12 ՀՈՒՆԻՍԻ. ԽՈՆԱՐՀՈՒՄԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ |
03.07.2013 15:33 |
Արցախյան ազատամարտի տարեգրության մեջ հունիսի 12-ը սև երիզով է պատված։ 1992 և 1993թվականների հունիսի 12-ին Ասկերանի գունդը մեծ թվով կորուստներ կրեց՝ Աղդամի ուղղությամբ ձեռնարկված ռազմագործողությունների ժամանակ։ Արդեն 20 տարի է, ինչ Արցախյան ազատամարտի ասկերանցի վետերանները հունիսի 12-ին հավաքվում են Ասկերանի՝ Արցախյան ազատամարտում նահատակված ասկերանցիների հիշատակը հավերժացնող հուշավահանակի մոտ, իրենց հարգանքի տուրքը մատուցելու զոհված ընկերների հիշատակին։ Ավանդական է դարձել վետերաններով հավաքվելն ու այդ դժնդակ օրերն ու դեպքերը միասին վերհիշելը։ Միջոցառմանը մասնակցում էին շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, ԼՂՀ ՓԾ պետ Արտուր Հարությունյանը, Արցախյան ազատամարտի վետերաններ Հայաստանի Հանրապետությունից, Ստեփանակերտից, Ասկերանից։ Նրանք նախ ծաղիկներ տեղադրեցին Ասկերանի հուշավահանակին, ապա շարժվեցին դեպի §Տանկ¦ հուշահամալիր, այնտեղից էլ՝ այդ օրերին ծավալված պատերազմական գործողությունների վայր, որտեղ ևս հուշարձան է կանգնեցվել։ Ծաղիկներ դնելուց և հարգանքի տուրք մատուցելուց հետո ելույթներ ունեցան Սլավիկ Առուշանյանը, Արտուր Հարությունյանը, Ալյոշա Գաբրիելյանը, Վիգեն Գաբրիելյանը։ Հայաստանի վետերանների միության կողմից §Հայրենիքի պաշտպանության համար¦ մեդալով պարգևատրվեցին մի խումբ ազատամարտիկներ։ Ասկերանի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Աղաջանյանը հյուրերին նվիրվեց գեղարվեստական նկար։
Օրն իր մեջ մեծ խորհուրդ էր կրում, քանզի սուրբ պարտականություն է դարձել հունիսի 12-ին վետերաններով հավաքվելն ու նահատակված ընկերների հիշատակին հարգանքի տուրք մատուցելը։ Մեր քաջարի ազատամարտիկների հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս սրտերում, նրանց կատարած սխրագործությունները կհիշվեն դարեդար, քանզի նրանք հայոց հերոսական պատմության մեջ նոր էջ են բացել, որտեղ նրանց անունները ոսկե տառերով են գրված։ Հավերժ փա՜ռք հայրենիքի համար նահատակված հերոսներին։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |