ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՄԵՐԳ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ |
03.07.2013 16:07 |
Անգին նվեր՝ փոքրիկ մանկան ձեռքով սարքած, Գիտցե՛ք, չկա դրանից թանկ էլ ոչ մի բան: Ամեն մեկը տանն անկյուն ունի սարքած, Տուն մտնողի հայացքն է այնտեղ գամված: Ասկերանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը սովորողների ազատ ժամանցի կազմակերպման միջոցով իրականացնում է լրացուցիչ կրթադաստիարակչական բնույթի գործունեություն: Կենտրոնում ստեղծված են համապատասխան պայմաններ երեխաների հետաքրքրությունների, նրանց ստեղծագործական ունակությունների, գեղագիտական և ռազմահայրենասիրական դաստիարակության զարգացման համար: Կենտրոնն ակտիվ մասնակցություն է ունենում շրջանային և հանրապետական մրցույթ-փառատոններին, շրջանում կազմակերպվող բոլոր տոն և հիշարժան օրերին կայացած միջոցառումներին, կազմակերպում է ցուցահանդես-վաճառքներ:
Հունիսի 18-ին կայացած հաշվետու համերգ-ցուցահանդեսը առհավատչյան էր այն ամենի, ինչ իրականացրել է Ասկերանի մանկապատանեկան ստեղծագործական կերնտրոնը 2012-13 ուսումնական տարում: Միջոցառմանը ներկա էին շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Արթուր Մելքումյանը, Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը, կրթության բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանը, Ասկերանի շրջարհմիության նախագահ Գայանե Գաբրիելյանը, հյուրեր, ծնողներ, աշակերտներ: Միջոցառումն սկսվեց ցուցահանդեսից: Ներկաները զմայլվեցին կենտրոնի սաների և խմբակավարների ձեռքի աշխատանքներով, արժևորեցին այդ նրբատաշ գործերը, որոնք ցույց էին տալիս կենտրոնի միամյա գործունեության արդյունավետ աշխատանքը: Տարեցտարի փոքրիկների ձեռքի աշխատանքներն ավելի մեծ հիացմունք ու զարմանք են պարգևում. ամեն մի աշխատանք իր ինքնատիպությամբ ու յուրօրինակ հմայքով ջերմացնում է ներկաների հոգիները՝ տանելով ամենքին դեպի հրաշալի մի աշխարհ: Ողջույնի խոսքով հանդես եկավ կենտրոնի տնօրեն Հասմիկ Եսայանը. -Այսօր, այս գեղեցիկ դահլիճում հավաքվել ենք հրաժեշտ տալու ևս մի ուսումնականի: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեր երեխաների մի տարվա սովորածը, նրանց աշխատանքները: Յուրաքանչյուր խմբակավար իր պարապմունքի ընթացքում սովորեցրել է այն ամենը, ինչ կարողացել է: Մեր սաները մի կարճ ժամանակով ձեզ կտեղափոխեն մեր կենտրոն և կծանոթացնեն կենտրոնի առօրյային: Համոզված եմ, որ նրանք կպարգևեն ուրախ տրամադրություն և հաճելի պահեր: Ասկերանի, Շոշի, Ավետարանոցի, Այգեստանի երեխաները ներկայացրեցին գեղեցիկ հանդես: Կենտրոնում գործող բազում խմբակների ժրաջան սաները ներկայացնում էին իրենց սովորածը՝ հավաստիացնելով ծնողներին, որ իրենք ունեն հմուտ և ոսկե ձեռքեր: Նրանք ուսուցիչների շնորհիվ հասել են շատ արդյունքների, ուղղորդվել են դեպի ուղիղ և ճիշտ ճամփա: Փոքրիկներն իրենց ցանկություններն էին ուղղում մեծերին: Թեպետ մանուկ են դեռ ու անհոգ, սակայն անտեղյակ չեն մեծերի հոգսերին: Նրանք պատգամ հղեցին Երկիր մոլորակին. -Այնպես արա, որ երկրային ամեն մի էակ ապրի միշտ խաղաղ երկնքի տակ, հաշտ ու համերաշխ: Թույլ ու ուժեղ ապրեն մեկտեղ, աշխարհի բոլոր մանուկները տեսնեն միայն լավն ու բարին, լինեն սիրով սնված, գեղեցիկով շրջապատված, քանզի միայն լավը տեսած ու սովորած մանուկն արժանավոր մարդ կդառնա ու բոլորին կառաջնորդի դեպի կյանքը երանելի: Երեխաները ներկայացրին նորաձևության ցուցադրություն՝ ցուցադրելով իրենց իսկ ձեռքերով հյուսած, ձևած, կարած հագուստները: Փոքրիկներն այնպես հպարտ էին ճեմում բեմում, ասես իսկական մոդելներ լինեին: Այնուհետև, ցուցադրեցին փոքրիկ բեմականացում, ասմունքեցին, երգեցին մանկական երգեր՝ ներկաներին տեղափոխելով մանկական անարատ աշխարհ: Իսկ հայկական ավանդական §Քերծե¦ և §Սասուն¦ պարերը մեծ ոգևորություն և հայրենասիրական լիցքեր հաղորդեցին դահլիճին: Սակայն սաները չեն բավարարվի բեռքբերածով, նրանք խոստացան ավելի հմտանալ ու վարպետանալ՝ դառնալով հարազատ շրջանի փառքն ու պարծանքը: Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանն իր հիացմունքի խոսքը հղեց ներկաներին. - Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ Ասկերանի ՄՊՍԿ-ն կարողացավ մեզ դյութել ու հետաքրքիր պահեր մատուցել: Այն, ինչին ականատես եղանք, ապացուցում է խմբակավարների և սաների փոխհամագործակցությունն ու փոխըմբռնումը: Մեզ համար հաճելի է, որ ունենք նման տաղանդաշատ և ուշիմ երեխաներ: Ակնհայտ է երեխաների ստեղծագործական ունակությունների զարգացումը, նրանց պատասխանատվության բարձր զգացումը: Համոզված եմ, որ ապագայում ավելի մեծ արդյունքներ կարձանագրվեն կենտրոնում, իսկ մենք կհպարտանանք փոքրիկների աշխատանքներով ու կճաշակենք նրանց խոհանոցի բարիքները: Վերջում, կենտրոնի խմբակավարները երեխաներին պաղպաղակ բաժանեցին՝ այդպիսով հաճելի ուրախություն պարգևելով նրանց: Արդարև, միջոցառումը տպավորիչ էր և բարձր մակարդակով կազմակերպված: Ներկաներից յուրաքանչյուրն ապրեց մեծ բերկրանք ու բավականություն՝ ունկնդրելով փոքրիկների հանդեսը, տեսնելով նրանց ձեռքի աշխատանքները: Ինչ խոսք, հաշվետու ժամանակաշրջանում Ասկերանի ՄՊՍԿ-ի ողջ կոլեկտիվը կատարել է հնարավորինը սաների ստեղծագործական ունակություններն ավելի ամրապնդելու ուղղությամբ: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |