ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՄԵՐԳ՝ ԼԻ ԳԵՂԵՑԻԿ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐՈՎ
02.06.2013 19:03

  Յուրաքանչյուր ստեղծագործության մեջ միտք կա: Երաժշտությունը ժողովրդական պահանջմունք է և միշտ բովանդակալից է: Լ.Վան Բեթհովեն

Մայիսի 30-ին կայացավ Ասկերանի մանկական երաժշտական դպրոցի 2012-2013 ուստարվա  հաշվետու համերգը: Ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը, կրթության բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանը, Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Կառլեն Մայիլյանը, հյուրեր, դասատուներ, ծնողներ:

Ասկերանի մանկական երաժշտական դպրոցն իր առանձնահատուկ համերգներով միշտ էլ հիացրել ու մեծ բավականություն է պարգևել իր հավատարիմ հանդիսատեսին: Դպրոցի սաներն իրենց անզուգական կատարումներով կարողանում են մարդու մեջ արթնացնել ամենաբարին ու գեղեցիկը, նրբատաշ երաժշտությամբ գերում ու աներևակայելի բերկրանք են սփռում շուրջը: Ամեն անգամ դպրոցի կոլեկտիվը մի հետաքրքրիր անակնկալ է մատուցում՝ հոգեկան մեծ հաճույք նվիրելով ներկաներին: Այս անգամ հաշվետու համերգին մասնակցում էին Ասկերանի մանկական երաժշտական դպրոցի, Խնապատի և Նորագյուղի մասնաճյուղերի սաները:

Ողջույնի խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Անահիտ Բադալյանը.

-Այսօր հավաքվել ենք ունկնդրելու մեր սաներին և հրաժեշտ տալու 2012-2013 ուստարվա մեր շրջանավարտներին: Ամեն մի համերգ տարբերվում է նախորդից իր յուրօրինակ ծրագրով և համ ու հոտով, իր որակով ու շրջանավարտներով: Կարող եմ փաստել, որ 1995 թվականից առայսօր արձանագրվել է զգալի աճ, որը ապահովել են և՛ դասատուները, և՛ սաները: Դպրոցի սաները մասնակցել են ՀՀ և ԼՂՀ մշակույթի նախարարության  կողմից կազմակերպած մի շարք մրցույթ-փառատոնների, որոնց արդյունքները մեր սաների բազում մրցանակները, պատվոգրերը և դիպլոմներն են: Ողջունելի է, որ մեր նախկին շրջանավարտները հասնելով մեծ հաջողությունների՝ բարձր են պահում դպրոցի անունը: Մայիսի 20-ին Ստեփանակերտի երիտասարդության պալատում տեղի ունեցած ՛՛Վերածնունդ՛՛ միջազգային մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխության ժամանակ հնչեցին նաև մեր նախկին շրջանավարտներ Արտակ Դադայանի և Անժելա Բադալյանի անունները: Հպարտությամբ եմ նշում, որ մեր դպրոցի մի շարք շրջանավարտներ շարունակելով ուսումը երաժշտական ոլորտում՝ աշխատում են մեր դպրոցում կամ այլ տեղերում իրականացնում են երաժշտական գործունեություն:

Միջոցառման համերգային մասը բացեց դպրոցի նախկին շրջանավարտ, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան քոլեջի սան Անժելա Բադալյանը՝ երգելով աշխարհահռչակ Լառա Ֆաբիանի ՙԺե Տեմ՚ երգը: Կատարումն անթերի էր և զգացմունքային:

Երաժշտական դպրոցի դասատուներն ու սաները մեծ պատասխանատվությամբ ու սիրով էին նախապատրաստվել համերգին, որի արդյունքում դպրոցի և երկու մասնաճյուղերի սաներն ակտիվորեն հանդես եկան և ցույց տվեցին ամբողջ տարվա ընթացքում յուրացրածը: Նվագեցին ջութակի, դհոլի, կլառնետի, քամանչայի, քանոնի, դաշնամուրի, ակորդեոնի վրա: Յուրաքանչյուր կատարում լի էր հույզերով և յուրօրինակ հմայքով, իսկ վոկալ բաժնի սաների և երգչախմբի կատարելագործված ելույթները մեծ աշխուժություն արթնացրին դահլիճում: Հաճելի զարմանք առաջացավ, երբ հանդես եկավ ժողգործիքների նորաստեղծ համույթը: Դհոլ, քանոն, քամանչա և ակորդեոն. ահա այս ժողովրդական գործիքների միջոցով սաները ներկայացրին անկրկնելի կատարում: Սաների ոգևորությանը չափ չկար: Պակաս ոգևորված չէին նաև նրանց հետ նվագակցող դասատուները: Չէ որ իրենց աշխատանքի արդյունքն էին ներկայացնում: Աշխատանք, որին նրանք նվիրվել են անմնացորդ և ջանք ու եռանդ չեն խնայել իրենց սաներին տալու այն ամենը, ինչը նրանց կդարձնի իսկական երաժիշտ:

Համերգն ավարտվեց բոլոր սաների համատեղ կատարած գեղեցիկ երգով:

Անահիտ Բադալյանը շնորհավորելով շրջանավարտներին այս հիանալի օրվա կապակցությամբ՝ նշեց.

-Համոզված եմ, որ դպրոցի սաները կարողացան հաճելի պահեր պարգևել ձեզ, առժամանակ կտրել առօրյա հոգսերից ու նվիրվել երաժշտությանը: Այս ամենը, ինչին մենք հասել ենք, հասել ենք ի շնորհիվ մեր շրջանի ղեկավարության ու համագործակցության տարբեր հիմնարկների հետ: Դպրոցի և անձամբ իմ անունից ցանկանում եմ երախտագիտություն հայտնել շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանին և շեշտել, որ նրա շնորհիվ ենք տեղափոխվել այս լուսավոր և հարմարավետ շենքը։ Միաժամանակ շնորհակալություն եմ հայտնում Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանին և ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանին, որոնց աջակցությամբ և հովանավորչությամբ կատարվել է շենքի վերանորոգումը և նման պայմաններում աշխատելն արդեն իսկ հաճելի է ու բարենպաստ: Հարկ է նշել, որ Ասկերանի շրջարհմիության նախագահ Գայանե Գաբրիելյանը դպրոցին տրամադրել է պատճենահանման սարք և շարունակում է աջակցություն ցուցաբերել տնտեսական բոլոր հարցերում: Վերջերս ներդրում է կատարել նաև այս գեղեցիկ դահլիճի կահավորման գործում: Նոր շենք տեղափոխվելու հարցում մեզ օգնության ձեռք է մեկնել ՙՂարաբաղ Տելեկոմ՚ ՓԲԸ  Ասկերանի մասնաճյուղի տնօրեն Սերյոժա Ծատուրյանը և երաժշտությունը սիրող ու գնահատող Թաթուլ Շեկյանը: Անշուշտ, ուրախացնում է այն փաստը, որ մեր շրջապատում կան բարի և սրտացավ մարդիկ, որոնք ամեն կերպ սատարում են դպրոցի աշխատանքներին, խրախուսում են սաներին և դասատուներին: Ուրախալի է, որ վերջին տարիներին դպրոցը հատուկ ուշադրության է արժանանում քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանի կողմից: Նա բարի ավանդույթ է դարձրել շրջանավարտներին և դպրոցի լավագույն սաներին նվերներով և պատվոգրերով պարգևատրելը, ինչի համար ամբողջ կոլեկտիվի անունից խորին շնորհակալություն եմ հայտնում: Ցանկանում եմ նշել նաև, որ մեծ համագործակցություն է դրսևորել ծնողական կոմիտեի նախագահ Ալինա Ավագյանը: Շնորհակալություն նրան պատասխանատվության և փոխըմբռնման համար:

Դպրոցի տնօրեն Անահիտ Բադալյանը հանդիսավոր պայմաններում սաներին հանձնեց քաղաքապետի կողմից ստացված նվերներն ու պատվոգրերը: Դպրոցը նաև տարբեր անվանակարգերում պարգևատրեց մի շարք սաների, դասատուների, իսկ շրջանավարտները ստացան վկայականներ ու հուշանվերներ: Շրջանավարտ Դավիթ Հայրիյանը գերազանց սովորելու համար արժանացավ կարմիր վկայականի: Դպրոցի տնօրենը գեղեցիկ ժամացույցեր նվիրեց Խնապատի և Նորագյուղի մասնաճյուղերին:

Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը շնորհավորանքի խոսք ասելով շրջանավարտներին՝ միաժամանակ նշեց.

-Այս հիասքանչ պահերը, որ մեզ նվիրեցիք, երկար կմնան մեր հիշողությունում: Շնորհակալություն դպրոցի տնօրենին, դասատուներին, քանզի նրանց նվիրական աշխատանքի շնորհիվ եք հասել նման հաջողությունների: Համոզված եմ, որ առաջիկայում կստանանք հրավերներ մասնակցելու ձեր համերգներին, ինչու չէ, թող դրանք լինեն աշխարհի տարբեր բեմերում:

Այնուհետև, Ս.Հայրիյանը շրջվարչակազմի անունից երաժշտական արվեստի զարգացման և մատաղ սերնդի հոգևոր դաստիարակության գործում ցուցաբերած անբասիր աշխատանքի համար պատվոգրերով պարգևատրեց դպրոցի դասատուներ Սուսաննա Մուսայելյանին, Քրիստինե Ադամյանին, Արեգա Միքայելյանին, Ալլա Հակոբյանին, Արմինե Յախշիյանին և Գոհար Հարությունյանին:

Շրջանավարտներին շնորհավորեցին և մաղթանքներ հղեցին նաև Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը, շրջվարչակազմի ղեկավարի օգնական Ռոմելա Գրիգորյանը, դասատու Սուսաննա Մուսայելյանը: Նրանք իրենց խոսքում փաստեցին, որ դպրոցը գտնվում է բարձունքի վրա, ունի կատարելագործված մասնագետներ: Տարեցտարի նոր անակնկալները հիացնում են ամենքին: Առանձնապես, ողջունելի է երգացանկում տեսնել ժողովրդական երգեր, իսկ ժողգործիքների համույթի ելույթը կատարյալ էր և աննխադեպ շուք տվեց միջոցառմանը: Ցանկացան շրջանավարտներին նորանոր հաջողություններ և միշտ բարձր պահել դպրոցի ու դասատուների անունները:

Իրոք, օրը լի էր զարմանահրաշ անակնկալներով ու վառ տպավորություններով:

Հասկացանք մի պարզ ճշմարտություն. այստեղ լիովին արժևորված է երաժշտությունը: Ասկերանի մանկական երաժշտական դպրոցի ողջ կոլեկտիվը՝ հավատարիմ իր սկզբունքներին կշարունակի իր բեղուն գործունեությունը հանուն մատաղ սերնդի գեղագիտական, հոգևոր զարգացման, հանուն նրա ապագայի, հանուն մեր երկրի հզորացման:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter