ԼՐԱՑԱՎ ԽՐԱՄՈՐԹԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿԸ
03.07.2013 16:13

   Արցախյան ազատամարտի տարգերության մեջ սև և դժնդակ օրերից զատ կան բազում հերոսական ու պանծալի էջեր, որոնք արժևորվում են այսօրը և հավատ ներշնչում ապագայի հանդեպ։
 Այդ տարեգրության նշանակալից օրերից մեկն էլ 1993 թվականի հունիսի 26-ն է՝ շուրջ 1.5 տարի թշնամական գերևարումից Խրամորթ գյուղի ազատագրման օրը։ Գյուղի ազատագրման յուրաքանչյուր տարելից նշվում էր յուրովի, իսկ ահա նրա 20-ամյա հոբելյանը

նշվեց առավել հանդիսավոր պայմաններում ու մեծ շուքով։ 
 Միջոցառմանը ներկա էր Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանը, ԼՂՀ փրկարար ծառայության պետ Արտուր Հարությունյանը, և մոսկվայաբնակ բարերար Պետյա Խաչատրյանը, Ասկերանի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Աղաջանյանը, ազատամարտի վետերաններ, խրամորթցիներ։ Հավաքվել էին խրամորթցի ազատամարտիկները նույն տոգորուն ոգով՝ որով ազատագրեցին հարազատ գյուղը։
Բացման խոսքով հանդես եկավ Խրամորթի համայնքի ղեկավար Արգեն Մկրտչյանը։
- Ուղիղ 20 տարի առաջ մեր հարազատ գյուղը վերջնականապես կարողացավ թոթափել թշնամու ծանր կապանքները և ազատ շունչ քաշել՝ ջերմ գիրկը կանչելով իր զավակներին։ Հավերժ փառք խրամորթցի 31 հերոս զավակներին, որոնց արյան գնով Արցախը հարատև խաղաղություն ձեռք բերեց։ Անշուշտ միայն պատերազմում չեն հերոսներ ծնվում։ Այս հիշարժան օրը մեզ հետ է մեր գյուղի բարերար Պետյա Խաչատրյանը, որի ամեն մի գալուստը տոն է խրամորթցիներիս համար։
Ապա համայնքի ղեկավարը հանդիսավոր միջոցառումը հայտարարեց բացված, որից հետո հնչեց Արցախի Հանրապետության պետական օրհներգը։ Ելույթի համար խոսքը տրվեց Խրամորթի մշակույթի տան տնօրեն Նաիրա Աբրահամյանին։
- Աշխարհագրական դիրքից ելնելով բազմաթիվ անգամ Խրամորթը բռնազավթվել ու ավերվել է թշամիների կողմից, սակայն ամեն անգամ փյունիկի նման վեր է խոյացել, կրկին շենացել ու զարգացել։ Արդեն սուրբ ավանդույթ է դարձել ամեն տարի այս հուշահամալիրի մոտ հավաքվելն ու հարգանիքի տուրք մատուցելը բոլոր նրանց, ովքեր ոչինչ չեն խնայել հայրենիքի պաշտպանության համար։ Չենք մոռանան ոչ ոքի և ոչինչ, նրանց ովքեր ֆիզիկապես մեզ հետ չեն, և նրանց ովքեր ապրելով մեր կողքին իրենց սխրանքների մասին համեստաբար լռում են։
 Խրամորթի միջնակարգ դպրոցի սաները պարտքի մեծ գիտակցումով հիշատակեցին խրամորթցի 31 զոհված հերոս զավակների նվիրական անունները։ Ապա դպրոցականները ելույթ ունեցան հայրենասիրական երգերով ու արտասանություններով։
 - Արցախյան ազատամարտը ծանր, անբուժելի վերքեր և անջնջելի հետքեր է թողել հազարավոր ընտանիքներում, որոնք հավետ կհիշեցնեն մեր ժողովրդի դառն անցյալի մասին։ Աշխարհում չկա ավելի ծանր ողբերգություն, քան ծննդավայրի կորուստը, և քաջ գիտակցելով այս ամենը մեր ազատամարտիկները ելան մարտի չխնայելով ամենաթանկը՝ կյանքը։ Նրանք համոզված էին, որ կգա այսօրը և անողոք պատերազմը կմնա անցյալում, Արցախի երկնակամարում կրկին կփայլի արևը՝ ամենուր սփռելով կյանքի գնով նվաճած ազատության շունչն ու ոգին։ Ազատություն, որը թեև մեր անցյալի մշուշում թողեց խավարն ու մութը, ցավն ու կորուտը, բայց նաև հույսի ճրագ վառեց ապագային կերտման ու նոր կյանքի ձևավորման համար։ Փառք ու պատիվ նրանց, ովքեր զոհվել են Հայրենիքի ազատագրության պայքարում, փառք ու պատիվ նրանց, ովքեր շենացնում են հայրենի եզերքը,- իր ելույթում ասաց Խրամորթի միջնակարգ դպրոցի կազմակերպիչ Նանար Աղաջանյանը։
Արցախյան ազատամարտի վետերան Էդվարդ Սարգսյանն իր ելույթում վերապրեց 1993թ. հունիսի 26-ի և դրան նախորդած դեպքերը, երբ քուն ու հանգիստ չունեին, երբ թշնամին գտնվում էր հարազատ գյուղում, թեկուզև լիովին չէր կարողանում տիրանալ Խրամորթին։ Մեր տղաները դիրքավորված Քարագլխից հետևում էին ոսոխի ամեն մի շարժմանը, իսկ գիշերները հետախույզների մի ջոկատ իջնում էր գյուղ, ականապատում այն, ետ բարձրանում դիրքեր։ Այդ կերպ գործելով հաջողվեց թշնամու բազմաթիվ զրահատեխնիկա շարքից դուրս հանել։ Աննկարագելի էր գյուղի ազատագրման համար նախապատրաստվող ռազմագործողությունը, որը հաջողությամբ պսակվեց։ Խրամորթն ազատագրվեց առանց կորուստների, գյուղի դպրոցական շենքում դարանակալած թշնամին ոչնչացվեց։ Ու հենց դպրոցի մերձակայքում մի ծառի տակ տոնվեց հայրենի եզերքի ազատագրումը, որին այնքան երկար էին սպասել։
 Հուզումնալից էր զոհված ազատամարտիկ Էդիկ Մոսիյանի մայր Գյոզալ Մոսիյանի ելույթը։ Իսկ նրա թոռ՝ Էթերի Մոսյանն արտասանեց իր իսկ գրած ոտանավորը հայրենի չքնաղ Խրամորթի, զոհված քաջ մարտիկներին մասին, որոնց նա տենչում էր տեսնել, ծանոթանալ խաղաղ պայմաններում, սակայն դրա փոխարեն նա գլուխ է խոնարհվում նրանց շիրիմներին և հուշարձաններին դաջված անմոռաց անունների առջև։
 - Օրեցօր շենացող և բարգավաճող Խրամորթը մեր ղեկավարների վարած ճիշտ քաղաքականության արդյունք է։ Գյուղն ապահովված է էլեկտրականությամբ, խմելու ջրով, գազով, այսինքն ստեղծված են բոլոր պայմաններն այն շենացնելու համար։ Մենք այսօր հպարտենք ենք մեր որդիների սխրագործությունների համար, քանզի նրանց թափած արյան գնով ձեռք բերվեց ազատություն և անկախություն, - ասաց Գ. Մոսիյանը։  
 Ի նշան երախտագիտության Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը խրամորթցի բարերար Պետյա Խաչատրյանին գյուղում բազմաթիվ բարեգործական ծրագրեր իրականացնելու համար նվիրեց գեղարվեստական նկար՝ ցանկանալով միշտ լինել համագյուղացիների կողքին և հովանի լինել նրանց։
 Վերջում Ասկերանի ՙԲերդ՚ ժողգործիքների համույթը ելույթ ունեցավ հայրենասիրական և ազգային երգերի կատարմամբ։

- Թշնամին մեկ անգամ չէր, որ ցանկանում էր տիրանալ գյուղին, սակայն ամեն անգամ արժանի հակահարված ստանալով ետ էր շպրտվում։ 1992թ. հունվարին այլ էր պատկերը, հերթական գրոհը թշնամին լայնամասշտաբ էր կազմակերպել՝ մեծաթիվ զրահատեխնիկայով և հետևակով, որին անհնար էր դիմագրավել։ Մեր տղաները ստիպված դիրքավորվեցին գյուղի վերևում։ Ապա կազմավորվեց գյուղի վաշտը՝ բաղկացած 108 մարտիկներից, որոնք գիշեր ու զոր հերթափոխով հսկում էին գյուղը։ Վերին շեն կոչվող տեղամասից մեր տղաները 1.5 տարի գյուղը վերահսկելուց հետո վերջապես 1993 թվականի հունիսի 26-ին հաջողվեց թշնամուն վտարել գյուղի սահմաններից։ Պետությունն իսկույն ձեռնամուխ եղավ 30 բնակելի տուն կառուցելուն։ Խրամորթցիները իսկույն վերադարձան գյուղ և կցվեցին այն կրկին շենացնելու վեհ գործին։ Առայսօր պետական միջոցներով գյուղում 105 տուն է կառուցվել։ Եթե մինչ արցախյան ազատամարտը Խրամորթն ուներ 750 բնակիչ՝ 210 ընտանիքով, ներկա դրությամբ գյուղաբնակների թիվը 340-ն է, իսկ գյուղում գրանցված և այլ բնակավայրերում ապրողների թիվն անցնում է 500-ից։ Կարծում եմ, եթե նրանք էլ ապահովվեն բնակարանով մեծ ուրախությամբ կվերադառնան հարազատ գյուղը։ Տարեց-տարի գյուղաբնակների թիվն ավելանում է։ Ակնառու է գյուղի զարգացման դինամիկան. եթե 2012թ. գյուղում գրանցվել է ընդամենը 6 ծնունդ, ապա ներկա դրությամբ գյուղում արդեն ծնվել է 6 երեխա։ Գյուղն ունի երիտասարդ ընտանիքները, ինչը ևս շատ ուրախալի է։ Չնայած աշխատանքի բացակայությանը երիտասարդներն անում են հնարավորինս բարեկեցիկ կյանքով ապրելու համար։ Այս հիշարժան օրը շնորհավորում եմ բոլորիս և ցանկանում հայ ժողովրդին միայն հաղթանակներ,- օրվա կապակցությամբ ասաց Էդիկ Սահակյանը, ով 1984-1995թթ. Խրամորթի կոլտնտեսության նախագահն էր։
Երկար տարիներ դասավանդելով Խրամորթի միջնակարգ դպրոցում որպես ՆԶՊ ուսուցիչ Կարո Գրիգորյանը գյուղի համար օրհասական պահին կրկին իր աշակերտների հետ էր, որոնց սովորեցրել էր զենքի հետ վարվելն ու մարտական ոգին միշտ բարձր պահելը։
 - Գյուղը գրավելուց հետո Խրամորթի վաշտի առաջին հրամանատար Գառնիկ Ավանեսյանի գլխավորությամբ Խրամորթի վերևում դիրքավորվել էինք, որտեղից հետապնդում էինք թշնամու ամեն մի շարժմանը։ Թեկուզ հրաման կար մեր գյուղի դիրքերն ավելի ամրապնդել, սակայն Քարագլխում տեղի ունեցած մարտերից մեկի ժամանակ Գառնիկը փոքր խմբով օգնության էր հասել, որտեղ էլ, ցավոք, հերոսաբար զոհվեց, այդպես էլ չտեսնելով հայրենի գյուղի ազատագրումը։ Բոլորս այնպիսի անհամբերությամբ էինք սպասում գյուղն ազատագրելուն։ Վերջապես հունիսի 26-ին հրաման ստացանք գյուղը գրոհելու, այնքան բարձր էր մեր ազատամարտիկների մարտական ոգին, որ նկարագրելն անհնար է, չէր որ վերջապես հասել է ժամը հայրենիք եզերքն ազատագրելու։ Վաշտի հրամանատարի պարտականությունները ստանձնած Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ հունիսի 26-ին՝ արևածագին թշնամին ետ շպրտվեց Խրամորթից,- ճեպազրույցի ընթացքում ասաց Խրամորթի վաշտ հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Կարո Գրիգորյանը։ 
 - Գյուղի երիտասադրությունն այսօր գիտակցում է, թե ինչ է հարկավոր բարեկեցիկ կյանքով ապրելու համար։ Այս 20 տարիների ընթացքում գյուղում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել թե՛ պետական միջոցներով, և թե՛ առանձին բարեգործների շնորհիվ։ Գյուղում պարբերաբար շաբաթօրյակներ են կազմակերպվում, որին ակտիվ մասնակցություն են ունենում բոլորը։ Նման կերպ մեզ հաջողվել է գյուղի հնացած ջրագծերը փոխարինել նորերով և գյուղն ապահովել խմելու ջրով։ Օգտվելով ընձեռված առիթից շնորհավորում եմ բոլորիս գյուղի ազատագրման 20-ամյակի կապակցությամբ, ինչպես նաև իմ շնորհակալությունը հայտնում համագյուղացիներիս ցանկացած հարցում ըմբռնումով մոտենալու և աջակցություն ցուցաբերելու համար,- օրվա միջոցառումն ամփոփեց համայնքի ղեկավար Արգեն Մկրտչյանը։ 

ԱՆԱՀԻՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ 


 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter