայիսի 24-ին ողջ հանրապետությունում նշվեց ավադական վերջին զանգը, և հուշամատյան ուղարկվեց բազմաթիվ պատանիների ու աղջիկների երանելի դպրոցական տարիները։ Տարիներ, որոնք լիառատ են բազմաթիվ ուրախալի, հետաքրքիր ու զավեշտական պատմություններով, որոնք այսուհետ միայն անցյալի գեղեցիկ հուշ կդառնան։ Նորագյուղի Վիտալի Պետրոսյանի
անվան միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանցիները շուրջ մեկ ամիս է, ինչ ամենայն լրջությամբ պատրաստվում էին վերջին անգամ սիրելի ուսուցիչներին և ծնողներին հրաժեշտի գեղեցիկ ու անմոռանալի պահեր պարգևելու համար։ Քանի որ ինչպես ուսանելու տարիներին էր, այժմ նույնպես սպասելիքները նրանցից շատ-շատ են, որոնք պետք է արդարացվեին։ Լինելով դպրոցի ամենաակտիվ դասարանը բազմաթիվ անգամներ մասնակցելով շրջանային և հանրապետական մրցումների նրանք միշտ բարձր են պահել հարազատ դպրոցի ու նաև շրջանի պատիվը։ Մայիսի 24-ի վաղ առավոտից մարդաշատ էր Նորագյուղի Վ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի բակը։ Ամենուրեք աշխույժ ու ուրախ մթնոլորտ էր տիրում՝ վառ զգեստներ, ծաղկեփնջեր, փուչիկներ... Այստեղ էր Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, դպրոցի տնօրինությունը, ծնողներ, աշակերտներ։ Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի փոխտնօրեն Լիդա Հայրիյանը. - Հարգելի ուսուցիչներ, աշակերտներ, հյուրեր։ Ամբողջ հանրապետության դպրոցներում այսօր կհնչի ավանդական վերջին զանգը։ Նորագյուղի Վիտալի Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցը դեպի նոր կյանք է ճանապարհում 59-րդ թողարկմանը։ Դպրոցական կյանքն անգնահատելի գանձ է, որը տարիներ անց ավելի է արժևորվում։ Ուսումնառության տարիների ամփոփիչ միջոցառում է վերջին զանգը։ Այսօրվա շրջանավարտների մասին գովեստի շատ խոսքեր կարելի է ասել՝ խելոք, համեստ, պատասխանատու, նախաձեռնող։ Այս դասարանում միշտ թագավորում էր հավասարությունն ու համերաշխությունը, միմյանց նկատմամբ հարգանքը։ Ու այսօր մենք փոքր ինչ ափսոսանքով ենք հրաժեշտ տալիս մեր լավագույն աշակերտներին։ Լ. Հայրիյանը մաղթելով կանաչ ճանապարհ դեպի մեծ կյանք՝ խոսքը տվեց օրվա հերոսներին։ Շրջանավարտները հանուն հայրենիքի նահատակված քաջորդիներին նվիրված փառքի անկյունում հարգանքի տուրք մատուցեցին ու երդվեցին արժանի հետնորդներ լինել։ Այնուհետև ապագա առաջին դասարանցիները հնչեցրին վերջին զանգը, որի անուշ ղողանջների ու հանդիսատեսի ծափողջույնների ներքո բեմահարթակ դուրս եկան շրջանավարտները։ Ու գալիս էին նրանք միահյուսված ուրախությամբ ու տխրությամբ, երկչոտ քայլերով, սակայն հպարտության վեհ զգացումով։ Տղաները կոկիկ կոստյումներով, իսկ աղջիկները միատեսակ համազգեստով ու սանրվածքով աչք էին շոյում։ Շրջանավարտներին բարեմաղթանքի խոսքեր ասաց դպրոցի տնօրեն Էրիկ Վարդանյանը. - Սիրելի շրջանավարտնե՛ր, դպրոցական վերջին զանգը կարևոր իրադարձություն է ձեր կյանքում, որովհետև այն հնչեց որպես դպրոցական կյանքի հրաժեշտի զանգ և, միաժամանակ, սկիզբ նոր կյանքի, քանզի դուք մեծ կյանք եք մտնում։ Մաղթում եմ ձեզ, որպեսզի ձեր արժանի տեղը գտնեք մեր հասարակության մեջ և լինեք մեր ազատ ու անկախ հայրենիքի արժանի զավակները։ - Ուժ ու եռանդ եմ ցանկանում ձեզ իմ շրջանավարտներ, որպեսզի կարողանաք հղկել նոր կյանքի դժվարին ճանապարհները։ Թող լույսն ու բերկրանքը միշտ ուղեկից լինեն ձեզ։ Բարի երթ դեպի նոր կյանք,- ասաց դասղեկ Քրիստինե Գրիգորյանը՝ արտասանելով օրվա կապակցությամբ շրջանավարտներին ձոնված բանաստեղծությունը։ Ուսուցիչները նրանց տխրությամբ էին նայում՝ միաժամանակ ժպիտով, իսկ հարազատները փորձում էին անմահացնել յուրաքանչյուր ակնթարթ։ Ապա տեղի է ունենում հանդիսավոր տողանը, ու շրջանավարտներն իրենց սրտի խոսքն ու երախտագիտությունն են հայտնում ուսուցիչներին՝ այս տարիների ընթացքում նրանց մեծ կյանքի նախապատրաստելու համար։ Ու նրանք համոզված են, որ դպրոցում ստացած գիտելիքների գերազանց իմացությամբ իրենց տեղը կգտնեն կյանքում։ Որպես արժանի հերթափոխ 11-րդ դասարանցիները շրջանավարտներին նվիրում են սպիտակ ժապավեններ ՙՇրջանավարտ՚ մակագրությամբ, ինչն առավել տոնական է դարձնում շրջանավարտների տեսքը։ Ապագա առաջին դասարանցիներն իրենց սրտի խոսքն են ասում ավագ ընկերներին։ Ի նշան խաղաղության երկինք են բաց թողնվում ճերմակ աղավնիները, որոնք ճախրելով ազատ երկնքում դեռ որոշ ժամանակ սավառնում են դպրոցի գլխավերևում։ - Սիրելի շրջանավարտնե՛ր, այսօր ձեզ համար տոն է, որը շաղախված է և՛ ուրախությամբ, և՛ տխրությամբ, գուցե նաև ափսոսանքով։ Ձեր կյանքում սկսվում է մի նոր փուլ, որի պատասխանատուն դուք եք։ Այն ամենն, ինչ ստացել եք դպրոցական տարիներին պետք է առավելագույնս օգտագործեք՝ միշտ բարձր պահելով հարազատ կրթօջախի անունը։ Թող հայրենասիրական տոկուն ոգին ձեզ միշտ առաջնորդի, և կյանքի դժվարին ճանապարհին ձեր կայուն տեղը գտնեք։ Ձեր ուսուցիչներն ու ծնողները մեծ սպասելիքներ ու ակնկալիքներ ունեն, որոնք պետք է արդարացնեք։ Առջևում դեռևս ավարտական քննություններն են։ Հաջողություններ ձեզ և ամենայն բարիք,- իր ելույթում ասաց Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը։ - Մարդու կյանքում լինում են պահեր, երբ միահյուսում են ուրախությունն ու բերկրանքը, հպարտությունն ու ակնածանքը որևէ երևույթի, պահի կամ իրադարձության նկատմամբ։ Այսօր ինձ համար հենց այդ պահն է, թե՛ որպես ուսուցիչ, թե՛ որպես ծնող։ Անհերքելի իրողություն է, որ դպրոցը ժողովրդի լինելիության ակունքն է։ Այս ակունքներում աճած շրջանավարտներին մաղթում եմ հաջողություններ, նպատակների և իղձերի իրականացում, անխափան երթ ձգտումների ճանապարհին,- շրջանավարտների ծնողների անունից ասաց Անահիտ Գրիգորյանը։ Կրկին շարունակվում են դպրոցականների ելույթները, երգերը, պարերը։ Շրջանավարտ Թամար Պետրոսյանն արտասանում է համադասարանցի, անողոք հիվանդության պատճառով կյանքից անժամանակ հեռացած ընկերուհի Լիլիթի հիշատակին նվիրված բանաստեղծությունը։ Ցավն ու մորմոքը սեղմում է բոլորիս կոկորդը, ուռչում խեղդելու չափ, և ցավից ու ափսոսանքից ծնված արցունքներն արդեն անհնարին է լինում պահել։ Թամարը դժվարությամբ ու արտասվախառն է արտաբերում բանաստեղծության վերջին բառերը։ Չէ՞ որ այս պահին, այս ժամին իր սիրելի ընկերուհին պետք է լիներ կողքին, պետք է... Անգութ ճակատագիր, ընդամենը 11 գարուն ապրած աղջնակի ճակատագիր... Ի նշան երախտագիտության շրջանավարտները ծաղիկներ են նվիրում դպրոցի բոլոր ուսուցիչներին։ Ապա համադասարանցի Արտակ Դադայանի կատարմամբ հնչում է հայկական երգը և բոլորը շուրջպար են բռնում։ Վերջին զանգը կյանքի մի փուլ է, երբ անհրաժշտաբար պետք է ընդմիշտ անցնել մանկության շեմը։ Դպրոցական անհոգ տարիները, դասերը, որոնք անվերջանալի էին թվում և դասամիջոցները, որոնք, թվում է թե մի ակնթարթ էին տևում այսուհետ հուշ կդառնան։ Սիրելի շրջանավարտնե՛ր, մտնելով կյանքի նոր փուլ, ձեզ համար որպես ուղենիշ թող ծառայեն հայրենասիրությունը, ազնվությունը, գթասրտությունը, նվիրվածությունը, անաչառությունն ու խստապահանջությունը։ Թող հաջողությունն ու երջանկությունը միշտ ուղեկից լինեն ձեզ։ Հաստատակամ քայլերով ընթացեք դեպի նպատակների իրականացում... Բարի՛ ճանապարհ դեպի նոր կյանք։
|