ՀՐԱՇԱԼԻ ՄԵՆԱՀԱՄԵՐԳ ԽՆԱՊԱՏՈՒՄ
06.09.2013 15:42

   Սեպտեմբերի 3-ին Խնապատ համայնքի մշակույթի տանը կազմակերպվեց մի հրաշալի միջոցառում: Ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը, շրջվարչակազմի բաժնի վարիչներ, հյուրեր: Հավաքվել էր նաև գյուղի ողջ հասարակությունը: Եկել էին վայելելու համագյուղացի Անուշ Մելքումյանի մենահամերգը: Մենահամերգը կազմակերպվել էր Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի անմիջական աջակցությամբ:
Նա ծնվել է 1990թ. Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում: Սովորել և ավարտել է Խնապատի Արթուր Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոցը: Հաճախել է

Ասկերանի մանկական երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը: Այնուհետև ընդունվել և ավարտել է Ստեփանակերտի Սայաթ Նովայի անվան երաժշտական քոլեջի վոկալ բաժինը: Այժմ նա սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական վոկալ բաժնի 3-րդ կուրսում: Նա շնորհալի ուսանողուհի է և սովորում է գերազանց գնահատականներով: Անուշ Մելքումյանն ունի բազում հաջողություններ դասական երաժշտության բնագավառում: 2013թ. մասնակցել է Գյումրիում կայացած §Վերածնունդ¦ միջազգային երգի փառատոնին և արժանացել մեդալի, իսկ հուլիսի 28-ից օգոստոսի 6-ը մասնակցել է Ռումինիայի Բրայիլա քաղաքում կազմակերպված վարպետաց դասերին և արժանացել Հարիկլեյա Դարիկլեյի անվան դիպլոմի: 
Դահլիճը ծափողջույներով դիմավորեց բազմաշնորհ երգչուհուն և դաշնակահար Մարինե Բարխուդարովային: Անուշ Մելքումյանը ներկայացրեց աշխարհահռչակ երգահանների ստեղծագործությունները: Նա երգեց Բախի, Մոցարտի, Բիզէի, Օբրադորի, Պուչինիի ստեղծագործությունները: Իսկ հայ անվանի երգահաններ Կոմիտասի, Գալանտերյանի, Ապրիկյանի և Դանիել Երաժիշտի գործերը մի առանձին շունչ հաղորդեցին դահլիճին: Երաժշտասեր հանդիսատեսը ձայնակցում էր Անուշին: Դասական երաժշտության սիրահարները հիացմունքով էին ունկնդրում երիտասարդ երգչուհուն: Դահլիճում թևածում էր նաև հպարտության ալիքը: Չէ որ տաղանդաշատ աղջիկն այս գյուղի զավակն է, նրա պատիվը, որի երգերը խոսուն վկան են իր մեծ շնորհի, Աստծուց տված պարգևի:
§Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցել և հովանավորել են իմ աղջկան: Երախտապարտ եմ շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանին, մշակույթի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանին այս միջոցառումը կազմակերպելու համար: Հարկ է նշել, որ մեծ նշանակություն ունի այն, որ գնահատվում է արվեստը, քանզի գեղեցիկ երաժշտության ներքո է մարդ կարողանում կտրվել առօրյա հոգսերից և հակվում դեպի լավն ու բարին: Միաժամանակ շնորհակալություն եմ հայտնում Ասկերանի շրջվարչակազմին, Խնապատի համայնքին ու միջնակարգ դպրոցին, Ասկերանի §Բերդ§ թերթի խմբագրին, Ասկերանի քաղաքապետարանին ու Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցին, §Բարի երթ¦ ՍՊԸ-ին, Ասկերանի շրջբուժմիավորմանը, Լ. Ծատրյանին, Գ. Շահրամանյանին, Ասկերանի արհմիությանը: Հույս եմ հայտնում, որ Անուշ Մելքումյան-երգչուհին բարձր կպահի իր հարազատ բնօրրանի պատիվը¦,-շեշտեց երիտասարդ երգչուհու մայրը:
Իրոք, Անուշ Մելքումյանն ազուգական իր կատարումներով փայլեց հարազատ բեմում: Նրա կատարումները հիացրին և զարմացրին ամենքիս: Նուրբ և գեղեցիկ աղջկա հզոր ձայնը գերելով ներկաներին` միաժամանակ վստահություն ներշնչեց նրա ապագա հաղթանակների մեջ:
2014թ. նա կմասնակցի Ռումինիայում կազմակերպվող դասական երգերի մրցույթին: Ցանկանում ենք համոզմունք հայտնել, որ նա այնտեղ ևս բարձր կպահի հարազատ համայնքի և Արցախ աշխարհի պատիվը:
Քե՛զ բազմաթիվ նվաճումներ երաժշտական արվեստի բնագավառում և մեծ հաղթանակներ աշխարհի տարբեր բեմերում:
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ



alt

alt

alt

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter