Պարզվում է, որ հազարամյա պատմություն ունեցող Քյաթուկ գյուղն աննկարագրելի զորություն ունի: Բանը լոկ այն չէ, որ գյուղն ունի կախարդական և վեհաշուք բնություն, կուսական մի աշխարհ` լի զարմանահրաշ անակնկալներով: Այստեղ օդն այնքա՜ն մաքուր է և ամեն ինչ այնքա՜ն խորհրդավոր: Գյուղ եկողը ցանկանում է օրեր շարունակ մնալ այստեղ, լիովին վայելել այստեղի անաղարտությունը, զգալ այն ամեն մի բջջով: Քյաթուկի անտառների անարատ հոնն ու մոշը, տանձն ու խնձորը, ընկույզն ու շլորը մի ուրիշ համ ու հոտ ունեն, իզուր չէ որ տարբեր տեղերից մարդիկ գալիս ու հենց Քյաթուկի բերքն են նախընտրում վայելել: Իսկ գյուղի մասին խոսել ու չանդրադառնալ
գյուղացիներին, թերևս հնարավոր չէ: Յուրահատուկ մարդիկ` նախանձելի համախմբվածությամբ, պատվասիրությամբ: Այսօր գյուղում ապրում են ընդամենը 4 մարդ` 2 տնտեսություն: Նրանց համար գյուղն աշխարհի ամենագեղեցիկ ու անփոխարինելի կետն է և ցավ են ապրում, որ իրենցից մեկը հիվանդանում և ժամանակավորապես տեղափոխվում է հարազատների մոտ: Լինեին պայմաններ, գյուղը լիներ առաջվանը…Լիներ երբեմնի աշխուժությունը, երեխաները վազվզեին փողոցներում, հանդվորները հոգնած տուն գային … Երանի՜ այն օրերին, հազար երանի: Հաճախ մտորում եմ այդ գյուղի ճակատագրի մասին, ցավ զգում, որ այսօր այն կործանման եզրին է: Թեպետ ես քյաթուկցի չեմ, սակայն փոքրուց լինում էի այնտեղ. պապիս հետ մոշ հավաքելու էինք գնում և ոտքով մեր այդ ճանապարհը, թերևս երկար չէր թվում: Այդ օրերից տարիներ են անցել… Միշտ մի հարց հետաքրքրում էր ինձ. ինչու են այդ գյուղից սերվածներն այդքան իրար նման` բոլորն էլ կարգապահ, մաքրասեր և միշտ իրար կողքի ու գյուղին նվիրված: Հասկացա. պարզապես նրանք շատ են սիրում իրենց հողն ու ջուրը և կարևոր չէ, թե որտեղ են ապրում: Նրանցից յուրաքանչյուրը տենչում է հայրենի գյուղը վերածնված տեսնել /որքան էլ այն անհավանական է թվում/: Վերջին տարիներին քյաթուկցիների հանդեպ իմ հարգանքն ավելի ուռճացավ: Գյուղում կազմակերպած նրանց շաբաթօրյակները, բարեկարգման աշխատանքները միմիայն հիանալու և հպարտանալու տեղիք են տալիս: Ասել է թե, որքան գյուղը գոյատևի և չկտրվի այնտեղի անցուդարձը, ուրեմն չի ընդհատվի նրա դարավոր պատմությունը: Ճակատագրի բերումով ապրելով Քյաթուկի նվիրյալ զավակներից մեկի Սուրեն Թովմասյանի հարևանությամբ` ակամայից մասնակիցն էի դառնում գյուղի կյանքին: Ինչպես ասում են, նրա մի ոտքը հարազատ գյուղում է: Լսում էի նրա երազանքները, կազմած պլանները և հասկանում, որ նրա համար ամեն ինչից վեր է գյուղի կյանքը: Երբեմն էլ կարող է ընտանիքի հոգսերն անգամ թողնել ու սլանալ գյուղ, և այդ ամենն այնքա՜ն օրինավոր է թվում: Վերջերս էլ մտորում էր, որ ժամանակն է Ասկերանից գյուղ տանող ճանապարհը բարեկարգել: Ախր այն անմխիթար վիճակում էր և ոչ բոլոր մեքենաների համար անցանելի: Դե, ինչ խոսք, եթե քյաթուկցիները որոշեցին, ուրեմն նրանց մտադրությունն իրականություն կդառնա: Ես ինքս ականատեսն էի նրանց անհանգստությանը, պրպտումներին: Այդ վեհ նախաձեռնությունն անմիջապես արձագանք գտավ: Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, ում հատուկ են բարեգործությունն ու անմիջական աջակցությունը, ճանապարհը վերանորոգելու համար իսկույն տեխնիկա տրամադրեց` կարևորելով ու գնահատելով այդ նախաձեռնությունը: Ողջունելի այդ գաղափարին արձագանքեցին Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը, §Վրեժ¦ ՓԲԸ տնօրեն Կարեն Հակոբյանը, գործարար Վաչագան Բալասանյանը: Սկսվեցին վերանորոգման աշխատանքները, որին անմիջապես հետևում էին Սուրեն Թովմասյանը, Ալբերտ Ավանեսյանը, Յուրիկ Տերզիկյանը: Աշխատանքները տևեցին մոտ 10 օր: Դժվար է նկարագրել այն ուրախությունն ու ոգևորությունը, որն ինձ հետ կիսեց Սուրեն Թովմասյանը.§Վերջապես իրականացրինք գյուղի համար կարևոր այդ աշխատանքը: Հարկ է նշել, որ այն դժվար էր և մեծ էր բանիմաց մեխանիզատոր Արվիդ Դանիելյանի ներդրումը: Չլիներ նրա մասնագիտական վարպետությունը և տքնաջան աշխատանքը, երևի թե ոչնչի չէինք հասնի: Թեպետ գյուղում այսօրվա դրությամբ ապրում են 4 մարդ, սակայն շատ են գյուղ եկողները, առանձնապես գարնանն ու ամռանը: Մեր գյուղում հնարավորություն կա զբաղվելու անասնապահությամբ և այգեգործությամբ: Բոլորիս երազանքն է գյուղը բնակեցված տեսնել, ունենալ հյուրեր: Մենք պատրաստ ենք հյուրեր ընդունել աշխարհի տարբեր մասերից, զարմացնել ու հիացնել նրանց: Համագյուղացիների անունից երախտագիտություն եմ հայտնում Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանին, քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանին, §Վրեժ¦ ՓԲԸ տնօրեն Կարեն Հակոբյանին, համագյուղացի Վաչագան Բալասանյանին, Լևոն Հակոբջանյանին: Նշեմ նաև, որ հնարավորության սահմաններում մասնակցություն են ունեցել նաև քյաթուկցիները: Դեռևս շարունակում ենք դրամահավաքը և ակնկալում ենք, որ կմասնակցեն բոլոր մեր համագյուղացիները: Ուրախությամբ եմ շեշտում, որ այսօր մեր ճանապարհը անցանելի է ցանկացած ավտոմեքենայի համար և օրեցօր ավելանում են գյուղ հաճախողների թիվը¦: Արդարև, կատարած դժվարին այդ աշխատանքն արժանի է գովասանքի: Կարևոր է այն հանգամանքը, որ հաղթեց համախմբվածությունն ու նվիրվածությունը: Հիրավի, գնահատելի է նաև մեր բարերարների անշահախնդիր օգնությունը, նրանց սրտացավությունը: Չէ որ իրականացվել է սուրբ մի առաքելություն, չէ որ վերականգնվել է դեպի հայկական գյուղ տանող մի ճանապարհ: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|