ՀՈՒՆԻՍԻ 1-Ը ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է |
02.06.2013 19:12 |
Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է։ Այն սահմանվել է 1925-ին` Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: 1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: Իսկ ահա 1950 թվականին առաջին անգամ նշվել է
երեխաների պաշտպանության միջազգային տոն օրը: Սակայն միայն երեխաների պաշտպանության օր չէ, որ պետք է հոգ տանել մանուկների մասին։ Նրանք մշտապես պետք է լինեն մեծերի հոգածության ներքո։
Առաջնորդվելով վերոգրյալով, այս տարի հունիսի 1-ին Ասկերանի շրջանային արհմիությունների նախագահ Գայանե Գաբրիելյանն անակնկալ էր պատրաստել երեխաների համար։ Նրա նախաձեռնությամբ երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառում էր կազմակերպվել Ասկերանում։ - Ինչպես հայտնի ասացվածքն է ասում՝ մի ձեռքը ծափ չի տա,- համեստորեն ասում է տիկին Գայանեն,- նույնպես էլ այսօրվա միջոցառումը համագործակցության արդյունք է։ Մեր ամենօրյա գործունեությամբ մենք ջանում ենք հնարավորինս սերտ համագործակցություն ունենալ շրջվարչակամզի բաժինների հետ։ Այսօրվա միջոցառումն էլ համատեղ աշխատանքի արդյունք է, ինչի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանին, վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի, մշակույթի բաժիններին։ Նախքան միջոցառումը սկսելը երեխաները ծաղիկներ դրեցին Արցախի ազատամարտում զոհված ասկերանցի քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշավահանակին։ Երեխաների պաշտպանության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումը բացեց Նինել Գանբրիելյանը՝ շնորհավորելով երեխաներին գեղեցիկ օրվա առթիվ՝ մաղթելով նրանց խաղաղ երկնակամար, անհոգ մանկություն։ Ապա կազմակերպվեց նկարչության մրցույթ։ 12 երեխա ասֆալտի վրա ազատ թեմայով նկարներ նկարեցին, ինչի համար տրամադրվել էր 20 րոպե։ Դրան զուգընթաց փոքրիկ հանդիսատեսին պաղպաղակ բաժանվեց։ Մրցույթի արդյունքներն ամփոփեց ժյուրին և հայտարարեց հաղթողներին։ Այսպես, առաջին տեղը զբաղեցրեց Էմմա Առստամյանի բնանկարը (Ասկերան), 2-րդ տեղը Ակսել Ավանեսյանի՝ Խաղաղությունն իմ աչքերով նկարը (Խնապատ) և 3-րդ տեղը՝ Ռուզաննա Մելքումյանի գարուն բնանկարը (Ասկերան)։ Առաջնակարգ տեղեր զբաղեցրածները պարգևատրվեցին արհմիության կողմից սահմանված նվերներով։ Ինքնատիպ նկարների համար խրախուսական նվերներ ստացան Սառա Մելքումյանը՝ Խնապատից և Ռոբերտ Ավանեսյանը՝ Իվանյանից։ Ռոբերտի համոզմամբ՝ իր նկարած խաչը հովանի կլինի աշխարհի բոլոր մանուկներին, քանզի մանուկներն Աստծո ամենասիրելի էակներն են։ Բոլոր երեխաների նկարներում առկա էր հայրենասիրական տոգորուն ոգին, խաղաղ երկնքի ու փայլփլուն արևի շողերի ներքո ապրելն ու արարելը։ Նրանք արտացոլել էին իրենց հուզական աշխարհը՝ Արցախ աշխարհը խորհրդանշող հուշարձաններով, Տատիկ-պապիկով, Եռագույնին դաջված հպարտ արծվի գլխով, ու այդ ամենը հովանավորող վեհաշուք Մասիս սարով։ Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը շնորհավորելով մանուկներին այս հրաշալի տոնի կապակցությամբ բոլորին հրավիրեց դահլիճ, որտեղ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Քաջիկ Հարությունյանը ողջունելով իրենց ամենացանկալի հանդիսատեսին՝ շնորհավորեց փոքրիկներին տոն օրվա կապակցությամբ։ Մաղթեց նրանց անհոգ մանկություն, և հույս հայտնեց, որ նրանք կկարողանան Արցախ աշխարհի համար պիտանի մարդիկ դառնան։ Ապա բեմահարթակը տրամադրվեց դերասաններին, ովքեր ներկայացրին §Հրաշագործ ծաղիկ¦ հեքիաթ-պիեսը։ Այն մեծ բավականություն պատճառեց փոքրիկ հանդիսատեսին, իսկ նրանց ծնողներին հիշեցրեց երանելի մանկությունը։ Միջոցառումն Ասկերանի համար աննախադեպ էր և համոզված ենք, որ այն շարունակական բնույթ կկրի։ Նշենք նաև, որ նույն օրը մեկ այլ առաքելությամբ էր հանդես եկել Ասկերան քաղաքի բնակիչ, անհատ ձեռնարկատեր՝ վարսավիր Հրաչյա Ավանեսյանը, ով իր փոքրիկ այցելուներին այդ օրը սպասարկեց անվճար։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|