ՈՐՈՇ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ ՌԱԶՄԱՃԱԿԱՏԻ ԱՍԿԵՐԱՆԻ ՀԱՏՎԱԾԻ 93-ի ՀՈՒՆԻՍՅԱՆ ՌԱԶՄԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ
12.07.2011 17:50

alt

Ասկերանի ուղղությամբ թուրքերի ձեռնարկած բոլոր հարձակումները, որոնք ուղեկցվում էին երկար եւ ուժգին հրթիռահրետակոծությամբ, ավարտվել էին նրանց լիակատար պարտությամբ եւ փախուստով: Շնորհիվ մեր քաջարի ազատամարտիկների միահամուռ կամքի, ոգու տոկունության, բարձր կազմակերպվածության եւ հայրենի հողը պաշտպանելու անսահման նվիրվածության` թշնամու չարանենգ մտադրությունները միշտ էլ ձախողման են ենթարկվել: Ինչ վերաբերում է 1992 թվականի փետրվարի 26-ի, մարտի 6-ի, 11-ի եւ հունիսի 12-ի լայնամասշտաբ հարձակումներին, երբ թշնամին հասել էր կարճատեւ հաջողությունների` գրավելով մեր պաշտպանական առաջագծերը, դրանք պայմանավորված էին զենքի, զինտեխնիկայի եւ նման այլ միջոցների գերազանցությամբ, որոնց դեմ պայքարելու հիմնական միջոցները մենք պատերազմի սկզբից ի վեր չունեինք, ինչպես նաեւ ռազմավարական եւ մարտավարական տեսանկյունից ՙՈւղտի-Մեջքի՚ բարձր բլուրների շահավետ դիրքերի օգնությամբ: Ունենալով այդպիսի ռազմավարական կարեւոր նշանակության դիրքեր, որտեղից ողջ ավանը գտվում էր ափիդ մեջ, 1991թ. նոյեմբերից սկսած, թշնամին գրեթե անդադար հրթիռահրետակոծում էր ավանի եւ մեր պաշտպանական դիրքերի վրա:

 alt

Օրական 100-ից ավելի հրթիռներ եւ արկեր ուղիղ նշանառության տակ պայթվում էին բնակելի շենքերի ու տների վրա: Զոհվում եւ վիրավորվում էին խաղաղ բնակիչներ` կանայք, երեխաներ, ծերեր: Առանց ՙՈւղտի մեջքի՚ կրակակետերի վնասազերծման, դժվար ենք պատկերացրել, անհեռանկարային ենք համարել Ասկերանի պաշտպանության եւ պաշտպանունակության հետագա ամրապնդման գաղափարը: Քանի դեռ այն թշնամու ձեռքում էր, խոսք անգամ չէր կարող լինել Ասկերանի եւ հարակից բնակավայրերի լիարժեք անվտանգության ապահովման մասին: Այդ հենակետերի ոչնչացումը դարձավ մեր ինքնապաշտպանական ուժերի համար հրատապ անհրաժեշտության եւ շուտափույթ լուծում պահանջող գերխնդիր:
Եվ այսպես, 1993թ. փետրվարի վերջերից սկսեցինք ՙՈւղտի մեջքի՚` ասկերանցիների համար ահ ու սարսափ, ատելության ու զայրույթի խորհրդանիշ դարձած այդ բարձր զառիթափ բլուրների կրակակետերի վնասազերծման ռազմագործողությունը: Սակայն փետրվարի 22-ին, մարտ-ապրիլ ամիսներին ձեռնարկած մեր բոլոր հարձակողական օպերացիաները անհաջողությամբ էին ավարտվել: Խնդրի բարդությունը կայանում էր նրանում, որ բլուրների հետեւում գտնվող Շելլի, Ահմեդավար  գյուղերի տարածքներից մեզ վրա գործում էր նրանց ականանետերն ու ՙգրադ՚ կայանքները, իսկ ավելի հեռու` Խըդըրլու գյուղի դիմացի ՙՅեդդիխրման՚ կոչվող լեռնազանգվածներից հեռահար հրետանին: Այդ լեռնազանգվածներից պարզ նկատվում էր մեր բոլոր մարտական դիրքերը, իսկ ՙՈւղտի մեջքի՚ բլուրներից` ողջ Ասկերանն ու Կարկառի հովիտները, ինչպես նաեւ Ասկերանից Ստեփանակերտ եւ Նախիջեւանիկի ենթաշրջան տանող ավտոճանապարհները: Եվ պատահական չէ, որ պատերազմի առաջին իսկ օրերից թշնամին, վերահսկողության տակ առնելով վերոնշյալ այդ տարածքներն ու բնագծերը, օր ու գիշեր շարունակ հրթիռահրետակոծում էր թե՜ բնակավայրերը,  թե՜ ավտոճանապարհները:
Այսպիսով երկար նախապատրաստվելուց հետո, 1993թ հունիսի 25-ին սկսեցինք ՙՈւղտի մեջքի՚ կրակակետերի վնասազերծման հերթական ռազմագործողությունը: Ինչպես նախորդ անգամ, այս անգամ եւս հարձակումը սկսեցինք Կարկառի երկայնքով` ՙՈւղտի մեջքի՚ դիմացի աջափնյա մեր II ՙԼաչին ղույ՚ կոչվող բարձունքի, XIII ցածր բլուրների եւ Ասկերան-Նախիջեւանիկ ճանապարահատվածի վրա V ՙՉըրմըխութ՚ կոչվող բարձունքի մարտական դիրքերից:
Մինչեւ օպերացիայի սկիզբը, երկու օր անց, Խնապատի եւ Խրամորթի վաշտերի ազատամարտիկները ազատագրել էին Խրամորթ գյուղն ու ՙՅեդդիխրմանը՚: ՙՅեդդիխրմանից՚ նրանք T 72  տիպի տանկերից սկսեցին արկակոծել ՙԳյոռուտի՚ ¥գերեզմանոց¤ խաչմերուկը, Շելլի գյուղն ու մերձակա Սանատորիան` ապահովելով Խրամորթից ազատամարտիկների առաջխաղացմանը: Վերջիններիս հարվածների ուղղությունը թշնամու թիկունքն էր: Իսկ մենք, աստիճանաբար առաջանալով, սկսեցինք գրոհելով: Խուճապի մատնված թշնամին չկարողացավ դիմադրություն կազմակերպել: Թողնելով բլուրները` նրանք փախչելով մտան Շելլի գյուղը: Մենք հաստատվելով աջ մասի առաջին եւ երկրորդ բլուրներում` դիրքավորվեցինք: Իսկ մեզանից ձախ, դեպի Կարկառի եւ ՙԳյոռուտի՚ կողմի բլուրները զբաղեցրին Նորագյուղի եւ Իվան Մեհրաբյանի վաշտերի ազատամարտիկները:
Ցերեկը հեռադիտակով հետեւում էինք Աղդամի ներսում հակառակորդի տեղաշարժին եւ անցուդարձին: Իսկ մեր դիմացի` բարձունքներից ներքեւ Շելլի գյուղում մեռելային դրություն էր տիրում: Սակայն գիշերային պահերին, թշնամին մեկ-մեկ Շելլիից գնդացրերի եւ ինքնաձիգների կրակահերթեր էր արձակում բարձունքների ուղղությամբ` մեր հարմարավետ դիրքերի վրա: Մի քանի նռնականետային հրթիռներ արձակելուց, պատասխան գնդացրային կրակահերթերից հետո նորից մեռելային լռություն էր հաստատվում: Թշնամին մի քանի անգամ գրոհներ ձեռնարկելով փորձել էր ետ վերցնել ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող այդ բարձր բլուրները, ¥որտեղից նա անընդհատ հրթիռահրետակոծում էր Ասկերանի գրեթե ողջ շրջանն ու մայրաքաղաք Ստեփանակերտը¤, բայց, ամեն անգամ բախվելով մեր քաջազուն մարտիկների հուժկու հարվածներին, ձախողվել էր նրա մտադրությունը:
Հենց այդ բլուրների` մեր զբաղեցրած դիրքերից հաջորդ ամսվա երկրորդ կեսից սկսեցինք Արցախի հոգեառը դարձած այդ հրեշավոր ռազմակայանի` Աղդամի ոչնչացման ռազմագործողությունը:

Վիգեն Գաբրիելյան
Ասկերանի պատմաերկրագիտական
թանգարանի տնօրեն


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter