ԲԵՐՔԱՀԱՎԱՔ 2013
10.07.2013 18:46

  Ասկերանի շրջանում ընթացքի մեջ են բերքահավաքի աշխատանքները, որոնք հասել են միջնակետին։  Շրջանում 8900հա աշնանացան է կատարվել։ Ներկայումս հնձվել է դրա կեսը՝ 3100հա ցորեն և 1500հա գարի, որոնց միջին բերքատվությունը համապատասխանաբար կազմել է 24.5 և 17 ց/հա։ Գործում է 35 կոմբայն, որոնց թվում կան նորերը, որոնք ինչպես կոմբայնավարներն են ասում ոչ մի պարամետրով հին կոմբայնների նման չեն։ Վերջիններս ավելի շահավետ են, քանի որ նրանց արագությունը կրկնակի է, հնձի ընթացքում ոչ մի դժվարություն չի առաջանում և բերքն էլ

առավել անկորուստ է հավաքվում։ Օրինակ, եթե Նիվա կոմբայնով օրական հնարավոր է լինում հնձել առավելագույնը 10 հեկտար, ապա նոր տեսակի կոմբայններով այդ ցուցանիշը հասնում է 30 հեկտարի։

Հուլիսի 4-ին Արցախի աշխարհիկ և հոգևոր ղեկավարները մասնակցեցին բերքահավաք 2013-ը խորհրդանշող տոնակատարությանը։ Հյուրերին դիմավորեցին աղ ու հացով։ Ապա Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը և Ասկերանի շրջանի հոգևոր հովիվ Էմմանուել տեր քահանա Վարդանյանն աղոթեցին առ Աստված առատ բերք ու բարիք արարելու, դաշտ ու անդաստանի, պտղաբերության և մշակողի համար։ Ապա հնչեց ավանդական զուռնա դհոլը, և շուրջպար բռնեցին բոլորը։ Այստեղից էլ տոնակատարության մասնակիցներն ուղևորվեցին  դեպի պատմական Տիգրանակերտ։

Հանդիսավոր միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Ասկերանի մշակույթի և երիտասադրության կենտրոնի երիտասադրության հարցերի գծով կազմակերպիչ Նինել Գաբրիելյանը.

-Հացահատիկի բերքահավաքը մեր ժողովրդի համար միշտ էլ տոն է համարվել։ Դարերից եկող ավանդությամբ էլ այսօր հավաքվել ենք, որպեսզի գնահատենք հաց արարողի աշխատանքը, որը բոլոր ժամանակներում սուրբ աշխատանք է համարվել, մեր մյուս աշխատանքների ու գոյատևման հիմքը։ Լավագույն ավանդույթները պետք է պահպանենք ու փոխանցենք մեր սերունդներին։ Երիտասադրությունը պետք է գիտակցի, որ հող-հայրենին մեր հոգածության կարիքն ունի և նա վարձահայտուց կլինի ցուցաբերած վերաբերմունքի դիմաց։ Վստահ ենք, որ նման միջոցառումները դրական ազդակ ու խթան կհանդիսանան դեմքով և հոգով դեպի գյուղատնտեսությունը շրջվելու, չքնաղ Արցախում բերք ու բարիք արարելու աստվածահաճո գործին։ Համոզված ենք, որ այս միջոցառումը սկիզբ կլինի հետագա հանդիպումների և երիտասարդ սերնդի մոտ կձևավորվի հարգանք, արժանապատվություն դեպի գյուղատնտեսության ոլորտի աշխատանքները։

-        Այսօրը խորհրդանշում է թե՛ մեր պայքարը, թե՛ ներկան և թե՛ ապագան։ Խորհրդային տարիներից եկող այս գեղեցիկ ավանդույթը հողի մշակի աշխատանքն արժևորելն է։ Ուստի շնորհավորում եմ բոլորիս այս հրաշալի տոնի կապակցությամբ, քանզի մեր երկրի կյանքը ու առհասարակ ամեն ինչ սկսվում է հաց արարելուց։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր կցված են մեր երկիրը կերակրելու վեհ գործին,- ողջունելով ներկաներին ասաց Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը։

Նախագահի հրամանագրով հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար ոլորտի մի շարք աշխատողներ պարգևատրվեցին թանկարժեք նվերներով։

Ապա ելույթ ունեցավ Ասկերանի §Բերդ¦  համույթը, և հայրենասիրական տոգորուն ոգին թևածվեց Տիգրանակերտում։

Երկրորդ տարին է, ինչ Ասկերանի շրջանում նման միջոցառում է կազմակերպվում, որը միաժամանակ և՛ գյուղատնտեսական, և՛ պատմամշակութային բնույթ է կրում։

-        Նման միջոցառումներ կազմակերպելով մենք աշխատում ենք երիտասարդությանը մոտիկից ծանոթացնել գյուղատնտեսությանը, նրանց մեջ սեր սերմանել դեպի հողը։ Այն քարոզչական է նաև այն առումով, որ մեր հանրապետության ապագա տերերը պետք է քաջ գիտակցեն, որ գյուղատնտեսությունը մեր պետության կարևորագույն հենասյուներից է, ինչին պետք է առաջնահերթություն տրվի, ինչպես նաև հավատարիմ նման մեր մշակույթին և պատմությանը,- օրվա կապակցությամբ ասաց Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը։

 

Տոնական միջոցառմանը մասնակցում էին նաև Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, ԱԻՎ պետ Արտուր Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter