20 ՏԱՐԻ ԱՌԱՆՑ ՔԵԶ
11.07.2013 14:16

  Այո՛, ժամանակը բուժում է վերքերը, սակայն նա ի զորու չէ ապաքինելու վերքերից մնացած ու ստեպ-ստեպ մխացող սպին, որն առավել ճչացող ցավ և անդառնալի կորստի մորմոք է պատճառում։ 20 տարի է անցել այն սև ու չարագույժ օրից, երբ Շամիրյանների գերդաստան հասավ ընտանիքի ավագ զավակի՝ Սաշիկի զոհվելու բոթը։ 20 տարի…

Այդպիսին է կյանքը, ի՞նչ արած։ Կգան նոր սերունդներ, կծնվեն մանուկներ, սակայն ոչ ոք չի զբաղեցնի քո տեղը։ Եվ մենք ընդմիշտ կարոտ կմնանք քո ծիծաղկոտ աչքերին, ժպտադեմ երեսին, գանգուր մազերին, պարզ ու վճիտ հայացքին ու այնքա՜ն-այնքա՜ն մաքուր հոգուն։ Դու բավականին զգայուն էիր, ատում էիր անարդարությունը, տմարդությունը ու ինչպիսին էր ցասումդ, երբ իմացար, որ օրը ցերեկով թուրքը մտել ու ավերել է հայի

շեն օջախը։ Սիրելի՛ եղբայր, դու էն գլխից էիր ատում եղեռնագործ թուրքին, ու վրեժի ծարավը վաղուց էր բույն դրել քո սրտում։ Ասում են ամեն մարդ որոշակի առաքելություն կատարելու համար է լույս աշխարհ գալիս։ Դու և քո բախտակիցները գերակատարեցիք այդ առաքելությունը…


Ալեքսանդր Հայկի Շամիրյանը ծնվել է 1966 թվականի հունիսի 9-ին։ Միջնակարգ կրթությունը ստացել է հայրենի Խրամորթ գյուղում, այնուհետև զորակոչվել խորհրդային բանակի շարքերը։ Ծառայել է Արխանգելսկ քաղաքում տեղակայված զորամասերից մեկում։ Զորացրվելով՝ 1986-ին ընդունվել է Կինեշմա քաղաքի տնտեսագիտական տեխնիկումի ֆինանսների բաժինը։ Այնուհետև աշխատանքի է անցել Ասկերանի շրջֆինբաժնում, որպես ավագ տեսուչ։

1988-ին բռնկված արցախյան ազգային-ազատագրական պայքարին Սաշիկը (մտերմաբար այսպես էին նրան կոչում) անդամագրվեց՝ համոզված, որ նույնիսկ ամենաթանկը՝ կյանքը չի խնայի հայրենիքի համար։

Հասակակից տղաների հետ Ալեքսանդրը պաշտպանում էր հարազատ գյուղի՝ Խրամորթի տարածքը, որն անմիջապես կպած էր թշնամական որջի վերածված Աղդամին, և միշտ էլ հերոսաբար դիմակայում էին հակառակորդի կողմից ձեռնարկվող բոլոր դիվերսիոն գործողություններին։ Ու Ալեքսանդրի մարտական ուղին սկիզբ առնելով հայրենի օջախի մատույցներից, ձգվե՜ց, երկարեց։ Հարուստ ու բովանդակալից մարտական ուղի է անցել նա։ Ասկերանի ջոկատի, այնուհետև 4-րդ պաշտպանական շրջանի անվեհեր մարտիկներից էր։ Մասնակցել է Խրամորթի, Խանաբադի, Փառուխի, Խոջալուի եւ Նախիջևանիկի ենթաշրջանի գյուղերի ազատագրման համար մղված մարտերին։

Օրեցօր թշնամու հանդեպ ատելությունն ավելի էր խորանում ու նա անվարան, սառնասրտորեն նետվում էր մարտի, ինքնաձիգի կրակահերթով գետնին տապալում հաշիշային ինքնամոռացության մեջ առաջ սուրացող թշնամուն։ Ալեքսանդրը և նրա մարտական ընկերները քաջ գիտակցում էին, որ Ասկերանը որպես պատմական անառիկ ամրոց պետք է այդպես էլ անառիկ մնա։ §Սրբապղծություն կլինի մեզ համար, եթե թշնամու անարգ ոտքը մտնի Ասկերան, այս հինավուրց բերդի պատերը հավիտենական անեծքով կպատեն մեր անունները¦,- հաճախ իր ընկերներին ասում էր նա։

Ալեքսանդրը Խոջալուում տեղեկայված թշնամական կրակակետերի վնասազերծման ռազմագործողությանն էր մասնակցել, հոգնած էր, վիրավորվել էր ձեռքից, բայց հաղթանակի բերկրանքը պատել էր հոգին ու մոռացնել տվել մարմնական ցավը։ Նա ընկերների հետ վերադարձավ տուն, բայց չարագույժ լուրը՝ մորեղբոր որդու՝ Սամվելի հերոսաբար զոհվելու մասին, ի չիք դարձրեց ամեն ինչ։ Մեծ գերդաստանի երրորդ զոհն էր Սամվելը։  Ուղիղ չորս օր առաջ նահատակվել էին Ալեքսանդրի մորաքրոջ ամուսինը՝ Յուրան և դեռ 17-ը չբոլորած որդին՝ Սուրենը։ Ու երդվեց քաջ զինվորը՝ վրեժ լուծել թշնամուց բոլոր նահատակների համար, քանի որ նրանք պատվավոր ու հերոսական մահն էին գերադասել՝ անպատիվ ու անարժան ապրելուց։

Մինչև ատամները զինված կատաղած թշնամու ոհմակը օրըստօրե ուժեղացնում էր գրոհները հայրենի Խրամորթի ուղղությամբ։ Բնակչությունն արդեն տարհանված էր, հայկական փոքրաթիվ ջոկատներն անհավասար կենաց ու  մահու մարտեր էին մղում։ Այլևս հնարավոր չէր կազմակերպել գյուղի պաշտպանությունը, իսկ առավել ևս պետք չէր ավելորդ զոհեր տալ։ Եվ 1992թ. հունվարին Խրամորթն ընկավ։ Ազերիները հիմնովին ավերեցին ու այրեցին գյուղը։ Շուրջ 1.5 տարի գերության մեջ մնալուց հետո 1993թ. հունիսի 26-ին վերջնականապես ազատագրվեց Խրամորթը։ Հարազատ գյուղի ազատագրմանը մասնակցում էր նաև Սաշիկը։ Ինչպիսին էր նրա բերկրանքը հարազատ բնակավայրը կրկին ազատ տեսնելով։ Հաստատ համոզված ու վստահ էր, կհաղթանակեն պարտադրված պատերամզում և կրկին կշենացնի հայրական օջախը, որը հիմնահատակ ավերվել ու թալանվել էր թշնամու կողմից։ Խրամորթի ազատագրումից հետո մարտեր էին ընթանում Աղդամի ուղղությամբ։ Պետք էր ամեն կերպ վտարել թշնամուն հայոց պատմական հողերից։ Գազազած թշնամին ամոբղջ ուժով նետվել էր Ասկերանի վրա՝ հույս ունենալով ճեղքել մեր ազատամարտիկների պատշպանական գիծը։ Ու հենց այստեղ էլ՝ Ասկերանի մատույցներում հայ մարտիկները ջարդեցին թշնամու ատամները։ Թշնամին արժանի հակահարված ստացավ։ Ալեքսանդրը կրկին հաղթանակած ու հարազատների վրեժն առած պիտի վերադառնար տուն, ուր նրան սրտատրոփ սպասում էին երկու որդիները։ Ավա՜ղ այդ օրը ոչ քիչ առյուծասիրտ հայորդիների կյանքեր մարեցին։ Նրանց թվում էր 27-ամյա Ալեքսանդրը։ Ընկավ ռազմի դաշտում, երբ հերթական թշնամական կրակակետերն էին ոչնչացնում՝ ճանապարհ բացելով դեպի Աղդամ։ Սակայն այդպես էլ չտեսավ, թե ինչպես էր հսկայական Աղդամը տրորվում հերոսացած հայ զինվորի ոտքերի տակ։

1993 թվականի հուլիսի 4-ը սևով գրվեց Շամիրյանների համար։

20 տարի է անցել այդ չարաբաստիկ օրից։ Տարիներ, որոնց ընթացքում լաց ու ծիծաղով, տխրությամբ ու ուրախությամբ, սակայն հպարտության վեհ զգացումով, որ հերոս հայր ունեն, մեծացան որդիներդ,  սիրելի Սաշիկ։ Եղբայրս, թանկագինս, սիրելիս, ինչպիսի՜ ցնծությամբ կպարեիր զավակներիդ հարսանքին… Հավերժ 27-ամյա, սակայն արդեն պապիկ... Տարիներն ու ժամանակը խլել են քեզ մեզանից, սակայն նրանք անզոր են ջնջելու հիշողություններն ու մտքերը, որոնք թե՛ ուրախության և թե՛ տխրության պահին միշտ մեզ հետ են։

Արևի վերջին ճառագայթները հրաժեշտ են տալիս  երկրին ու հորիզոնը թույլ լուսավորվում է նորալուսնի լույսից։ Հողի աշխատավորները հավաքվելով իրենց օջախներում՝ նստել են իրիկնահացի։ Օրվա աշխատանքից գոհ սեղանի գլխավերևում հպարտորեն նստած է տան գլխավորը՝ Հայկ Շամիրյանը՝ շրջապատված թոռներով ու հասերով։ Այո, նրան հաջողվել է որդու զոհվելուց հետո թոռներին՝ Հայկին և Հարութին լավ դաստիարակություն և  կրթություն տալ, ամուսնացնել։ Իսկ բոլորովին վերջերս ծնվեց նրա առաջին ծոռը՝ Ալեքսանդրը, ում Հայկը պարտավոր էր կոչել հոր հերոսական անունով։

Թող զավակներդ արարեն ու ստեղծագործեն միայն ու միայն խաղաղ պայմաններում և հավերժ վառ պահեն քո պայծառ հիշատակը՝ սիրելի Ալեքսանդր։ Խոստանում ենք պահպանել այս մի բուռ Հայրենիքի անդորրը, քանզի նրա ամեն մի բարիք ծիլ է գցել ձեր ցողած արյան թանձր կաթիլներից։

 Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter