ՄԱՐԶԱԴԱՇՏԸ` ԱՊԱԳԱ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՐԹԱԿ
12.07.2011 17:55

alt

ԼՂՀ իշխանությունների որդեգրած բարեփոխումների համալիր ծրագրում սպորտի զարգացումը հատուկ տեղ ունի: Առողջ մարմնում` առողջ ոգի. դրան են միտված ոլորտի պատասխանատուների ջանքերը, որոնք ամեն անգամ հաճելի անակնկալներ են մատուցում արցախցիներիս: Ասկերանում նոր մարզադաշտի կառուցումը եւս կարելի է դասել դրանց թվին:
Ասկերանցիները սրտատրոփ էին սպասում մարզադաշտի շահագործմանը, եւ ահա հունիսի 27-ին տեղի ունեցավ հանդիսավոր բացման արարողությունը։  Բացմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, կառավարության անդամներ, հյուրեր, Ասկերանի եւ հարակից գյուղերի բնակիչներ։ Պահն իրոք հուզիչ էր, եւ դա զգալի էր նաեւ շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի խոսքում։
-Շուտով մեծ հանդիսավորությամբ կնշենք Արցախի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձը։ Անկախություն՝ որ ձեռք է բերվել համայն հայության միասնական ու հաղթական ոգու շնորհիվ։


Պայքարը դեռ չի ավարտվել, այն տեղափոխվել է գաղափարախոսական ու տնտեսական դաշտ։ Իսկ պատերազմում հաղթանակած ժողովուրդը պարտավոր է հաղթել նաեւ այս պայքարում։

alt

Կառուցվում են նորանոր շենքեր ու մարզահրապարակներ, բացվում են նոր աշխատատեղեր։ Բարեշինական աշխատանքներին ակտիվորեն մասնակցում են բազմաթիվ հայ բարերարներ, ինչը վերահաստատում է մեր ժողովրդի կուռ միասնականությունը։ Դրա վառ ապացույցներից մեկն այս հոյակերտ մարզադաշտն է, ինչին երկար են սպասել ասկերանցիները։ Համոզված ենք, որ մարզադաշտը մեծապես կնպաստի մատաղ սերնդի ֆիզիկական դաստիարակությանն ու հայոց հերոսական բանակին կտա կոփված մարտիկներ։
Շնորհավորում եմ բոլորիդ այս հիշարժան օրվա կապակցությամբ, միաժամանակ խորին շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցել են մարզադաշտի կառուցմանը։



Ազգանվեր աշխատանքով շենացնենք Արցախը,- իր ելույթն այս խոսքերով եզրափակեց Ս. Գրիգորյանը։
Ապա ԼՂՀ պետական օրհներգի հնչյունների ներքո  բարձրացվեցին ՀՀ, ԼՂՀ եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դրոշները։
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Ա. Ղուլյանը շնորհավորելով ասկերանցիներին մարզադաշտի բացման կապակցությամբ նշեց.
- Այսօր Ասկերանում այս մարզական օջախի բացումն ամենավառ վկայությունն է այն քաղաքականության, որ իրականացնում են ԼՂՀ իշխանությունները։ Սա ապագային միտված ներդրում է, որն ուղղված է մեր գալիք սերնդի թե՜ մտավոր, թե՜ ֆիզիկական եւ թե՜ մշակութային դաստիարակության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։
Ելույթներ ունեցան Ասկերանի Է. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Ռ. Գրիգորյանը, Ասկերանի քաղաքապետ Ա. Գաբրիելյանը, Ասկերանի բնակիչ Ա. Գասպարյանը։
Ռ. Գրիգորյանն իր ելույթում մասնավորապես նշեց.
- Համախմբվեցին նրանք, ովքեր կառուցելու, ստեղծելու, քարը քարին դնելու, հայրենիքը բարգավաճ տեսնելու բաղձանքով են ապրում, ովքեր գտնում են, որ հաղթանակը պահելն ու պահպանելն էլ է հաղթանակ, ովքեր շարունակում են իրենց նվիրումի, արարումի երթը՝ հանուն երկրի ապագայի։

Մեր խոնարհումի եւ երախտիքի խոսքն ենք հղում Սամվել Ջամիլի Կարապետյանին, Արտեմ Շմավոնի Արզումանյանին, Համլետ Ավանեսի Ղազարյանին, Արթուր Աշոտի Մկրտումյանին, Արտուր Յուրիի Հարությունյանին, Կարեն Ալեքսանդրի Շահրամանյանին, Սամվել Ալեքսանդրի Հակոբյանին, Արարատ Սամուրկայի Խաչատրյանին, Վագիֆ Իվանի Աթայանին, Հակոբ Աշոտի Հակոբյանին, Վալերիկ Պողոսի Քամալյանին, Էմիլ Էռնեստի Հակոբյանին, Ալիկ Երվանդի Միրզոյանին, Միքայել Աբելի Առուստամյանին, Ալբերտ Աշոտի Ավանեսյանին, Արվիդ Վազգենի Ավանեսյանին։
Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ պետության արժանապատվությունը, վերջին հաշվով, կախված է այն կազմավորող անհատների արժանապատվությունից։ Նման արժանապատիվ անհատների շարքը լրացնում են Բարսեղ Գերասիմի Բեգլարյանը, Կարեն Վիլհելմի Կարապետյանը, Սամվել Իսահակի Գաբրիելյանը, Գեորգի Միսակի Օհանյանը, Հրայր Յուրիի Հովսեփյանը, Յակով Սերյոժայի Խաչատրյանը, Ժակ Մաթեւոսի Մաթոսյանը։ Հասարակական բարեկեցությանն օգտակար նրանց գործունեությունն առնվազն մարդկային առաքինություն պետք է համարել։ Բնականաբար, բնությունն այս մարդկանց օժտել է անանձնական կյանքով ապրելու որակներով։


Ակնածանքով եւ հպարտությամբ շնորհակալություն հայտնենք մեր վարպետ-բանվորներին, նրանց բազկին ու մուրճին զորություն մաղթենք, նրանց գործին անսահմանություն։ Նրանք են՝ Վլադիկ Կարոյի Հովսեփյանը, Էդվարդ Նիկոլայի Գրիգորյանը, Կառլեն Բաբայի Բախշիյանը, Լեւոն Բենիկի Հակոբջանյանը, Արամ Բորիկի Պողոսյանը, Պարգեւ Ռուբենի Աղաբաբյանը, Լեւոն Արտյուշայի Հայրապետյանը, Սերգեյ Ավանեսի Ղարախանյանը, Ջիվան Ջանիբեկի Մարտիրոսյանը, Շահեն Աբելի Բեգլարյանը, Բարսեղ Միքայելի Ավանեսյանը, Հայկ Հրաչիկի Սիմոնյանը, Վլադիմիր Ալիշի Մելքումյանը։ Երախտիքի խոսքեր պետք է ասենք Ասկերանի Է. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչական եւ աշակերտական կոլեկտիվներին, ի դեմս ուսուցիչներ Էրիկ Ապրեսյանի, Աշոտ Ասրյանի եւ Էրիկ Մելքումյանի։
Մարզադաշտի կառուցման աշխատանքներին շաբաթօրյակներով իրենց մասնակցությունն են բերել շուրջ 200 դպրոցականներ։ Դա աշխատանքային դաստիարակության մի յուրօրինակ դաս էր մատաղ սերնդի համար։ Այդ դասը վարակել է նաեւ հարեւան Իվանյանի միջնակարգ դպրոցի մի խումբ պատանիների եւ տնօրեն Գուրգեն Ղուլյանին։


Արժանապատվորեն, հայրենասիրական մղումներով իրենց մասնակցությունն են բերել շրջվարչակազմի բոլոր աշխատողները, շրջանային կրթության բաժնի մասնագետները, մշակույթի տան աշխատողները, ՙԱրցախգազ՚ ՓԲԸ, ՙՂարաբաղ Տելեկոմ՚ ՓԲԸ, ՙՋրային տնտեսություն՚ ՓԲԸ, ՙՋրամատակարարում եւ ջրահեռացում՚ ՓԲԸ, ՙԿոմունալ տնտեսություն՚ ՓԲԸ աշխատողները, մարզադպրոցի մարզիչները, ՙԲարի երթ՚ ՍՊ ընկերությունը, ԼՂՀ փրկարար ծառայության Ասկերանի ստորաբաժանման աշխատողները, Ն զորամասի զինվորները, տարբեր շինարարական կազմակերպություններ, Խրամորթի համայնքի ղեկավարն ու գյուղի երիտասարդությունը, վետերաններ, առանձին անհատներ, թոշակառուներ, սպորտի սիրահարներ։ 


Նման ձեռքբերումներն արժանի են բարձր գնահատանքի։ Թերեւս ասկերանցիներիս համար դա մեծագույն պարգեւն է մեր հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձին,- այս խոսքերով իր ելույթն ավարտեց Ռ. Գրիգորյանը։
Ժապավենը կտրելու պատիվը տրվեց Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանին եւ 200 ու 400 մետր վազքատարածություններում ՀՀ եւ ԼՂՀ  պատանիների չեմպիոն, Ասկերանի միջնակարգ դպրոցի սան Ստելլա Թամրազյանին։
Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ու Ասկերանի հոգեւոր հովիվ տեր Էմանուել Վարդանյանը կատարեցին մարզադաշտի օծման արարողությունը։ Այնուհետեւ Ասկերանի մարզադպրոցի սաները (մարզիչ` Ա. Մկրտչյան) իրենց ունակություններն ու հմտությունները ցուցադրեցին արեւելյան մարզաձեւից։ ԼՂՀ ԿԱ սպորտի պետական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի մարզադպրոցի սաները ներկայացրեցին մարզական պարեր, իսկ ԼՂՀ պարի պետական համույթը հանդես եկավ գեղեցիկ ելույթով։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագիրը մարզադաշտի շինարարարության ակտիվ մասնակիցնեին հուշամեդալներով պարգեւատրելու մասին` ներկայացրեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի  քարտուղարության պետական պարգեւների եւ կոչումների բաժնի վարիչ Մ. Գաբրիելյանը։


Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հրամանագիրը մարզադաշտի շինարարության բարերարներին պատվոգրերով  պարգեւատրելու մասին` ներկայացրեց վարչապետի օգնական Ա. Պետրոսյանը։
Վերջում տեղի ունեցավ ցուցադրական խաղ՝ Ստեփանակերտի եւ Ասկերանի վետերան ֆուտբոլիստների մասնակցությամբ։  Խաղն ավարտվեց 3։1 հաշվով՝ հօգուտ ստեփանակերտցիների։
Այսքանով ասկերանցիների տոնական օրը չավարտվեց. օրվա երկրորդ կեսին շարունակվեց տոնախմբությունը։ Ժամը 20.00-ին կրկին մարդաշատ էր նորաբաց մարզադաշտը։ Գեղեցիկ կատարումներով հանդես եկան Ասկերանի ՙԲերդ՚ ժողգործիքների պետական համույթը եւ տեղի դպրոցականները։ Երեկոյան ժամը 10-ին տեղի ունեցավ տոնական հրավառություն։
Նկատենք, որ խորհրդային տարիներին Ասկերանի ՙԲերդ՚ ֆուտբոլային թիմը հաճախակի հաղթանակներ էր տոնում գյուղական մարզական թիմերի հետ խաղերում: Հատկապես ադրբեջանական շրջանների թիմերի հետ մրցումներն անցնում էին անզիջում պայքարում եւ որպես կանոն` ավարտվում էին հայերի համոզիչ հաղթանակներով: Հասկանալի է, որ այդ մրցումները դուրս էին զուտ մարզական տրամաբանությունից եւ ավելի շատ փաստում էին հայ երիտասարդների ֆիզիկական ու բարոյական առավելությունը հարեւան ազգի նկատմամբ: Այդ առավելությունն ապացուցվեց նաեւ արցախյան պատերազմում, երբ մեր ազատամարտիկները կարողացան փոքր թվաքանակով ջախջախել հակառակորդին ու ստիպել, որպեսզի նա մռութը ջարդված իր որջը քաշվի:
Ներկա պարագայում, Ասկերանի նորակառույց մարզադաշտն այլ առաքելություն ունի: Այդտեղ բորբոքվելու են միայն մարզական կրքերը, եւ ով էլ որ հաղթի այդ մրցումներում, հաղթելու է Հայը: Եվ Հայի  հաղթասեր  ոգին նրան առաջնորդելու է դեպի մեծ մարզասրահներ ու մարզադաշտեր` այնտեղ էլ նույնպես հաղթանակներ կռելու: Հավատա՜նք:

alt



 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter