ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՄԱՐԱՍ
03.07.2013 14:47

  Ինքնին բերկրանք ու հիացմունք ես զգում, երբ քո շրջապատում տեսնում ես այնպիսի մարդկանց, որոնց անբասիր կենսագրությունը, աշխատանքի ողջ ուղին, կատարածն ու թողածը միմիայն հպարտանալու տեղիք են տալիս: Նման մարդիկ  իրենց ամբողջ էությամբ տարբերվում են բոլորից: Կյանքին նայում են երազկոտ աչքերով, ակնբախ լավատեսությամբ: Ավելի է ուռճանում սերդ ու հարգանքդ այդ անհատների հանդեպ, երբ գիտակցում ես նրանց դժվարին ու անխոնջ աշխատանքը,

նրանց մանկավարժական պատվաբեր գործունեությունը: Լաուրա Սերգեյի Աթայան… Մարդկային բյուր հատկանիշներով խմորված, ամենքին հայտնի իր յուրօրինակ և հարուստ ներաշխարհով ու անսպառ էներգիայով, որին կնախանձեին անգամ երիտասարդները: Ամբողջ կյանքում գործ ունենալով մանուկների հետ և ինքնամոռաց զբաղվելով մատաղ սերնդի դաստիարակության վեհ գործով՝ առայսօր ընկեր Աթայանի ուշադրության կենտրոնում, սոսկ, իր երեխաներն են:

 

Վերջերս նա կազմակերպեց մի հիանալի էքսկուրսիա դեպի պատմական Ամարաս:

Մասնակիցներն Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանցիներն էին: Նրանց ուրախությանը չափ չկար. ուսուցչուհին այնքան էր պատմել Արցախի պատմամշակութային տարբեր արժեքների, եկեղեցիների և վանքերի, խաչքարերի և հուշարձանների, արցախյան գեղատեսիլ և անկրկնելի բնության մասին, որ ոգևորված աշակերտները շտապում էին ժամ առաջ տեսնել դրանցից մեկը՝ Ամարասը:

Ամարաս գյուղաքաղաքը գտնվում էր Արցախի նահանգի Մյուս Հաբանդ գավառում, այժմյան Մարտունի քաղաքից 10 կմ դեպի հարավ-արևելք, Խազազի և Լուսավորիչի ցածրադիր սարերի միջև ընկած գոգավորությունում: Չորրորդ դարի սկզբին Գրիգոր Լուսավորիչն Ամարասում հիմնել է վանք, որի կառուցումն ավարտել է նրա թոռ Գրիգորիս եպիսկոպոսը: Հինգերորդ դարի վերջին Գրիգորիսի գերեզմանի վրա Վաչագան Գ. Բարեպաշտ թագավորը կառուցել է մատուռ, որն այժմ էլ գոյություն ունի: Ամարասը գավառի ոչ միայն հոգևոր, այլև մշակութային ու տնտեսական կարևոր կենտրոնն էր: Հինգերորդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն այստեղ բացել է Արցախի առաջին դպրոցը:

Արաբական տիրապետության շրջանում վանքը մի քանի անգամ ենթարկվել է ասպատակության՝ գավառով հանդերձ և հայերի կողմից արժանացել ջախջախման: Վանքը ներփակված էր հաստավեմ պարիսպներով և վտանգների դեպքում դառնում էր բերդամրոց , որտեղ պատսպարված ժողովուրդը դիմակայում էր թշնամուն: Ամարասի վանքը բազմիցս ենթարկվելով ավերվածության թուրք-սելջուկների և թաթար-մոնղոլների կողմից՝ միշտ էլ արագորեն վերականգնվել, շենացել ու կարողացել է վերստանալ իր երբեմնի տեսքը: Ամարասի վանքն ամենածանր ավերվածության ու թալանի է ենթարկվել 13-րդ դարի վերջին, մոնղոլական Աբաղա խանի հրոսակների կողմից: Լենկթեմուրի արշավանքների ժամանակ, 14-րդ դարի վերջին, վանքը խիստ ավերվեց, բայց չկորցրեց իր եպիսկոպոսական աթոռը: Ամենածանր պայմաններում անգամ Ամարասը մնում էր որպես մշակութային աշխույժ կյանքով ապրող միաբանության կենտրոն: Այնտեղ անընդմեջ գործում էր դպրոցը, ստեղծվում էին թանկարժեք ձեռագրեր, որոնցից շատերը հասել են մեր օրերը:

Վանքի մայր եկեղեցին կառուցված է Շուշիի քարհանքի բաց մոխրագույն սրբատաշ որձաքարով: Տաճարի սրահի երկարությունը 23 սմ է, լայնությունը՝ 13,33 մ:

Աշակերտներն ամենայն զարմանքով ու հիացմունքով էին լսում դասվարի ամեն մի խոսքը: Նրանք հպարտ և ուրախ էին, որ գտնվում են Արցախի առաջին դպրոցում: Պահպանված պարիսպներին ու վանքի օժանդակ շինություններին նայում էին որպես սուրբ մասունքների:

Վանքի բակը, որ ասես մի երկնային դրախտավայր լիներ, ներկաներին կախարդում էր իր ավանդական թթենիներով, կուսական գեղեցկությամբ: Երեխաներն ու նրանց ծնողներն օրը վայելում էին լիովին՝ զգալով նրա անմոռանալի խորհուրդը:

Աշակերտները պատասխանելով դասվարի տարբեր հարցերին՝ ցույց տվեցին  դպրոցում սերտածն ու յուրացրածը: Նրանց համար ամեն ինչից վեր էր Արցախ աշխարհը, նրա անառիկությունը: Երեխաները գիտեին հայրենի բնության, կենդանական աշխարհի մասին, իսկ ամենից լավ նկարագրեցին մարդուն՝ իր ամենաբարի ու վսեմ հատկանիշներով: Այնուհետև արտասանեցին, երգեցին ու պարեցին՝ մեծ խանդաղատանք պարգևելով ուսուցչուհուն և ծնողներին:

՛՛ Այն, որ այսօր ընտրել ենք հենց այս պատմական օջախը, մեծ իմաստ է իր մեջ ներառում: Չէ որ այստեղ է հիմնվել Արցախ աշխարհի առաջին դպրոցը: Արցախի ժողովուրդը, որ տանջվել ու չարչարվել է բազմաթիվ ոսոխների կողմից, երբեք չի կորցրել իր հավատքը և սերը գրի ու գիտության հանդեպ: Զենքն ու գրիչը միշտ անպակաս էին հայի ձեռքից: Ահավասիկ, հայը կարողացավ հասնել ամենամեծ բարձունքներին ու ստեղծել այսպիսի հզոր երկիր: Այսօր, ես պատգամում եմ ձեզ միշտ ապրել հայավարի, արժանավայել: Համոզված եմ, որ այս տարիների ընթացքում կարողացել եք գիտակցել ամենակարևորը. սիրել Հայրենիքը և ուսումը՛՛,- նշեց Լաուրա Աթայանը:

Երեխաներն Արցախի հնամենի այս սրբատեղում երդվեցին լավ սովորել և իրականացնել դասվարի և ծնողների հույսերը:

Հիրավի, կազմակերպված էքսկուրսիան հասավ իր նպատակին: Օրն այնքա՜ն հաճելի էր ու իմաստալից: Ամարասն իր ողջ վեհությամբ ու կախարդանքով ներկայացվել էր ներկաներին: Այս զարմանահրաշ ուգևորությունը դեռ երկար կմնա 4-րդ դասարանցիների և նրանց ծնողների հիշողությունում:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter