ՀՐԱԺԵՇՏ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՆ |
03.07.2013 16:23 |
Հունիսի 28-ին Ասկերանի մշակույթի տան դահլիճը մարդաշատ էր: Հայ Ավետարանչական Ընկերակցության մանկապարտեզի ավագ խմբի 20 երեխաներ հրաժեշտ էին տալիս հարազատ մանկապարտեզին: Դահլիճն այնպես էր զարդարված, որ յուրաքանչյուրն իրեն մի իսկական հեքիաթում էր զգում: Արեգակը երկնքից լույսի շողեր էր սփռում, գույնզգույն փուչիկներն ու երփներանգ ծաղիկները հանդեսին ավելի տոնական ու կախարդական իմաստ էին տալիս: Այդ ամենին խառնվում էր երեխաների կարկաչուն ծիծաղը, ներկաներին բերկրանք պարգևում նրանց անմեղ ու զարմացած հայացքները: Հյուրերն իրենց զգում էին երեխաների անարատ ու չքնաղ մոլորակում:
Հանդեսին ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանը, Ասկերանի քաղաքապետի տեղակալ Հայկ Շամիրյանը, ծնողներ, երեխաներ: Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ ՀԱԸ տնօրեն Անահիտ Դանիելյանը. -Այսօր նշանակալից օր է բոլորիս համար: Մեր սանիկները մտնում են գիտակցական փուլ, նրանք իրենց թոթովախոս լեզվով պատրաստել են մի գեղեցիկ համերգ, որով, համոզված եմ, կուրախացնեն ու հաճելի պահեր կպատճառեն մեզ: Փոքրիկներն այս տարիների ընթացքում կարողացել են տարբերել լավը վատից, բարին չարից: Նրանք գիտեն հաշվել, ճանաչում են երկրաչափական մարմինները, հայերենի տառերը: Հպարտությամբ եմ փաստում, որ մեր դաստիարակների անխոնջ աշխատանքի շնորհիվ դաստիարակվել են արժանի երեխաներ, որոնք դպրոցում բարձր կպահեն մանկապարտեզի պատիվը: Իհարկե, հարկ է նշել նաև ծնողների հետ փոխհամագործակցությունը, նրանց փոխըմբռնումը: Այսօր, մեր երեխաներից ամեն մեկը մի սպիտակ աղավնի է նստած ծառի վրա, որ սպասում են թռիչքի և թող նրանք միշտ ճախրեն կապույտ երկնքում: Հանդեսը բացվեց աղջիկների նրբագեղ պարով: Այնուհետև փոքրիկներն արտասանեցին, երգեցին: Նրանց մանկական լեզվի քաղցր հնչյունները մի առանձին ջերմություն տարածեցին դահլիճում: Իսկ տղաներն իրենց զինվորական հագուստներով ու պարով մեծ ոգեշնչում հաղորդեցին ներկաներին՝ ցույց տալով, որ արդարև, իրենք են մեր ապագան ու մեր երկրի պաշտպանները: Դաստիարակները ջանք չէին խնայել երեխաների մեջ սերմանելու հայրենասիրություն, ընկերություն, համերաշխություն, որի խոսուն ապացույցն էլ օրվա միջոցառումն էր: Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը շնորհավորելով փոքրիկներին՝ նշեց. -Շնորհակալություն, սիրելի՛ բալիկներ այս հրաշալի պահերի համար: Բոլորս մի ակնթարթով վերադարձանք մանկություն: Չկա ավելի սքանչելի բան, քան լինել անմեղ ու զուլալ, ուրախ և անհոգ: Կցանկանայի, որ միշտ ապրեք խաղաղ երկնքի ու պայծառ արևի ներքո, փայլեք ուսման բնագավառում և միշտ սիրով հիշեք մանկապարտեզի տնօրենին ու դաստիարակներին: Սամվել Հայրիյանը շրջվարչակազմի անունից հուշանվեր հանձնեց մանկապարտեզին: Առավել հուզված էին երեխաների ծնողներն ու դաստիարակները: Չէ որ վերջիններիս համար փոքրիկներն անչափ հարազատ էին ու սիրելի: Այս տարիների ընթացքում դաստիարակ Իննա քույրը երեխաների համար երկրորդ մայր էր՝ հոգատար, անմնացորդ նվիրված և, անտարակույս, բաժանումը դժվար էր նրա և փոքրիկների համար. -Թեպետ, ինձ համար դժվար է ձեզանից բաժանվել, սակայն բոլորիդ սրտանց բարի ճանապարհ եմ մաղթում դեպի նոր կրթօջախ: Այստեղ ձեր մանկական աշխարհն անչափ հետաքրքիր էր և անկրկնելի, ձեր մանկամիտ հայացքներով կարողացել եք տեսնել և ճանաչել շրջապատող աշխարհը, մարդկանց: Հետաքրքիր արկածները, երգիծանքը և չարաճճիություններն անպակաս էին մեզանից և դա է ամենագեղեցիկը, ամենահիշելին: Կուզենայի, որ դպրոցում լինեք ավելի խելացի և ուսումնատենչ, որպեսզի կյանքում կարողանաք ճիշտ ապրել և լավ մարդ դառնալ: Այսօրվա ելույթով կարողացաք ցույց տալ, որ, արդեն իսկ, գիտակցումով եք ապրում: Շնորհավորում եմ բոլորիս այս իմաստալից օրվա առթիվ: Ծնողների անունից դրվատանքի և շնորհավորանքի խոսք ասաց Անահիտ Պետրոսյանը. - Այսօր, բոլորիս համար ուրախալի օր է, քանզի մեր երեխաները հրաժեշտ են տալիս մանկապարտեզին և շուտով դպրոց պիտի գնան: Անշուշտ, մանկապարտեզում նրանց դաստիարակների համառ ջանքերի շնորհիվ շատ բան են սովորել: Մենք ականատեսը եղանք այն ամենին, ինչ սովորել են մանկապարտեզում, ինչն ամուր հիմք կհանդիսանա դպրոցում լավ սովորելու համար: Մեր փոքրիկներին ցանկանում եմ բոլոր երազանքների իրականացում, իսկ ծնողներիս՝ այդ երազանքների իրականացման ականատեսը լինել և ոչինչ չխնայել նրանց անհոգ մանկություն պարգևելու համար: Թող Արցախում հարատև խաղաղություն լինի, որպեսզի մեր մանուկները սովորեն, մեծանան խաղաղ պայմաններում և մեր երկրի համար պիտանի մարդիկ դառնան: Ծնողների անունից մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում մանկապարտեզի տնօրինությանը, մեր երեխաների սիրելի դաստիարակ Իննային, դայակ Մարոյին, ինչպես նաև մանկապարտեզի բոլոր աշխատողներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել երեխաների առօրյան հետաքրքիր և բազմաբովանդակ կազմակերպելու համար: Վերջում, ծնողների կողմից երեխաները գեղեցիկ գրքեր և գունավոր մատիտներ ստացան: Իհարկե, միջոցառման մասնակիցներս վառ տպավորություններով հեռացանք դահլիճից: Մենք կարողացանք վայելել օրվա խորհուրդը և տեղափոխվել մանուկների հրապուրիչ ու անմիջական աշխարհը: Համոզված ենք, որ այս 20 փոքրիկները կարդարացնեն բոլորիս հույսերը և Արցախ աշխարհի համար կդառնան լիարժեք մարդիկ: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |