ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՕՊԵՐԱՏԻՎ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
08.06.2013 18:16

   Հունիսի 4-ին Ասկերանում հրավիրեց օպերատիվ խորհրդակցություն՝ նվիրված նախօրեին տեղացած կարկուտի հասցրած վնասների չափերը հաշվարկելուն։ Կարկտահարությունից հետո իրավիճակին ծանոթանալու, հնարավորինս գյուղացիներին օգնություն և օժանդակություն ցուցաբերելու համար Ասկերանում էր Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ Հրավիրված օպերատիվ խորհրդակցությանը մասնակցում էր վարչապետ Արա Հարությունյանը, շրջանի և ոլորտի պատասխանատուներն ու կարկտահարությունից տուժած համայնքների ղեկավարները։ Շրջանում բավականին մեծ են կրած վնասները, ուստի և սուր են հարցադրումները։ §Ինչո՞ւ ժամանակին չեն գործել հակակարկտային կայանները¦ երկրի նախագահի հարցին ի պատասխան փրկարար ծառայության պետ Արթուր Հարությունյանը պարզաբանեց.
- Համակարգը գործել է իր հնարավորությունների սահմաններում, սակայն այս անգամ ի վիճակի չի եղել կարկտաբեր ամպերի առաջն առնել։ Մյուս կողմից էլ կայանի գործունեությունն ուժեղ քամին է խաթարել։
 Բակո Սահակյանն ասաց, որ իրավաճակը դեռևս կպարզաբանվի, իսկ առայժմ օրակարգում վնասները մեղմացնելու հարցն է։ Քամու հետևանքով տուժած տանիքները վերանորոգելու հարցում կտրամադրվեն համապատասխան շինանյութեր։ Իսկ ահա գյուղատնտեսության պարագայում խնդիրը բավականին բարդ է։ 8 համայնքում 70-100 տոկոսանոց վնաս է գրանցվել։ Նորագյուղում, Հովսեփավանում և Իվանյանում կարկտահարվել է ամեն ինչ՝ աշնանացանը, գարնանացանը, բանջարանոցային կուլտուրաները, խաղողայգիներն ու թթայգիները, ահեղ կարկուտից չեն փրկվել անգամ ջերմոցները։ Երկրի նախագահը կոչ արեց համայնքների ղեկավարներին համայնքներում խորհրդակցություններ անցկացնել, բոլոր հողօգտագործողներին հայտարարել, որ պետությունն ինչպես միշտ լինելու է նրանց կողքին, մեծապես միջամտություն և մասնակցություն ենք ունենալու այս իրավիճակը շտկելու համար։  
Թե ինչպիսին կլինի պետության միջամտության և մասնակցության չափն ու ձևը կախված է կառավարության գրավոր եզրակացությունից։
Խորհրդակցության ժամանակ վարչապետ Արա Հարությունյանը մի շարք տարբերակներ է ներկայացրել ուղղված վնասների չափերը մեղմելուն, որոնք ևս պետք է կյանքի կոչվեն ծրագրի տեսքով։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter