ԳԱՂԱՓԱՐՆ ԻՐԱԿԱՆՈԻԹՅՈՒՆ ԴԱՐՁԱՎ` ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԻՎ
12.07.2011 17:53

alt

Ասկերանի մարզադաշտի մասին այսօր բոլորը հիացմունքով են խոսում: Իսկ ինչպե՞ս է այն կառուցվել, ո՞ւմ նվիրական ջանքերի շնորհիվ: ՙԲերդի՚ խնդրանքով մանրամասներ է հաղորդում շրջվարչակազի ՔՃՎ բաժնի վարիչ Ալբերտ Ավանեսյանը:
-Մեր շրջանի վարչակազմի բոլոր ղեկավարներն էլ  մարզադաշտ կառուցելու ցանկություն ունեցել են։ Սակայն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով` չի ստացվել։ Մի քանի տարի շարունակ փորձել ենք մարզադաշտի կառուցումը մտցնել պետական ծրագրերի մեջ, սակայն ֆինանսական սղության պատճառով գաղափարը չի նյութականացել։ Երբ Սերգեյ Գրիգորյանը նշանակվեց վարչակազմի ղեկավար` մեկ շաբաթ անց ինձ հրավիրեց իր մոտ, քննարկեց մարզադաշտի կառուցման հարցը: Այնուհետեւ միասին գնացինք աղբանոցի վերածված նախկին մարզադաշտի տեղը, եւ հենց տեղում էլ որոշվեց, որ պետք է շտապ կերպով սկսել մարզադաշտի կառուցման աշխատանքները։Հենց տեղում Ս. Գրիգորյանը կապվեց ԼՂՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանի հետ ու հայտնեց Ասկերանում մարզադաշտ կառուցելու մտադրության մասին: Չանցած մի քանի օր, Ս. Կարապետյանն ուղարկեց անհրաժեշտ տեխնիկա` տարածքը աղբից մաքրելու համար։ Այդպես էլ սկսվեցին մարզադաշտի կառուցման աշխատանքները։ Այնուհետեւ վարչակազմի ղեկավարն ընդարձակ խորհրդակցություն  հրավիրեց իր մոտ եւ կարեւորելով մարզադաշտի նշանակությունը, կոչ արեց բոլորին` օժանդակել այդ աշխատանքներին։ Ղեկավարի այդ ոգեւորությունը վարակեց մեզ բոլորիս:

alt

Անկեղծ ասած, այդ ժամանակ ես մի փոքր վատառողջ էի, սակայն վարչակազմի ղեկավարը կես կատակ, կես լուրջ ասաց, որ հիվանդանալու ժամանակը չէ, մարզադաշտի կառուցման աշխատանքները պետք է շատ կարճ ժամանակում ավարտել։ Այդ օրվանից իմ հիմնական աշխատավայրը դարձավ շինհրապարակի վերածված մարզադաշտի տարածքը։ Մինչ այդ որոշ թերություններով նշված էին մարզադաշտի կառուցման դիրքը եւ չափսերը, սակայն դրանք չէին համապատասխանում շինարարական նորմերին։ Ես էլ ամենայն պատասխանատվությամբ ձուլվելով մարզադաշտի շինարարությանը, մոռացա վատառողջ լինելս, շտկեցի նախագծի հետ կապված բոլոր թերությունները եւ սկսեցինք եռանդով աշխատել։
Տեղանքի մաքրման ու չափագրման աշխատանքներից հետո վարչակազմի ղեկավարը հանձնարարեց նախ կուտակել անհրաժեշտ շինանյութերը եւ նոր միայն սկսել շինարարական աշխատանքները։ Այդպես էլ արինք: Քննարկեցինք նաեւ շինարարների հարցը. որպես փորձառու մասնագետ` շինբրիգադավար նշանակվեց Վլադիկ Հովսեփյանը: Առաջին իսկ օրվանից որպես բանվոր աշխատանքի անցավ գյուղբաժնի մասնագետ Էդիկ Գրիգորյանը, որը բարեխղճորեն աշխատեց մինչեւ աշխատանքների ավարտը։ Այդ աշխատանքներին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել նաեւ վարչակազմի ֆիանսատնտեսագիտական բաժնի վարիչ Հայկ Սիմոնյանը։ Այնուհետեւ ներգրավվեցին վարչակազմի բոլոր աշխատակիցները։ Իր անմիջական մասնակցությամբ  Ս. Գրիգորյանը ոգեւորում էր բոլորիս, եւ արդյունքում` ապահովվեց աշատանքային բարձր, ես կասեի ռեկորդային տեմպը, եւ մարզադաշտը շահագործման հանձնվեց յոթ-ութ ամսում։
Նախապես նստատեղեր նախատեսված էին 30մ երկարության վրա տեղադրելու համար, սակայն նկատի առնելով, որ  մարզադաշտում ֆուտբոլից բացի պետք է  անցկացվեն նաեւ այլ միջոցառումներ, նստատեղերի քանակը կրկնապատկվեց: Դա իրականացրինք  շաբաթօրյակների ձեւով, որին մասնակցեցին Ասկերանի բոլոր հիմնարկ-ձեռնարկությունները, Ասկերանի, Աստղաշենի, Իվանյանի, Ուղտասարի դպրոցները, Խրամորթի գյուղապետարանը։
Հարկ եմ համարում նշել, որ շինարարության ընթացքում եղան նաեւ դժվարություններ` կապված տեւական հորդառատ անձրեւների հետ, որի հետեւանքով բարձրացավ գետի մակարդակը եւ զգալի վնաս պատճառեց տրիբունաներին։ Շատերը հուսահատվեցին, բայց ոչ` վարչակազմի ղեկավարը։ Բնական աղետից հետո աշխատանքներն ընթացան ավելի մեծ եռանդով եւ շատ կարճ ժամանակում վերացվեցին դրա հետեւանքները:
Եթե չլիներ շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի հաստատակամությունը, ապա հազիվ թե գաղափարն իրականություն դառնար: Իսկ որ իսկապես ստացվել է հրաշալի մարզադաշտ` երկու կարծիք լինել չի կարող: Մնում է մաղթել, որ այդտեղ հաղթանակի ցնծությունները միշտ ուղեկցվեն հպարտության արցունքներով: Ի շահ եւ բարօրություն մեր ժողովրդի:


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter