Արցախի անկախության 22-րդ տարեդարձին ընդառաջ հանրապետությունում օրեր առաջ տարբեր մարզամշակութային միջոցառումներ են անցկացվում։ Օգոստոսի 15-ին Ասկերանի քաղաքային մարզադաշտում ԼՂՀ փախստականների հասարակական կազմակերպության Ստեփանակերտի և Ասկերանի ներկայացուցիչներ՝ Ռուզաննա Ավագյանի և Նոնա Թամրազյանի, Ասկերանի մանկական երաժշտական դպրոցի տնօրեն Անահիտ Բադալյանի հետ համագործակցությամբ տեղի ունեցավ յուրահատուկ բարեգործական համերգ, Արցախի
տարբեր բուհերի ուսանողների, Ասկերանի մանկական երաժշտական դպրոցի սաների մասնակցությամբ։ Այն առանձնահատուկ էր նրանով, որ ասկերանցիներին էր հյուրընկալվել ռոկեր, ազգությամբ հրեա Էդուարդ Սեմյոնովը, ով առավել հայտնի է Պչյոլ մականունով։ Միջոցառմանը մասնակցում էին Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը, շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Արթուր Մելքումյանը, Ն զորամասի զինվորներ, ասկերանցիներ։ Բացման խոսքով հանդես եկավ ուսանող Վովա Դոլուխանյանը՝ շնորհավորելով բոլորին Արցախի անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ՝ բեմահարթակը տրամադրելով Ասկերանի մանկական երաժշտական դպրոցի սաներին, որոնց գեղեցիկ կատարումները հիացրեց հանդիսատեսին։ Տեղին է նշել, որ մեր քաղաքն ունի տաղանդաշատ երեխաներ երգարվեստում, որոնց մաղթում ենք առավել մեծ բարձունքներ նվաճել՝ միշտ բարձր պահելով հայրենիքի անունն ու պատիվը։ Չէ որ արվեստը հայրենասիրության ցոլանքն է և չի կարող լինել անհայրենասեր արվեստագետ։ Քանզի ավագ սերնդի հաղթանակը ռազմի դաշտում՝ պարտադրում է մատաղ սերնդին հաղթանակներ կռել նաև արվեստի բնագավառում, ինչով էլ պայմանավորված է ազգի հարատևությունը։ Ապա բեմահարթակը տրամադրվեց հյուրին՝ Էդուարդ Սեմյոնովին։ Նա ողջունելով ներկաներին մաքուր հայերենով՝ արժանացավ բոլորիս բուռն ծափահարություններին։ Անակնկալների շարքը շարունակվում էր, և ինչպիսի՞նն էր բոլորիս հիացմունքախառն զարմանքը, երբ Պչյոլը հայերեն երգեց §Ով սիրուն, սիրունը¦։ Անկասկած, հայ և հրեա ազգերն ընդհանուր շատ բան ունեն։ Նրանք եղեռն ապրած ժողովուրդն են, ուստի և նշված երգի կատարումն էլ բխում էր կատարողի հոգու խորքից՝ մեր մեջ բորբոքելով տանջամահ արված, հալածված, եղեռնապուրծ ժողովրդի չմարող ցավն ու կրակը։ Երգիչը կիթառի վրա նվագելով՝ իր երգացանկից կատարեց երգեր ռուսերենով և իր հարազատ լեզվով՝ եբրայերենով։ Ապա ընթերցեց սեփական բանաստեծությունը՝ նվիրված Բաքվի բոլոր փախստականներին։ Հանդիսատեսի բուռն ծափահարությունները դեռ երկար պահեցին հյուրին բեմում։ Ծրագիրը կրկին շարունակեցին երիտասարդները։ Համերգային ծրագրի վերջին ակորդը հնչեցրեց երգչուհի Գայանե Արզումանյանը, ում անզուգական §Հորովել¦ երգի կատարումը բուռն ծափողջունների ալիք բարձրացրեց։ Հանդիսատեսի պահանջով երգչուհին ևս մի երգ կատարեց՝ պատրաստակամություն հայտնելով հաճախակի հանդես գալի իր այդքան սիրելի ու հարազատ դարձած ասկերանցի հանդիսատեսի համար։ Վերջում ԼՂՀ փախստականների հասարակական կազմակերպության Ստեփանակերտի ներկայացուցիչ Ռ. Ավագյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցել են համերգի կայացմանը։
Համերգից հետո խմբագրությունում հյուրընկալեցինք Էդուարդ Սեմյոնովին, ով պատրաստակություն հայտնեց պատասխանել մեր հարցերին։ - Որտե՞ղ եք ծնվել, պատմեցեք մի փոքր ձեր մասին։ - Ծնվել եմ ինտերնացիոնալ քաղաքում՝ Բաքվում, որտեղ ապրել եմ մինչև 1990 թվականը։ Վերադառնալով խորհրդային բանակից, Բաքուն կորցրել էր ինձ համար նախկին հմայքը, քանի որ այն վերածվել էր ահ ու սարսափի քաղաքի։ Ես համոզված էի, որ այնտեղ անելու բան չունեմ, ու իմ հայրենի Իսրայելն անհուն կարոտով ինձ իր մոտ էր կանչում։ Բացի դրանցի մենք՝ հրեաներս, դժվար ենք գուշակում, թե ինչ կլինի հետո։ Գիտեմ, որ այդ կերպ են մտածում նաև հայերը։ - Մենք ուրախ ենք ձեզ տեսնել Արցախում։ Այն ձեզ դո՞ւր եկավ։ - Շնորհակալություն, անչափ հավանեցի Արցախն ու նրա ժողովրդին։ Ամենուրեք բարյացակամ հայացքներ ու օգնության ձեռք մեկնելու պատրաստակամություն եմ տեսնում։ Դա ինձ հաճելի զարմացնում ու հիացնում է։ Ես եղել եմ շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի, քաղաքապետ Ալյոշա Գաբրելյանի և այլ պետական կառույցների ղեկավարների մոտ և արժանացել բարձրակարգի ընդունելության։ Ուրախ եմ, քանզի Արցախն իր բանիմաց ղեկավարներով կայացած պետություն է։ - Ինչպիսի՞ն էր տպավությունը կայացած համերգից հետո։ - Համերգն, իրոք, կայացել էր։ Հիանալի ծրագիր էր, բոլոր կատարումներն էլ բարձր մակարդակով մատուցվեցին՝ չհաշված տեխնիկական որոշակի թերությունները։ Սակայն կարող էր նաև շատ ավելի վատ լինել։ Ուստի այն ինձ համար գոհացուցիչ էր։ - Դուք ծնվել եք Բաքվում։ Հաճախակի՞ եք լինում այնտեղ։ - Ես արվեստագետ եմ ու ինձ համար ամենագլխավորն արվեստն ու ընկերությունն է։ Իսկ որտեղ լավ ընկերներ ունեմ, այնտեղ չգնալ չեմ կարող։ Վերջին անգամ Բաքվում եղել եմ 2007 թվականին։ - Լինելով Արցախում, չի բացառվում, որ դուք կհայտնվեք Բաքվի §սև ցուցակում¦։ - Սև ցուցակի մասին Արցախում եմ լսել, թեկուզ այն չի կարող ինձ համար խոչընդոտ հանդիսանել։ Ես այնտեղ եմ, ուր ունեմ լավ ընկերներ և որտեղ ինձ սիրում ու սպասում են։ - Դուք ձեր երգերի հեղինակն ու կատարողն եք, դրա հետ մեկտեղ գիրք եք գրում ու նաև լավ խոհարար եք... - Այո, ես սիրում եմ նաև խոհանոցում աշխատել, ու դա ինձ համար ևս արվեստ է։ Ու քանի որ ես բավական ժամանակ է, ինչ անցել եմ բուսակերությանը, խորհուրդ կտայի բոլորիդ հետևել իմ օրինակին, քանի որ այն շատ առողջարար է։ - Ապրելով աշխարհի ամենասուրբ քաղաքում շրջագայություններ եք կատարում աշխարհով մեկ։ Կա՞ մեկ այլ երկիր ուր կտեղափոխվեիք։ - Ոչ, Իսրայելում ես գտել եմ այն, ինչը ինձ հոգեհարազատ է։ Թեկուզ և այնտեղ ապրելն այժմ այնքան էլ անվտանգ չէ, սակայն ես չեմ պատրաստվում տեղափոխել իմ հայրենիքից։ - Ի՞նչ պլաններ ունեք առաջիկայում։ - Մեզ մոտ ասում են, եթե ուզում ես ծիծաղացնես Աստծուն, պատմիր նրան պլաններիդ մասին։ Ես աշխատում եմ ապրել ներկայով, ու վայելել ներկայի հաճելի պահերը, քանի որ դրանք երբեք չեն կրկնվում, իսկ կյանքն այնքա՜ն փոփոխական է։ Այսօր ստույգ չես կարող ասել, թե վաղը ինչ կլինի։ - Դուք կվերադառնա՞ք Արցախ։ - Անկասկած, մեկնելով՝ իմ սրտի մի մասնիկը կմնա այստեղ, քանի որ ես շատ սիրեցի Արցախն ու նրա ժողովրդին։ - Եվ վերջում, Ձեր մաղթանքները Արցախի ժողովրդին։ - Արցախն, իրոք, դրախտավայր է։ Թեկուզ այստեղ հասնելու համար ես բավականին երկար ճանապարհ անցա, սակայն շատ գոհ եմ, որ այստեղ եմ։ Իմ դասընկերուհի Նոնա Թամրազյանի՝ ում 28 տարի է ինչ չեմ տեսել, սակայն նամակագրական կապ միշտ էլ պահել ենք, շնորհիվ ես ճանաչեցի ձեր չնաշխարհիկ երկիրը, նրա հիասքանչ ժողովրդին։ Թեկուզ և ինչպես իմ ազգը հայ ժողովուրդը տառապած ազգ է, սակայն նա շատ հյուրասեր է, պատվասեր, հայրենիքին անմնացորդ նվիրված։ Արցախահայությանն ու աշխարհի ողջ հայրեին մաղթում եմ խաղաղություն։ Դուք ունեք հրաշալի տաղանդաշատ երեխաներ, ովքեր համոզված եմ Արցախը կներկայացնեն աշխարհի բարձր բեմերից։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |