ԼՂՀ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ |
10.07.2013 18:39 |
Հունիսի 4-ին Ասկերանի մշակույթի և երիտասարդության կենտրոնում կազմակերպվեց §ԼՂՀ համայնքները մշակութային խաչմերուկում¦ խորագրով մրցույթի նախընտրական փուլը: Մրցույթի նպատակն է աշխուժացնել մշակութային կյանքը ԼՂՀ համայնքներում, Արցախում պահպանել ու տարածել ազգային ավանդույթները, սովորույթները և լեզվական առանձնահատկությունները, նոր տաղանդների հայտնաբերումը և նրանց հետագա ստեղծագործական աճի ապահովումը: Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության §Արվեստի և ժողովրդական ստեղծագործության¦ բաժնի պետ Լ. Սարգսյանը, նույն բաժնի գլխավոր մասնագետ Գ. Ավանեսյանը: Բացման խոսքով հանդես եկավ Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Ռ.Մկրտչյանը: Նա ողջունելով ներկաներին և ներկայացնելով գնահատող հանձնաժողովի կազմը՝ միաժամանակ նշեց. -Նման մրցույթները կարևոր դերակատարություն են ունենում գյուղական համայնքների մշակույթի տներում գործող գեղարվեստական ինքնագործ խմբակների աշխատանքների թարմացման գործում, ի հայտ են գալիս շնորհալի երեխաներ: Մատաղ սերնդի շրջանում ավելի մեծ դրսևորում է ստանում ազգային գաղափարախոսությունը, հարազատ համայնքի պատիվն ու հաղթանակը: Գովելի փաստ է, որ շրջանի համայնքներում ունենք ակտիվ և տաղանդաշատ երեխաներ, որոնց ելույթների ականատեսը կլինենք այսօր: Մշակութային խաչմերուկում հանդիպեցին Նորագյուղի, Նախիջևանիկի, Աստղաշենի, Ավետարանոցի, Խնձրիստանի, Ակնաղբյուրի, Շոշի, Այգեստանի, Խնածախի և Հարավի համայնքների թիմերը: Մրցույթի մասնակիցները ներկայացրին մշակութային խճանկար, որում ամեն մեկը յուրովի պատկերեց իր համայնքը: Յուրաքանչյուրը ներկայացրեց համայնքի առկա խնդիրները, գյուղացիների մտահոգությունները, գյուղի հաջողությունները: Այս ամենը պատկերված էր երգ ու երաժշտությամբ, պարով, ասմունքով ու բեմականացմամբ: Իսկ հումորը, որն անպակաս էր ամեն մեկի ելույթում, դահլիճում ուրախության ու ծիծաղի ալիքներ էր բարձրացնում: Թեմայի ընտրությունն ազատ էր, ելույթի տևողությունը՝ 20 րոպե: Շնորհալի երեխաներն իրենց հետաքրքիր ելույթներով գովասանքի էին արժանի, ասես փոքրիկ դերասաններ լինեին: Եվ ամենակարևորը, համայնքը ներկայացնում էին դիպուկ և ինքնատիպ: Զգացվում էր, որ համայնքների մշակույթի տներում գործող գեղարվեստական ինքնագործ խմբակները տարեցտարի ավելի մեծ ակտիվություն և աշխուժություն են դրսևորում: Մրցույթն անցավ ազատ, անկաշկանդ և անկողմնակալ մթնոլորտում: Գնահատող հանձնաժողովի ամփոփիչ արդյունքներով մասնակից 10 խմբերից այս տարվա աշնանը եզրափակիչ փուլին, որը կկայանա քաղաքամայր Ստեփանակերտում, մասնակցելու իրավունք ստացան Նորագյուղի, Աստղաշենի և Նախիջևանիկի թիմերը: Մեզ մնում է, հաջողություններ մաղթել հանրապետական փուլում մեր շրջանը ներկայացնող մասնակիցներին և հույս հայտնել, որ նրանք հանդես կգան պատշաճ մակարդակով և բարձր կպահեն Ասկերանի շրջանի անունը: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |