ՓՐԿԵՆՔ ՓՈՔՐԻԿ ԷԴՈՒԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԸ
10.06.2013 12:31

  Հունիսի 6-ին Ասկերանում տեղի ունեցավ աննախադեպ միջոցառում՝ բարեգործական համերգ, որից ստացված եկամուտները կուղղվեն 5-ամյա Էդուլիկի ապաքինմանը։ Փոքրիկն ի ծնե պաթոլոգիա ունի՝ կերակրափողի ատրեզիա:  Այսինքն՝ երեխան ծնվել է առանց կերակրափողի, նրան փրկելու համար հաստ աղիքից մի հատված կտրեցին ու տեղադրեցին կերակրափողի փոխարեն: Սակայն սնունդը դժվար է անցնում կերակրափողով, և երեխայի աճի հետ մեկտեղ այն սեղմվում է: Այդ պատճառով էլ ամեն անգամ նրան տանում են Երևան վիրահատելու, ու ամեն անգամ նույն պատմությունն է

կրկնվում։ Երևանյան բժշկությունն արդեն չի ապահովում երեխայի կյանքի անվտանգությունը։ Հերթական վիրահատությունը պետք է կատարվի Իսրայելում՝ արհեստական կերակրափող տեղադրելով։ Շուրջ տասնյակի հասնող վիրահատություն է արդեն տարել փոքրիկը՝ 52 ժամ նարկոզ, որի վնասակարության մասին բոլորս էլ քաջատեղյակ ենք։ Էդուլիկի ընտանիքը՝ լինելով փախստական, շուրջ 23 տարի է, ինչ մայրաքաղաքում բնակարան է վարձում, ուստի և ի վիճակի չէ ապահովելու թանկարժեք վիրահատության՝ 55-57 հազար ԱՄՆ դոլարի (ըստ Թել-Ավիվի կլինիկաներից մեկի հետ նախնական պայմանավորվածության) հասնող վարձը։

  Համերգը կազմակերպել էր §Էդուարդ Արզումանյանի օգնության ֆոնդ¦ ուսանողական նախաձեռնությունը։  Բարեգորական համերգ կազմակերպելուն սիրով ու պատրաստակամությամբ արձագանքել են ԼՂՀ փախստականների  հասարակական կազմակերպության Ստեփանակերտի և Ասկերանի ներկայացուցիչները, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը, Արցախի պետական, §Մեսրոպ Մաշտոց¦  և  §Գրիգոր Նարեկացի¦  համալսարանների  տնօրինությունը։ Թերևս դժվարին խնդիրը կազմակերպչականն էր, որը հիշյալ բուհերի ուսանողները վերցրել էին իրենց ուսերին։ Չէ որ նրանք մեծ առաքելությամբ ու մեկ՝ §Ուր միաբանություն, այնտեղ միշտ հաղթանակ¦ նշանաբանով էին հանդես գալու։ Մայրաքաղաքում նման բարեգործական ակցիայով հանդես գալով և բավականին մեծ հաջողությունների հասնելով, նրանք խանդավառվեցին նաև շրջկենտրոններում ևս միջոցառումներ կազմակերպել։ Առաջին փորձն արվեց Ասկերանում, որին մասնակցեցին նաև Ասկերանի մանկական երաժշտական դպրոցի սաները՝ տնօրեն Անահիտ Բադալյանի գլխավորությամբ։ Ուսանողներն ու երաժշտական դպրոցի սաները ներկայացրեցին իրենց կարողություններն ու հմտությունները՝ արժանալով հանդիսատեսի բուռն ծափահարություններին։ Իսկ §Հայաստանի Ձայն¦ նախագծի արցախյան ներկայացուցիչ, երգչուհի Գայանե Արզումանյանի §Հորովել¦-ի անզուգական կատարումը նոր լիցք հաղորդեց միջոցառմանը։ Ասկերանում այն, իրոք, կայացել էր ու դեռ ավելին։ Առաջարկներ եղան այն կրկնել, քանի որ դահլիճը փոքր էր, իսկ համերգին մասնակցելու ցանկություններ հայտնողները՝ շատ։

Նախքան համերգի սկսելը Ասկերանի հոգևոր հովիվ տեր Էմմանուլ քահանա Վարդանյանն աղոթեց ամենակարող Տիրոջը փոքրիկի առողջության համար։ Ամբողջ դահլիճը ոտքի կանգնած արտասանեց տերունական աղոթքը։

Վերջում համերգի կազմակերպիչներն իրենց երախտագիտությունը հայտնեցին բոլոր նրանց, ովքեր իրենց համեստ ներդրումներով ու մասնակցությամբ նպաստել են բարեգործական ակցիայի կայացմանը։ Բարեգործական համերգների շարքը կշարունկվի նաև մյուս շրջկենտրոններում և գյուղական համայնքներում։

§Արցախբանկում¦ Գուրգեն Էդուարդի Արզումանյանի անվամբ բացված հաշվեհամարն է 22300810465301:

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter