ԱՌԱՋԻՆ ԶՈՐԱԿՈՉՆ ԻՍԿԱԿԱՆ ՏՈՆԻ ԷՐ ՎԵՐԱԾՎԵԼ
03.07.2013 15:43

   Ծառայել Հայրենիքին ու պաշտպանել այն ամեն գնով. ահա այն, ինչ յուրաքանչյուր հայ համարում է իր սուրբ պարտականությունը: Այսօրվա մատաղ սերունդն իր ապուպապերից ժառանգած հայրենասիրական բարձր զգացմունքներով ու անկոտրում ոգով է պատրաստվում զորակոչվել ԼՂՀ ՊԲ շարքերը և կատարել իր գերագույն պարտքը Հայրենիքի հանդեպ: Հպարտության ալիքը ներխուժում է ներսդ, երբ տեսնում ես նման պատանիների առնականացող դեմքերը, լուրջ և իմաստալից հայացքները, իսկ մայրերին նայող գողունի, թախծոտ աչքերն աշխատում ենք  չնկատելուն տալ: Այո՛, նրանք պետք է ծառայեն Հայրենիքին և ապահովեն

 Արցախ աշխարհի խաղաղ երկինքը, նրանցով է մեր երկիրը հզոր, նրա սահմաններն՝ անառիկ:

Հունիսի 17-ին Ասկերանի զինկոմիսարիատի բակը մարդաշատ էր: Գարնան առաջին զորակոչն էր, 13 նորակոչիկներ պատրաստվում են ծառայելու ԼՂՀ ՊԲ շարքերում: Նորակոչիկներին բարի ճանապարհ մաղթելու էին եկել Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանը, ԱԱՄ Ասկերանի տարածքային միավորման խորհրդի նախագահ Սամվել Աղաջանյանը, ազատամարտիկներ, նորակոչիկների հարազատները, ընկերները:

Ասկերանի զինկոմիսարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Սառաջյանը շնորհավորելով նորակոչիկներին այս հիշարժան օրվա կապակցությամբ՝ նշեց.

-Այսօր շատ պատասխանատու օր է բոլորիդ համար: Մարդու համար ամենաթանկն աշխարհում իր Հայրենիքն է, որին պատիվ ունեք ծառայելու դուք: Ձեր ծառայության շնորհիվ պաշտպանելու եք մեր երկիրը, ժողովրդին: Հիշեցե՛ք, ձեզ սպասում են ձեր մայրերը, հարազատները և նրանք պետք է ձեր մասին լսեն միշտ լավն ու օրինակելին: Ծառայե՛ք հաջողությամբ:

Ազատամարտիկ Վիգեն Գաբրիելյանն իր խոսքում նշեց.

-Սիրելի նորակոչիկնե՛ր, ձեզանից յուրաքանչյուրն այսօր քաջ գիտակցում է, որ մեր բանակը տարածաշրջանի կարգապահ և մարտունակ բանակներից է: Ձեր հայրերն ու պապերը մեծ ներդրում են ունեցել Արցախյան պատերազմի հաղթանակի և ԼՂՀ ՊԲ կազմավորման գործում: Այսօրվա խորհուրդը ոգու ամրապնդման մեջ է և դուք ամեն կերպ պետք է լինեք խիզախ, համբերատար և մտածեք միմիայն այս գեղեցիկ և չքնաղ լեռնաշխարհը պաշտպանելու մասին: Համոզված եմ, որ մեծ գիտակցումով եք մեկնում ՊԲ շարքերը և ձեր վարքագծով ու պահվածքով սոսկ ուրախություն կպատճառեք ամենքին:

Նորակոչիկները հուզված էին: Իհարկե, նրանց համար դժվար է բաժանվել հարազատներից, ընկերներից, սակայն մի բան հաստատ գիտեին. Հայրենիքի պաշտպանության սահմաններն իրենց են սպասում:

Առավել հուզված էին ծնողներն ու հարազատները: Երբ մոտեցա նորակոչիկի հայր Արմեն Համբարձումյանին (ի դեպ, նա Արցախյան պատերազմի մասնակից է և առայսօր ծառայում է ԼՂՀ ՊԲ-ում ու վայելում միայն սեր ու հարգանք) ու լսեցի նրան, միանգամայն հպարտություն զգացի բոլորիս համար:

§Մեր որդիները պարտավոր են ծառայել Հայրենիքին: Միայն այնտեղ նրանք կդառնան կոփված և իսկական տղամարդիկ: Անշուշտ, կկարոտեն և կտխրեն, սակայն կգիտակցեն Հայրենիքի հանդեպ պարտքի զգացումը, կհասկանան խաղաղ ապրելու գինը: Գիտեմ, նրանց բազում փորձություններ են սպասվում, բայց նրանք պետք է դիմանան ու հաղթահարեն ամեն ինչ: Համոզված եմ, որ մեր տղաները պատվով կկատարեն իրենց սուրբ պարտքը և անփորձանք կվերադառնան տուն¦:

Նորակոչիկներին շնորհավորելու էր եկել նաև Ասկերանի §Բերդ¦ ժողգործիքների համույթը: Նրանց ռազմահայրենասիրական երգերն ավելի ոգեշնչեցին նորակոչիկներին ու նրանց հարազատներին: Զորակոչն իսկական տոնի էր վերածվել:

ԼՂՀ ՊԲ շարքերը մեկնող տղաներին մաղթում ենք բարի՛ ծառայություն և բարի՛ վերադարձ:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter