Սեպտեմբերի 1-ին հանրապետության հանրակրթական դպրոցներում հնչեց առաջին զանգը։ Չնայած օրը կիրակի էր, սակայն ԼՂՀ կառավարությունը որոշեց չխախտել ավանդույթը՝ առաջին զանգը հնչեցնել հենց գիտելիքների օրը։ 2013-14 ուսումնական տարում շրջանում դպրոց կհաճախի 2258 աշակերտ, որից՝ 247-ը առաջին
դասարանցիներ։ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի առաջին դասարանցիների թիվը 29 է։ Գիտելիքների օրվան եւ Արցախի անկախությանը նվիրված տոնակատարություններին ողջույնի խոսքով հանդես եկավ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Աիդա Գյանջումյանը։ Նա ողջունելով ներկաներին մասնավորապես ասաց. -Ամառային երկար դասամիջոցից հետո դպրոցն իր գիրկն է բացել սիրելի աշակերտներին ընդունելու իր կամարների տակ, որտեղ նրանք ստանում և շարունակելու են ստանալ հայեցի կրթություն և դաստիարակություն։ Նոր ուսումնականի առթիվ բոլորիդ ցանկանում եմ անամպ երկինք, անսահման սեր, կամքի ուժի դրսևորում գիտելիքների յուրացման ոչ դյուրին ճանապարհին։ Հայի ամրակուռ ոգի, նպատակների իրականացում, անձնուրաց նվիրվածություն մեր ազատ ու անկախ հայրենիքի էլ ավելի հզորացման գործում։ Թող որ մեր կրթօջախի սաները միշտ արժանի լինեն դպրոցի անունը կրող, հայ քաջորդի Էդմոն Բարսեղյանի անվանը։ Ապա տոների առթիվ ողջույնի և բարեմաղթանքների համար խոսքը տրվեց Ասկերանի Է. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Կառլեն Մայիլյանին։ Շնորհավորելով բոլորին տոների առթիվ Կ. Մայիլյանը ներկայացրեց 2012-13 ուսումնական տարվա հաջողությունները։ Մարզական բոլոր միջոցառումներում Ասկերանի միջնակարգ դպրոցը բացարձակապես առաջին տեղն է գրավել, ինչը տնօրենը գոհացուցիչ է համարում, ասել է թե սպորտը դպրոցում ամուր հիմքերի վրա է։ Իսկ մնացած առարկաներից ակնկալում է առավել բարձր ցուցանիշներ։ -Ուրախությամբ եմ նշում այն փաստը, որ մեր համերկրացի, Երևանի §Երքաղլույս¦ ՓԲԸ տնօրեն Սամվել Գաբրիելյանի հովանավորությամբ առաջին դասարանցիներին այսօր կհանձնվեն պայուսակներ՝ գրենական պիտույքներով։ Մենք մեր շնորհակալությունն ենք հայտնում մեծ բարերարին՝ մեր դպրոցը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար։ Մյուս հաճելի անակնկալն էլ այն է, որ Հայաստանի ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը նույնպես դպրոցական պայուսակներ (գրենական պիտույքներով) է պատրաստել Արցախի բոլոր առաջին դասարանցիների համար, որոնք առաջիկայում կհասնեն իրենց հասցեատերերին։ Ապա հնչեց ավանդական առաջին զանգը, որը հնչեցրին առաջին դասարանցիներ Աշոտ Պետրոսյանն ու Էլբրուս Շեկյանը և XII դասարանցիներ Նորա Մանուչարյանն ու Նարեկ Աղաջանյանը։ Փոքրիկ ծրագրով հանդես եկան դպրոցի սաները։ XII դասարանցի Ն. Մանուչարյանը ելույթ ունեցավ Արցախի անկախության 22-րդ տարեդարձին նվիրված ելույթով։ -Դպրոցում օրեցօր մենք հայրենասիրության ոգով ենք տոգորվում և մեր պատանեկան սրտում անընդմեջ վառվում ու լուսավորվում է հայրենասիրությունը՝ որպես բարձրագույն արժեք։ Եղիր ուժեղ իմ Արցախ աշխարհ, քանի որ թույլերը բարեկամ չունեն, իսկ այն ապացուցելու կարիք չունես դու, հայրենիք ի՛մ, քանզի քեզ համար զոհվելու պատրաստ քաջորդիներ ունես ու նաև՝ թշնամուն մեռցնել կարողացող արծիվ տղաներ։ Շնորհավոր տարեդարձդ հայրենիք իմ՝ Անկախ Արցախ։ Մեկ անգամ ևս շնորհավորելով ուսուցիչներին և նրանց աշակերտներին նոր ուսումնականի առթիվ՝ մաղթելով, որ այն արգասաբեր լինի իմաստնության գաղտնիքների նվաճման ճանապարհին Ա. Գյանջումյանը ողջույնի համար խոսքը տրեց Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանին։ - Սիրելի ուսուցիչներ, աշակերտներ, հյուրեր։ Այսօր, իրավամբ, կրկնակի տոն է բոլորիս համար։ Սիրտս ուրախությամբ ու հրճվանքով է լցվում, երբ այսօրվա սերնդի մեջ տեսնում եմ այնպիսի երեխաների, որոնք ինձ հիշեցնում են իրենց նախնիներին թե՛ գիտելիքների գերազանց տիրապետմամբ, թե՛ համեստությամբ և թե՛ մարզական ասպարեզում։ Իրոք, որ նրանք արժանի հետնորդներ են։ Սիրելի աշակերտներ, մարդու հոգին ցնծում է ուրախությունից տեսնելով ձեզ։ Դպրոցն ասես մի մեծ ծաղկանոց լինի, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները լավ սովորելու համար։ Ձեր ծնողները ոչինչ չեն խնայել ձեզ զուգել-զարդարելու համար։ Ցանկանում եմ, որ ձեր պատասխանը լինի ուշիմությունը, կարգապահությունը, համեստությունը, նորանոր գիտելիքների ձեքբերումը, և առհասարակ, ձեր մասին լսենք միմիայն դրական արձագանքներ։ Դա կլինի մեծ նվիրում թե՛ հայրենիքին, թե՛ ծնողին, և թե՛ ուսուցիչներին։ Այս հիշարժան օրը ուզում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել ասկերանցիներիս բարեկամ և բոլորի կողմից հարգված և սիրված Սամվել Գաբրիելյանին։ Ասկերանում չկա մի միջոցառում, որտեղ նա իր համերստ ներդումը չունենա։ Ինչպես Արցախի օրհասական պահին, այնպես էլ մինչ օրս նա ապրում է իր բնօրրանով, իսկ հարազատ քաղաքի հաջողություններն ու ձեռքբերումները ապրեցնում են նրան։ Բարի երթ դեպի նոր ուսումնական։ Վերջում ուսումնական տարվա գերազանցիկներն ու տարբեր մրցումներում և օլիմպիադաներում առաջնակարգ տեղեր զբաղեցրած աշակերտները պարգևատրվեցին ԿԳ նախարարի, կրթության շրջանային բաժնի վարիչի և դպրոցի տնօրենի պատվոգրերով։ Կ. Մայիլյանը հույս հայտնեց նոր ուսումնականում գերազանցիկների թիվը կրկնապատկված տեսնել։ Ապա առաջին դասարանցիներն իրենց ուսուցչուհի Զարինե Հարությունյանի ուղեկցությամբ անցան դասարան, որտեղ և տեղի ունեցավ ծանոթությունը դպրոցին ու վերջապես այն առեծղվածը, թե ինչ է լինելու դպրոցում՝ նորեկների համար բացահատվեց։ Նրանցից յուրաքանչյուրը ջանում էր շուտ հասցնել պատասխանելու ուսուցչուհու տված հարցերին։ Զ. Հարությունյանն աշակերտներին բաժանեց Ս. Գաբրիլյանի տրամադրած դպրոցական պայուսակները՝ պատգամելով իր սանիկներին հովանավորի նման հայրենիքի համար պիտանի մարդ դառնալ։ Սիրելի առաջին դասարանցիներ, այս գեղեցիկ օրը թող Աստծո օրհնությունը թող իջնի ձեզանից յուրաքանչյուրի վրա, լուսավորի դեպի մեծ կյանք տանող ճանապարհը՝ անշեղորեն ուղղորդելով դեպի նպատակակետ։ Բոլորս մեծ ակնկալիքներ ունենք ձեզանից։ Առաջին դասարանցիների ծնողների անունից շնորհակալություն ենք հայտնում երկու բարերարներին էլ, քանզի այսօր՝ դպրոց հաճախելու հենց առաջին օրը մեր երեխաները հանդիպեցին հայրենասիրական, ազգապահպան մեծ առաքելության, ինչը, համոզված ենք, եղավ և օրվա արիության դասը։ Քանզի դեպի գիտակցական կյանք տանող ճանապարհին նրանք նախ հանդիպեցին բարեգործությանը, ապրեցին նրանով և զգացին, թե ինչ մեծություն է իրենից ներկայացնում մեծ հայրենասերն ու բարեգործը։ Տա Աստված նրանք չշեղվեն բարին ու լավը ցուցանող ուղուց, միշտ հետևեն իրենց քաջ նախնիների օրինակին՝ դառնալով արժանի հետնորդներ։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |