Օգոստոսի 31-ին Ասկերանում տեղի ունեցավ ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցություն՝ շրջանի հանրակրթական դպրոցների տնօրենների, փոխտնօրենների, առարկայական մասնագետների մասնակցությամբ։ Խորհրդակցությանը մասնակցում էր ԿԳ նախարար Սլավիկ Ասրյանը, փոխնախարար Միքայել Համբարձումյանը, կրթության պետական տեսչության պետ Սոս Արզումանյանը, շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, շրջանի կրթական հաստատությունների տնօրեններ, ուսուցիչներ։ 2012-13 ուսումնական տարում շրջանի
հանրակրթական դպրոցներում կատարված աշխատանքների, ինչպես նաև 2013-14 ուսումնական տարվա խնդիրների մասին զեկուցումով հանդես եկավ կրթության շրջանային բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանը։ Քննարկվեցին շրջանի 32 հանրակրթական դպրոցներում անցած ուսումնական տարում կատարված աշխատանքները, բացթողումները, տրվել են ցուցումները, հետագայում դրանք չկրկնելու համար։ Քննարկվել են խնդիրներ կապված նոր ուսումնականի, դպրոցաշինության, ուսումնական բազայի հարստացման, կադրային հարցի պակասի և այլնի հետ։ Հարկ է նշել, որ շրջանի Հովսեփավան և Աստղաշեն գյուղերում ընթացքի մեջ են դպրոցաշինության աշխատանքները, Հովսեփավանում դրանք ավարտին կհասցվեն ընթացիկ ուսումնական տարում, և աշակերտները կտեղափոխվեն նոր՝ առավել հարմարավետ դպրոցական շենք, իսկ Աստղաշենում անելիքներ դեռևս շատ կան։ Ասկերանի շրջանի հանրակրթական դպրոցներում դեռևս լուծված չեն կադրային խնդիրները։ Խոսքը սահմանամերձ գյուղերում ուսուցիչների պակասի մասին է։ Արդեն արվել են հայտարարություններ թափուր տեղերի համար, սակայն առայսօր դիմողներ չկան։ Ինչքան ցավալի, սակայն փաստ է, որ մարդիկ ձգտում չունեն հեռավոր գյուղերում աշխատելու, որի հիմնական պատճառը ժամաքանակի, ինչպես նաև տրանսպորտի սակավությունն է։ Չնայած, դրան զուգահեռ, 100-ից ավելի դիմումատուներ կան աշխատանքով ապահովվելու համար։ Խորհրդակցության ժամանակ մանրամասն ուսումնասիրվել են անցած ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների , ընթացիկ ներքին և արտաքին ստուգումների արդյունքները, մանկավարժական կոլեկտիվներին տրվել համապատասխան հանձնարարականներ։ Քննարկման է արժանացել նաև կրթության և գիտության նախարարության տեսչության կողմից շրջանում ստուգված բոլոր դպրոցների այն օղակները, որոնք անբավարար գնահատականի են արժանացել։ Շրջանի կրթության բաժնի կողմից կատարվել են կրկնակի ստուգումներ, ինչի արդյունքները գրավոր ներկայացվել են նախարարություն։ Փոխնախարար Մ. Համբարձումյանը խորհրդակցության ժամանակ ներկայացրել է նոր ուսումնականում ծրագրային փոփոխությունները, տվել պարզաբանումներ։ Անցած ուսումնական տարվա ընթացքում կազմակերպված ստուգումների վերլուծությամբ հանդես է եկել տեսչության պետ Ս. Արզումանյանը։ Ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցությունն ամփոփել է նախարար Ս. Ասրյանը։ Ոլորտում սկսված բարեփոխումների շուրջ (ծրագրային փոփոխություններ, նախապատրաստական խմբերի բացման հետ կապված խնդիրներ, մի շարք մասնագիտական և մեթոդական վերլուծություններ)։ Վերջում խորհրդակցության մասնակիցներն իրենց հուզող հարցերով դիմել են նախարարին և ստացել լիարժեք պատասխաններ։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |