ԴԵ՛ ԻՆՉ, ՀԱՅՐԵՆԻ՛Ք, ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ… |
19.07.2013 17:54 |
Հուլիսի 15-ին Ասկերանի շրջանի 40 զորակոչիկներ համալրեցին ԼՂՀ ՊԲ շարքերը: Նրանք զինվորագրվեցին 21 տարեկան Հայոց հաղթական բանակին: 21 տարի շարունակ հայոց սահմաններն անառիկ են պահում նրանց նման արիասիրտ տղաները: Հիրավի, հաղթանակած բանակում ծառայելը և՛ հպարտություն է, և՛ պարտավորեցնող: Ասկերանի զինկոմիսարիատի բակում մեծ բազմություն էր հավաքվել: Այստեղ էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը, ԱԱՄ Ասկերանի տարածքային միավորման խորհրդի նախագահ Սամվել Աղաջանյանը, ազատամարտիկներ, ծնողներ, հարազատներ: Զինկոմիսարիատի բակից զորակոչիկները ճանապարհվեցին դեպի Ասկերանի Սուրբ Աստվածածին եկեղեցի, ուր Ասկերանի շրջանի հոգևոր հովիվ տեր Էմմանուել քահանա Վարդանյանը կատարեց օրհնության արարողակարգ: Այնուհետև, զորակոչիկների պատվին հանդիսավոր միջոցառումը շարունակվեց Ասկերանի մշակույթի տան բակում: Զորակոչիկները ծաղիկներ դրեցին զոհված ազատամարտիկների հուշատախտակին` մեկ րոպե լռությամբ հարգելով նրանց անմար հիշատակը: Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը շնորհավորելով զորակոչիկներին` կոչ արեց. -Դուք շարունակելու եք ձեր հայրերի և եղբայրների սուրբ գործը: Այսօրվանից համալրելու եք Արցախի Հանրապետության հզոր բանակի շարքերը, ուստի պետք է գիտակցեք, որ ինչքան հզոր լինի մեր բանակը, այնքան անզոր կլինի թշնամին: Ցանկանում եմ, որ միշտ լինեք ուշիմ և կարգապահ, ինչն էլ մեր բանակի և երկրի ամրության երաշխիքն է: Արցախյան պատերազմի ազատամարտիկ Արմեն Գասպարյանն իր խոսքում նշեց. -Այսօր, ձեր կյանքում հիշարժան օր է, քանզի դուք համալրում եք մի մեծ կոլեկտիվ, որը նվիրված է Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Դուք պետք է լինեք համբերատար, հրամանատարներին լսող և կարողանաք գերազանց տիրապետել ծառայության ընթացքում ամրագրված զինատեսակներին: Արցախի ԱԱՄ Ասկերանի տարածքային միավորման կողմից բոլորիդ մաղթում եմ քաջառողջություն, խաղաղ ծառայություն և բարի վերադարձ, իսկ ծառայության ընթացքում յուրացրածը ձեզ պետք գա միայն ուսումնական վարժանքների, հավաքների ժամանակ: Սրտառուչ էր զորակոչիկ Հովիկ Բալայանի ելույթը: «Անկեղծ հայրենասիրությամբ տոգորված մենք երկու տարի կծառայենք հանուն այս մի բուռ հողի, որի ամեն մի թիզը ներկված է արյունով: Բանակը մեզ բոլորիս կդարձնի իսկական տղամարդ: Սիրելի' մայրեր, հավատացնում ենք, որ այս երկու տարիներն ակնթարթի պես կանցնեն և մենք կվերադառնանք դարձած հասուն երիտասարդներ, որոնք պատրաստ են դիմակայելու կյանքի ցանկացած փորձության: Ուստի զինվեք համբերությամբ, քանզի ձեր որդիները գնում են կատարելու սրբազան գործ, որը յուրաքանչյուր հայի պարքն է: Դուք կարող եք հանգիստ լինել, քանի որ մենք ունենք հզոր և մարտունակ բանակ, ունենք այսպիսի արծիվ տղաներ, որոնք հսկում են Հայրենիքի անդորրը: Տա' աստված, որ մենք լինենք այն երջանիկ զորակոչիկները, ովքեր Արցախ աշխարհին վերջնական խաղաղություն կբերեն»: Տոնական միջոցառումը եզրափակվեց Ասկերանի «Բերդ» ժողգործիքների համույթի հայրենասիրական երգերի կատարումներով: Ոգեշնչված տղաները պատրաստ են ծառայելու Հայրենիքին և հարկ եղած դեպքում վերջնական հակահարված տալու թշնամուն։ Կարինե Բախշիյան |