Ամեն մի մարդու կյանքում գալիս է մի պահ, երբ նա հետադարձ հայացք է ձգում իր անցած ուղուն, մտորում արած չարածի մասին, արժևորում և գնահատում այն: Եվ, երբ տեսնում է, որ կյանքն իմաստալից է անցել, հասկանում է, որ դա է այն երանելի երջանկությունը, որ փափագում է յուրաքանչյուրը: Օրերս լրացավ բոլորիս քաջածանոթ Սվետլանա Ասրյանի ծննդյան 60-ամյակը: Ողջախոհ և բանիմաց, բարի և նվիրված, պարտաճանաչ և աշխատասեր. ահա այն արժեքները, որոնք հարիր են ընկեր Ասրյանին: Նա մի մարդ է, ով տարիների ի վեր անմնացորդ նվիրվել է իր սիրած գործին, հավատարիմ մնացել գործընկերներին: Սվետլանա Ասրյանը ծնվել է 1953 թվականի օգոստոսի 28-ին Ասկերանի
շրջանի Խնապատ գյուղում: 1960 թվականին ընդունվել և 1970-ին ավարտել է Խնապատի միջնակարգ դպրոցը: Նույն թվականին ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի բաժինը: Հետագայում տեղափոխվել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի նույն ֆակուլտետի հեռակա բաժինը: 1973թ. աշխատանքի է անցել Խնապատի մանկապարտեզում: 1979 թվականից աշխատում է Ասկերանի շրջանի կրթության բաժնում` զուգահեռաբար դասավանդել է Ասկերանի միջնակարգ դպրոցում: Աշխատել է որպես շարքային մեթոդիստ, ապա մեթոդկաբինետի վարիչ։ Այսօր նա բաժնի գլխավոր մասնագետն է: Ընկեր Ասրյանի հավաստմամբ մաթեմատիկայի բաժինն ընտրել է ի շնորհիվ սիրելի ուսուցիչներ Գ. Բաբայանի և Բ. Դավթյանի, ովքեր իր համար ուղենիշ են եղել ամբողջ կյանքում: Հպարտությամբ ու անհուն կարոտով է խոսում իր տատի մասին, որը մեծ ազդեցություն է ունեցել իր կյանքում: Լինելով կիսագրագետ կին` տատն ուներ ուրույն մտածելակերպ: Լուսավոր կին էր, որից ճառագում էր անսահման բարություն, ողջամտություն: Նրա տված խրատները, մտերմիկ զրույցները մշտապես ուղեկցել են սիրելի թոռնուհուն: Սվետլանա Ասրյանի համար կրթությունը բարիք է, հասարակությանը ծառայելու միջոց: Նա գտնում է, որ յուրաքանչյուր ուսուցչի համար հրատապ պետք է լինի երեխայի կրթական մակարդակի բարձրացումը: Նա երեխայի հանդեպ պարտավոր է լինել արդարացի, հարգալից և միշտ աշխատի նրա մեջ բարձրացնել հոգատարություն և պատասխա-նատվություն պետության հանդեպ: Բացի հմուտ մասնագետ լինելուց, նա լավ է հասկանում երեխաների մանկական հոգին: Նրա կազմակերպած էքսկուրսիաները, բազմաթիվ արշավները ճիշտ ազդեցություն են թողնում երեխաների վրա, որոնց մոտ առաջանում է սեր դեպի մեր Հայրենիքը, պատմական արժեքները: Ընկեր Ասրյանին սիրում և հարգում են երեխաները: Նա կարողանում է ըմբռնումով մոտենալ երեխաների ներաշխարհին` նրանց մեջ զարգացնելով հետաքրքրություն դեպի գաղտնիքներով լի բնությունը, շրջակա աշխարհը և գեղեցիկը: Չէ՞ որ ինքն էլ գեղեցիկի սիրահար է: Հաճախակի կարելի է տեսնել նրան գեղեցիկ ծաղիկներով, որոնք աճեցնում է սեփական ձեռքերով: Իսկ ինչպիսի՜ հիացմունքով է խոսում դրանց աճեցման մասին և ամեն մի կարկուտից, անձրևից հետո` ցավում ամեն մի կորսված թերթիկի համար: Եվ ամենակարևորը` նա կարողանում է գեղեցիկի հանդեպ ունեցած իր այդ մեծ սերը հաղորդել իր գործընկերներին, երիտասարդ ուսուցիչներին, մատաղ սերնդին: Սվետլանա Ասրյանը ցավ է ապրում, որ աշխատանքի ծանրաբեռնվածության պատճառով չի դասավանդում դպրոցում: Նա այնքա՜ն է կարոտում դպրոցը, իր աշակերտներին: Մեծ մանկավարժի համար կարևոր նշանակություն ունի երեխայի հոգեբա-նությունը: Նա կարևորում է ծնող-երեխա հարաբերությունը, որտեղ չպետք է անջրպետ լինի: Ինչքան էլ պահանջկոտ, նույնքան էլ հասկացող ու համբերատար պետք է լինի ծնողը: Սիրելով հանդերձ, նա չափազանց խստապահանջ և զուսպ էր իր իսկ երեխաների դաստիարակության հարցում: Այսօր, նա մեղմ ժպտալով հիշում է, թե ինչպես էր իր երեխաներին թվում, թե մայրը նրանց քիչ է սիրում: Սակայն ի՞նչ կարող է հավասարվել մայրական սիրուն, նրա ջերմ հոգուն: Ահավասիկ` ոչինչ: Պարզապես նա ցանկանում էր իր զավակների մեջ սերմանել կարգապահություն ու համեստություն, պատասխանատվություն և զսպվածություն: Եվ այսօր Սվետլանա Ասրյանն այն երջանիկ ծնողներից է, որ կարող է հպարտորեն և գլուխը բարձր պահած քայլել ու ասել. ես կարողացել եմ դաստիարակել արժանի զավակներ: Նրա երեք երեխաներն էլ ստանալով բարձրագույն կրթություն` հմուտ մասնագետներ են ու օրինակելի մարդիկ: Համոզված եմ, որ ոչ բոլորը գիտեն, որ ընկեր Ասրյանն օժտված է նաև հումորի մեծ արժանիքով: Նա կարողանում է զավեշտական պատմություններ պատմել և դրանք այնպես հրամցնել, որ ամենալուրջ մարդն անգամ ընկնում է ծիծաղի աշխարհը: Այո՛, հետաքրքիր և անսահման բարի մարդ է Սվետլանա Ասրյանը: - Թերևս, ես այն երջանիկ մարդկանցից եմ, որ ամբողջ կյանքում աշխատել եմ առողջ կոլեկտիվում, շփվել եմ կիրթ և օրինակելի մարդկանց հետ: Մեծ բավականություն է առնչվել նման հասկացող և հմուտ տնօրենների, ուսուցիչների հետ: Տարիներ իր վեր աշխատելով կրթության բնագավառում` ապրել եմ յուրաքանչյուր ուսուցչի կյանքով և պատրաստ եմ եղել օգնել, աջակցել: Խորհուրդ եմ տալիս ամեն ինչում լավատես լինել և երբեք չհուսահատվել: Մենք` մանկավարժներս իրավունք չունենք սխալվելու, քանզի գործ ունենք մատաղ սերնդի դաստիարակության հետ: Այսօր ստեղծված են նորմալ պայմաններ աշխատելու և արարելու համար: Բարձր եմ գնահատում Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի վերաբերմունքը: Նա գնահատում է աշխատող մարդուն: Երանի թե բոլորը նրա պես կարողանային արժևորել շարքային աշխատողին: Այսօր ես անչափ զգացված եմ, որ երկարամյա իմ գործունեությունը գնահատվել է շրջվարչակազմի և իմ գործընկերների կողմից,-նշում է հոբելյարը: Իհարկե, մենք համամիտ ենք ընկեր Ասրյանի հետ և ընդունում ենք, որ հարկավոր է աշխատել: Միայն այդ դեպքում մարդ կարող է անուն ձեռք բերել, բարի անցյալ ունենալ և գնահատվել հասարակության կողմից: Ինչ խոսք, մեր հոբելյարը գնահատված է բազմիցս, գնահատված է թե՛ ղեկավարության, թե' գործընկերների, թե՛ հասարակության կողմից: Շնորհավոր Ձեր ծննդյան հոբելյանը, սիրելի՛ ընկեր Ասրյան: Ձեզ ամենայն լավն ու բարին: Միշտ շրջապատված լինեք հարազատներով ու հավատարիմ գործընկերներով: Արդարև, դուք արժանի եք դրան: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |