ՊԱՏԱՆԵԿԱՆ ՃԱՄԲԱՐ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ
17.08.2013 18:08

      Հուլիսի 15-ին Ասկերան քաղաքում մեկնարկեց պատանեկան ճամբար, որը կազմակերպվել էր Ամերիկայի արևմտյան շրջանների և Արցախի ՀՅԴ Երիտասարդական միություն-ների համատեղ ջանքերով: Նման միջոցառումներն արդեն ավանդույթ են դարձել Արցախում, իսկ Ասկերանում այն կազմակերպվում է երկրորդ անգամ: Պատանի ասկերանցիները սրտատրոփ էին սպասում սփյուռքահայ մեր հայրենակիցների ժամանմանը: Այս անգամ երիտասարդները Արևմտյան Ամերիկայի Կալիֆոռնիա նահանգից էին: Խումբը ղեկավարում էր ընկերուհի Սանանը: Բոլոր այն երկրներում, որտեղ գործում են ՀՅԴ երիտասարդական միություններ և համատեղ ջանքերով ու փոխհամագործակցությամբ կազմակերպվում են բազում բարեգործական և հայանպաստ միջոցառումներ, գոյություն ունի լոկ մի  նպատակ` մատաղ և երիտասարդ սերունդներին մատուցել հայոց պատմություն, ծանոթացնել Դաշնակցության հետ և այնպես անել, որ զարգանա խելացի, ազգանվեր և հայրենասեր սերունդ:
Ճամբարում ընդգրկվել էին 9-ից 16 տարեկան 120 երեխա: ՀՅԴ երիտասարդների խումբն առաջնորդվում էր հատուկ ծրագրով, որում ընդգրկված էին երգի ուսուցման, անգլերենի և հայոց պատմության դասընթացներ: Անցկացվում էին մարզանք, սպորտային խաղեր, երգի մրցույթ: Ճամբարականները մեծ ոգևորությամբ էին մասնակցում ճամբարի կյանքին: Գործում էին երեք խմբեր` կարմիր, կապույտ և ծիրանագույն: Ամեն մի խումբ ցանկանում էր առաջինը լինել և ցույց տալ, որ իրենք ավելի լավ գիտեն հայ ժողովրդի պատմությունը: Ամերիկայից եկած երիտասարդները, ինչ խոսք, նույնպես խանդավառված էին: Նրանց համար ամեն մի ասկերանցի երեխա սիրելի էր ու գնահատելի: Ճամբարը վեր էր ածվել մի բազմանդամ ու համերաշխ ընտանիքի: Ասես հարազատներ լինեին, որոնց համար դժվար ու տխուր էր բաժանվել միմյանցից: Սակայն ինչ ունի սկիզբ, այն ունի նաև ավարտ:
Հուլիսի 26-ին պատանեկան ճամբարի փակման արարողությունն էր: Հավաքվել էին երեխաների ծնողները, հարազատները: Վերջին անգամ ճամբարականները մրցեցին իրար հետ` ներկայացնելով հայրենասիրական խրոխտ երգեր: Հաղթեց ծիրանագույն խումբը:
Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Կառլեն Մայիլյանը ողջունելով ներկաներին` միաժամանակ փաստեց.
-Բարի ավանդույթ դարձած նման բարեգործական ճամբարները ողջունելի են մեր կողմից: Ծանոթանալով ճամբարի ծրագրին` տեսնում ենք, որ այստեղ տարվում են հայրենասիրական դասընթացներ: Երեխաների համար կազմակերպվում է հետաքրքիր և նորույթներով լի առօրյա: Նրանք սովորում են լինել համախմբված, համերաշխ, ինչը միշտ էլ անհրաժեշտ է հային: Հենց այդպիսին լինելով, մենք կարողացել ենք դարեր ի վեր դիմակայել թշնամիներին և մեր Հայրենիքը կանգուն պահել: Մեր երախտագիտությունն ենք հայտնում ճամբարի կազմակերպիչներին, քանզի նրանք անում են ամեն ինչ, որպեսզի մեր երեխաները մեծանան անհոգ և ուրախ:
ՀՅԴ Ասկերանի կազմակերպության ներկայացուցիչ և ճամբարի պատասխանատու ընկեր Գեղամն իր խոսքում նշեց.
-Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանին, կրթության բաժնին և դպրոցի տնօրինությանը ճամբարի կազմակերպմանը փոխհամագործակցելու համար: Հուսով ենք երեխաներին տվել ենք այն ամենը, ինչ հարկավոր է յուրաքանչյուր հայ մանկան: Այս 120 երեխաների մեջ, արդեն իսկ, երևում են տաղանդաշատ և ուշիմ երեխաներ: Տեսնելով նրանց խանդավառված դեմքերը մենք ավելի ենք համոզվում, որ նման միջոցառումները պարտադիր են:
Ինչ խոսք, այս 10 օրերի ընթացքում մեր երեխաները կարողացան իրենց հագիստն անցկացնել հետաքրքրաշարժ մթնոլորտում: Հիրավի, նրանց փոխանցվել էր ամերիկահայ մեր հայրենակիցների անսպառ էներգիան, որը երեխաներին կհերիքի մինչև հաջորդ տարի: Քանզի համոզված ենք, որ նույնպիսի ճամբար կկազմակերպվի նաև ապագայում: Երեխաներից ոչ պակաս գոհ և ոգևորված էին նրանց ծնողները. բոլորի դեմքին երախտագիտություն և բերկրանք էր դրոշմված:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter