Իրավամբ, մարդ ինչքան ապրում և արարում է գյուղում, իր ձեռքերով հաց արարում, քաղում իր ցանած բարի պտուղները՝ հաճախ կիսելով մտերիմների հետ, այնքան խորն են մխրճվում նրա արմատները հայրենի հողում, այնքան հզորանում է նրա սերը հայրենի եզերքի նկատմամբ։ Նման մարդը չի կարող բարյացակամ, գթասիրտ, ու ամենակարևորը, հայրենասեր չլինել։ Նրա սերը մարդկության հանդեպ անսահման է՝ միշտ պատրաստ օգնության ձեռք մեկնելու։ Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղը Արցախ աշխարհին բազմաթիվ քաջորդիներ է պարգևել՝ թե՛ ռազմի դաշտում, թե՛ քաղաքականության, և թե՛ տնտեսապես զարգացման մեջ։ Ասել է թե, պատերազմական Արցախում բոլորն էլ հերոս էին՝ երեխա, կին, ծերունի։ Սակայն այսօր պատերազմը հետևում է մնացել՝ անցյալ ժամանակում։ Արցախի ներկան հուզում է
բոլոր արցախցիներին, ովքեր վճռականորեն մարտնչել են ու այսօր էլ իրենց բոլոր նախագծերն ու ապագան կապում են նրա հետ։ Նման անձնավորություններից մեկն էլ Սարուշենի գյուղական համայնքի հաշվապահ Վանյա Շամիրի Հարությունյանն է, ով շուտով բոլորելու է ծննդյան 60-ամյակը։ Տարիներ, որոնք ողողված են եղել խինդ ու լացով, ուրախությամբ ու տխրությամբ, դժվարություններով, որոնք երբեմն անհաթահարելի էին թվում։ Սակայն ինչքան ուժեղ է մարդը, այնքան տոկուն ու ամուր է նրա ոգին՝ պատրաստ անելու անհնարինը, սակայն ճակատագրի առջև երբեք չչոքել ու չհանձնվել։ Վ. Հարությունյանը ծնվել է 1953 թվականի սեպտեմբերի 10-ին Սարուշեն գյուղում։ Ավարտելով գյուղի ութամյա դպրոցը՝ ավարտական դասարանները սովորել է Ստեփանակերտի գիշերօթիկ՝ մաթեմատիկական թեքումով դպրոցը։ Այն ավարտելուց հետո գյուղի կոլտնտեսության հաշվին անցել է հաշվապահական կուրսեր, որն ավարտելուց հետո մեկ տարի աշխատել է գյուղի կոլտնտեսությունում որպես հաշվապահ։ Ապա զորակոչվել է ԽՍՀՄ բանակի շարքերում ծառայելու։ Ծառայությունն անցկացրել է Լենինգրադ քաղաքում, որտեղ գրագիր է եղել։ Զորացրվելով՝ վերադարձել է հայրենի գյուղ և լծվել նրա շենացման գործընթացին։ Ընդունվել և ավարտել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը ՝ ստանալով ագրոնոմի որակավորում։ Երկար տարիներ աշխատել է գյուղի Մայիսի 9-ի անվան կոլտնտեսությունում որպես ագրոնոմ։ Իսկ մինչ գյուղատնտեսական հողերի սեփականաշնորհումն աշխատել է որպես բրիգադավար։ Ամուսնացել է, ընտանիք կազմել։ Երեք երեխաների հայր է։ 2006 թվականից առայսօր աշխատում է Սարուշենի համայնքում որպես հաշվապահ։ Ծանր ու դառը մանկություն է ունեցալ նա։ Դեռ չբոլորած հինգ տարեկանը կորցել է սիրելի հորը, այդպես էլ չզգալով հայրական խրատն ու գգվանքը։ Հոր մահից հետո ընտանիքի ծանր լուծը ընկավ մոր փխրուն ուսերին, ով պահեց, սնեց, մեծացրեց չորս երեխաներին՝ տալով նրանց հայեցի դաստիարակություն։ 1988-ին սկիզբ առած արցախյան շարժումը չէր կարող անտարբեր թողնել Վ. Հարությունյանին։ Օրեցօր խտանում էր Արցախի ազատության և անկախության համար ոտքի ելածների շարքը, արցախցուն մեծ վտանգ էր սպառնում։ Եվ նրան պարտադրված պատերազին կամավորագրվեցին բազում քաջորդի հայրենասերներ, որոնց համար հայրենիքի ազատությունը կյանքից էլ թանկ էր։ Վանյան սկզբում կամավորագրվեց Ամարասի կամավորականների ջոկատին։ Իսկ պաշտպանության բանակի ձևավորումից հետո դարձավ նրա անձնվեր մարտիկներից մեկը։ Վ. Հարությունյանը մասնակցել է ռազմավարական մեծ նշանակություն ունեցող ռազմագործողությունների։ Նա արժանացել է §Մարտական ծառայությունների համար¦ հուշամեդալի և պարգևատրվել պաշտպանության նախարարի պատվոգրով։ Ամբողջ գիտակցական կյանքն ապրելով գյուղում, նա գործում է §Իմ խոսքն իմ գործն է¦ նշանաբանով։ Ամեն կերպ ջանում է գյուղի երիտասարդներին ճիշտ ուղղություն, խորհուրդ տալ, հարկ եղած դեպքում օգնել, ինչով կարողանում է։ Անկասկած, նա վայելում է գյուղի երիտասարդների, և ինչու չէ նաև ամբողջ հասարակության սերն ու հարգանքը։ Շնորհավոր ծնունդդ, հարգելի հոբելյար։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |