20 ՏԱՐԻ Է, ԻՆՉ ՉԿԱՍ, ԲԱՅՑ ՀԱՎԵՏ ԱՊՐԵԼՈՒ ԵՍ ԱՊՐՈՂՆԵՐԻՍ ՍՐՏԵՐՈՒՄ |
05.08.2013 17:32 |
Հայերս խիզախ և վճռական ժողովուրդ ենք: Իզուր չէ, որ մեր ազգը բյուր քաջորդիներ է ծնել: Ուրիշ ո՞ր մի ազգն է ունեցել այդչափ քաջեր, անվեհեր արծիվներ: Կամ, ո՞ր մի հայը չի ունեցել ոգու աննկունություն, հաղթելու վճռականություն, անձնուրաց քաջություն: Դարեր շարունակ հայը եղել ու մնում է այդպիսին… Արցախյան պատերազմը, որ հանկարծակիի բերեց մի ամբողջ ժողովրդի, միաժամանակ ոտքի կանգնեցրեց յուրաքանչյուրին: Արցախցի-հայն այլևս չէր կամենում ապրել օտարի իշխանության ներքո: Լցվել էր արցախցու համբերության բաժակը: Բա'վ էր… Ահել, թե ջահել ելան պայքարի: Միահամուռ էին` ուս-ուսի տված: Չէ որ Հայրենիքն օրհասական վիճակում էր` վտանգված նրա ապագան: Ասկերանի ողջ երիտասարդությունը լծվել էր սուրբ գործին: Շատերը դեռևս սովորում էին, սակայն ամենքից գաղտնի, ուսմանը զուգահեռ մասնակցում էին Արցախյան շարժման քաղաքական փուլին: Եվ ինչպիսի~ փորձություններով էին անցնում: Հիրավի, այդ դժնդակ տարիներին նրանք կարողացան պահպանել հայ մարդուն ի վերուստ տրված առաքինի դեմքը: Նրանք հաստատակամ էին, համբերատար և նվիրված: Բազմաթիվ քաջեր էին զոհվում, հազարավորները` ծանր վիրավորվում: Արցախի երկնակամարում սև ամպերը կուտակվել և, ասես, չէին ցանկանում չքանալ: Այնքա~ն ընտանիքներ դժբախտացան, այնքա~ն երեխաներ որբացան: Դաժան պատերազմ…
Անցել են տարիներ… Խաղաղություն է Արցախ աշխարհում: Արեգակն ավելի մեծ ուժգնությամբ է ջերմություն սփռում, իսկ ամպերն արդեն սև չեն: Պարզապես նրանք ազդարարում են կարճատև անձրևների գալուստը, որոնք այնքա~ն պետք են Ձեր արյան գնով պահպանված արցախյան հողերին: Օրեցօր բարգավաճում է Արցախ աշխարհը, գեղեցկանում ու պարծանքով լցվում: Էլ որտե՞ղ կարելի է գտնել նման չքնաղ երկիր, էլ որտե՞ղ կարող է հայն իրեն այսպես ապահով ու երջանիկ զգալ: Այս ամենի համար մենք Ձեզ ենք պարտական, մեր սիրելի տղաներ: Դուք այնքա~ն երիտասարդ էիք` ուժ ու կորովով լեցուն: Պետք է ապրեիք, տեր կանգնեիք ձեր երեխաներին ու հարազատներին: Ավա~ղ… Արա էդիկի Սարգսյան: Մի երիտասարդ, որը բոլորիս հիշողության մեջ մնացել է անչափ համեստ, հայրենասեր ու բարի: Ծնվել է Ասկերանի շրջանի Ասկերան ավանում 1972 թվականի ապրիլի 9-ին: Ավարտելով տեղի դպրոցի 8-րդ դասարանը` ընդունվել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը: Ուսմանը զուգընթաց բազում նվիրյալների հետ զինվորագրվել է Արցախյան ազգային-ազատագրական շարժմանը: Այնուհետև, կամավորագրվել է զինված պայքարին: Հայրենյաց ազատության բաղձանքը նրան տարավ պայքարի հորձանուտ: 1991-ին վիրավորվելով աչքից` շարունակել է մասնակցել Արցախի ազատագրության ու պաշտպանության համար մղվող թեժ մարտերին: Արայիկը սակրավոր էր: Նրա համար ամեն ինչից վեր էին մարտական առաջադրանքները: Մոռացել էր տուն ու տեղ, առաջնեկին սպասող ջահել կնոջը: Գիտեր, որ անպայման կավարտվի պատերազմը և նա կճաշակի ընտանիքի և խաղաղության քաղցրությունը: 1993 թվականի օգոստոսի 13-ն, ավաղ, ճակատագրական եղավ Արայիկի համար: Հերթական մարտական առաջադրանքը կատարելիս նա մահացու վիրավորվեց: Երիտասարդ տղայի, անձնուրաց զինվորի կյանքի թելը կտրվեց օգոստոսի լույս 14-ի գիշերը: Հիշելով քեզ ու քո բախտակիցներին ներքին մի հպարտություն հոգուս անկյուններից պոռթկալով դուրս է ժայթքում և թախիծ ու կսկիծ խառնում իրար: Մի՞թե անողոք չէր պատերազմը քո հանդեպ, մի՞թե դու իրավունք չունեիր տեսնելու քո զավակին` ապագա զինվորին: Դու վրիժառության ցասումով լեցուն ընդառաջ գնացիր մահվանն ու անմահացար: Ապրեցիր ընդամենը 21 տարի, ապրեցիր քաջի կյանքով, հայի ոգով: Դու նահատակվեցիր, որ մեր ժողովուրդն ապրի հավետ, ապրի խաղաղ: Այո', մատաղ կյանքդ նվիրեցիր հայրենիքիդ: Այն սերն ու հոգատարությունը, որ պիտի տայիր մինուճար որդուդ, տվեցին կինդ, ծնողներդ, եղբայրդ ու քույրդ: Նրանք ստվերի նման հսկում և պահպանում էին նրան: Նրանք նվիրվեցին քո զավակի դաստիարակությանը: Գիտե՞ս, քո Արայիկն արդեն հասուն տղա է, շուտով ինքն էլ ընտանիք կկազմի: Նա հպարտանում է քեզանով և ցանկանում իր ապրելակերպով ու գործունեությամբ արժանի լինել ամեն մի կաթիլ արյանը, որ հանուն այս հողի ազատության ու ապագայի թափել եք դու և քո բախտակիցները: Քո հարազատ օջախում մինչ օրս անհուն կարոտով սպասում են քեզ քո ծնողները: Սպասում են, որ ասեն, թե որքան դժվար է առանց քեզ: Մայրդ` հեզահամբյուր ու համեստ Ժուլյա մայրիկը այս 20 տարիների ընթացքում մի վայրկյան անգամ քեզ չի մոռացել: Սակայն սրտամաշ ցավը հոգում, նա կարողացել է իր մեջ խեղդել մշտարթուն վիշտն ու մղկտացնող կսկիծը և ամենքին նվիրել բարեհոգի հայացք, բարի ժպիտներ: Ախր գիտեր, որ միակը չէ, իր նման քանի~քանի~ որդեկորույս մայրեր կան: Իսկ տանը նա չի հոգնում քո անմահական անունը մրմնաջալուց ու հայացքն անընդհատ քո նկարին ուղղելուց: Զինվորական համազգեստով ու բարի աչքերով քո նկարից դժվար է նրա հայացքը շեղել… Այո', դու դարձել ես նկար, սակայն ապրում ես ապրողներիս սրտերում: Թող խաղաղությամբ հանգչեն Հայրենիքի համար զոհված բոլոր ազատամարտիկների սուրբ հոգիները: Մենք երախտապարտ ենք ձեզ և պարտավոր ենք հիշել բոլորիդ անուն առ անուն: Ձեր հիշատակը, որպես սուրբ մասունք, բարձր կպահեն գալիք սերունդները: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |