ԻՍԿԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔ ԷՐ` ՈՍԿԵ ՀԱՐՍԱՆԻՔ
06.09.2013 15:17

  Յուրաքանչյուր մարդու վաղնջական երազանքն է ամուսնանալ, ընտանիք կազմել, երեխաներ ունենալ: Եթե այն հիմնված է սիրո, հարգանքի և ընկերության վրա, ապա այդ ընտանիքն իդեալական և երջանիկ ընտանիք է: Մեր ժողովուրդը մեծ հավատքով ու ներշնչանքով է վերաբերվում ընտանիքին, համատեղ կյանքին: Չէ՞ որ զորավոր է այն երկիրը, որն ունի ամուր ընտանիքներ: Իսկ այդպիսի ընտանիքներում միայն կարող են դաստիարակվել մեր երկրի համար արժանի զավակներ: Իհարկե, մեր շրջապատում քիչ չեն այն երջանիկ զույգերը, որոնք մինչև իրենց կյանքի վերջը վայելում են սիրո պտուղները, ճաշակում համատեղ ծերանալու

բերկրանքը: Նրանց մեջ հավետ ապրում է սերը, հարգանքն ու հավատարմությունը: Հիրավի, սիրտդ փառավորվում է, երբ քո շրջապատում տեսնում ես երջանիկ դեմքեր, առողջ և համերաշխ ընտանիքներ: 
 Վերջերս Ասկերանում մի զարմանալիորեն հաճելի իրադարձություն կատարվեց: Հարսանիք էր` իսկա-կան հայկական հարսանիք: Ամեն ինչ ավանդական էր և հարազատ: Ասես գունեղ մի հեքիաթ լիներ, որտեղ ներկա էին օրվա հերոսները: Օրը լի էր գեղեցիկ անակնկալներով: Ներկաների դեմքերը շողում էին ուրախությունից, անհամբերությունից. ախր հետաքրքիր օր է լինելու: Իրենց ոսկե հարսանիքն էին տոնում Ենոք և Նորա Աղաջանյանները: Ամոթխած հարսը գլխիկոր նստել էր փեսայի կողքին: Վերջինիս հագ ու կապը պատկառանք էր ներշնչում: Նրանց կողքին նստել էին ընտանեկան քավորն ու քավորակինը: 
Երջանիկ այս զույգը 50 տարի է, ինչ ապրում է հաշտ ու համերաշխ: Սերն ու փոխադարձ հարգանքն է նրանց երկար տարիների ընտանեկան երջանկության գրավականը: Նրանք ունեն 4 զավակ` երկու տղա և երկու աղջիկ: Աղաջանյանների աշխատավոր ընտանիքում դաստիարակվել են առաքինի և աշխատասեր զավակներ: Ենոք պապիկը և Նորա տատիկը բոլորիս հայտնի են որպես բարի, համեստ և աշխատասեր մարդիկ: Հիշում եմ, Ասկերանի միջնակարգ դպրոցում սովորելուս տարիներին Նորա Աղաջանյանն այնտեղ տնտեսվար էր աշխատում: Մշտապես կոկիկ էր և իր գործին նվիրված: Դպրոցում, նրա ջանասիրական աշխատանքի շնորհիվ, միշտ կարգ ու կանոն էր տիրում: Դե, իսկ Ենոք Աղաջանյանն որպես ժողովրդական մարդ, հայտնի է ամենքին: Երկար տարիներ է, ինչ կրտսեր որդու հետ աշխատում է Ասկերանի կոմունալ տնտեսությունում: Աշխատում է պատասխանատվությամբ, նվիրումով: Անշուշտ, այսօր նրանց համար երջանիկ օր է: Նրանք շրջապատված են զավակներով, թոռ ու ծոռներով, բարեկամներով ու հարևաններով: Բոլորը նվերներով եկել էին հարս ու փեսային շնորհավորելու: Ասել է թե, Ենոք և Նորա Աղաջանյանները ճաշակում էին իրենց քրտնաջան աշխատանքի քաղցր պտուղները: 
Հարս ու փեսան զավակների կողմից ոսկե զարդեր ստացան: Սեղանին բազմել էին ավանդական ծառն ու հարսանեկան տորթը: Հյուրերը ուրախանում էին ու անընդմեջ պարում: Միայն հարսն էր, որ հին ավանդության համաձայն պատշաճ էր իրեն պահում, սակայն նա միաժամանակ գողունի հայացքներ էր ձգում հյուրերի վրա և ցանկանում նրանց ցույց տալ, թե որքան երջանիկ է ինքը: Չէ որ իր կողքին աշխարհի ամենալավ փեսան էր կանգնած, որի հետ կես դար ապրել ու էլի կապրի…
Հանկարծ իրարանցում սկսվեց: Ազապ տղա ու աղջիկ իրար էին խառնվել: Հարսը պատրաստվում էր նետել ծաղկեփունջը: Օրվա գեղեցիկ այդ արարողությունը հասավ իր վերջակետին, ծաղկեփունջը բռնած աղջիկը / ի դեպ նա հարս ու փեսայի թոռան հարսնացուն էր/ շողում էր ուրախությունից: Չէ որ հաջորդ հարսանիքն իրենն էր լինելու և նա Նորա տատիկի նման երջանիկ էր լինելու…
Իրոք, հաճելի և իմաստալից միջոցառում էր կազմակերպվել: Համոզված եմ այն օրինակ կհանդիսանա շատ ու շատ ընտանիքների համար: Իսկ Ենոք և Նորա Աղաջանյաններն ուրախանալու առիթներ շատ կունենան, ախր նրանք դեռ ադամանդե հարսանիք ունեն տոնելու: Ձե՛զ առողջություն և երջանկություն:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter