Անկախ Արցախը դարձավ քսաներկու տարեկան։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ի լուր աշխարհի արցախցին հայտարարեց իր անկախ ապրելու իրավունքի մասին, ինչը սրերով ընդունվեց հայկական այս երկրամասը հարկադրաբար իր հարկի տակ պահող Ադրբեջանում։ Մեզ պատերազմ պարտադրվեց ու մեր անվեհեր տղաները վճռական մարտի ելան։ Տարիներ են անցել այն դժնդակ օրերից, երբ անողոքաբար ռմբակոծվում էին հայկական գյուղերն ու քաղաքները, ալան - թալանի մատվում հայի ուենցվածքը։ Սակայն բռնցքվեց աշխարհի հայությունն ու ելավ թշնամու դեմ՝ պաշտպանելու հայրենի հողում ազատ ապրելու իր իրավունքը։ Ու հաղթեցինք, հաղթեցինք՝
արյան գնով։ Փլատակներից վերհառնեցին նոր շենքեր առավել գեղեցիկ ու ժամանակակից տեսքով։ Անմահ քաջերի հիշատակին հուշարձաններ կանգնեցվեցին։ Այսօր ցնծում է ամբողջ Արցախը։ Նրա պետական ու վարչական շենքերի կատարներին հպարտորեն փողփողում է հայոց եռագույնը։ Չխախտելով ավանդույթը սեպտեմբերի 2-ին ասկերանցիները շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելեցին Ասկերանի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու բոլոր այն քաջորդիների հիշատակին, ում շնորհիվ ձեռք բերվեց Անկախությունը։ Տոնական քայլերգով անցան Ն զորամասի զինվորները։ Ապա մեքենաների շարասյունը շարժվեց դեպի Տանկ հուշահամալիր։ Հանդիսավոր միտինգը տեղի ունեցավ Ասկերանի զոհված ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշավահանակի մոտ։ Հնչեց ԼՂՀ պետական օրհներգը, ապա ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին իրենց կյանքի գնով մեզ Անկախություն պարգևած բոլոր զոհվածների հիշատակը։ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղական Սամվել Հայրիյանը շնորհավորելով նեկաներին տոնի կապակցությամբ ողջույնի համար խոսքը տվեց Սերգեյ Գրիգորյանին։ -Սիրելի հայրենակիցներ շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի առթիվ։ Այն բոլորիս համար թանկ տոն է որովհետև ձեռք է բերվել համայն հայության ջանքերի գնով։ Անկախության համար պայքարը մեզ ուսուցանել է լինել միաբան ու համախումբ և դա կարելի է համարել մեր հաղթանակների գրավականը։ Մենք համոզված ենք նաև, որ Արցախի անկախության ամրապնդման ճանապարհին բազմաթիվ նոր հաղթանակներ դեռ լինելու են։ Մեր գերակա խնդիրն այսօր Արցախի սահմանների անառիկության ու ժողովրդի բարեկեցության ապահովումն է։ Հպարտությամբ եմ նշում նաև, որ Ասկերանի շրջանը եղել և մնում է երկրում իրականացվող բարեփոխումների առանցքում։ Կրկին անգամ շնորհավորելով համաժողովրդական տոնի կապակցությամբ մաղթում եմ նորանոր հաջողություններ աշխատանքում և անձնական կյանքում։ -Այս տարիների բարձունքից գնահատելով 1991թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին նախկին խորհրդային տոտալիտար համակարգի կազմալուծման ամբողջ գործընթացը, պատմական անցուդարձերն ու իրադարձությունները մեկ անգամ ևս համոզվում ես, որ առաջիններից մեկն անկախության ու ազատության դրոշ բարձրացրած արցախահայության կամքի արտահայտությունը պատմական անհրաժեշտություն էր՝ քանզի հակառակ պարագայում նա կհայտնվեր թշնամու հայակործան զոհասեղանին և հնամենի այս տարածքը կդադարեր հայկական լինելուց։ Պատմական տեսանկյունից քսաներկու տարին քիչ ժամանակահատված է գնահատելու ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ ձեռք բերած հաջողությունները։ Բայց որ անցած այս տարիները պետական շինարարության տարիներ էին և այս հարցում հաջողություններ ունենք գրանցած՝ մենք չէ, որ տեսնում ու գնահատում ենք։ Արցախ այցելող յուրաքանչյուր ոք զարմանում և հիանում է մեր հաջողություններով։ Այսօր առաջին հերթին կարևորվում է մեր երկրի ներքին կյանքի բարեփոխումների հարցը քանզի քաղաքակիրթ աշխարհն ու միջազգային հանրությունը մեզ առաջադրում է երկրի հետագա ժողովրդավարացման, մարդկային գործոնի դերի բարձրացման, նրա իրավունքների հարգման հիմնահարցեր։ Համամարդկային բարձր արժեքներ հարգող հանրությունն է միմիայն դառնում ճանաչելի և արժանանում հարգանքի։ Անհրաժեշտ եմ համարում նշել, որ ԼՂՀ իշխանությունների անթաքույց վերաբերմունքի և սփյուռքի մեր հայրենակիցների ջանքերի շնորհիվ Արցախի անկախության ճանաչման գործընթացը սկսել է ցանկալի պտուղներ տալ։ Այս ամենի վառ վկայություններն են ԱՄՆ մի քանի նահանգների, Ավստրալիայի Հարավային Ուելս նահանգի խորհրդարանների կողմից Արցախի հաներապետության պետական անկախության ճանաչման իրողությունները, ինչպես նաև Ուրուգվայրի հանրապետության խորհրդարանի պատրաստակամությունը ԼՂՀ Անկախությունը ճանաչելու հարցում։ Սիրելի հայրենակիցներ այսօր Արցախում ձևավորվել է մի սերունդ, ով ապրում ու գործում է որպես ինքնիշխան հանրապետության՝ հայկական երկրորդ պետության քաղաքացիներ։ Հավատացած ենք, որ նրանք փառքով ու հավատով կլծվեն հայկական երկու հանրապետությունների վերամիավորման, ազգի առջև ծառացած մի շարք կարևորագույն խնդիրների ու մարտահրավերների իրագործման Սուրբ գործին՝ ակնկալելով ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ՈՒ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ պետության ծնունդը։ Շնորհավոր ծնունդդ Արցա՛խ,- իր ելույթում ասաց Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը։ Սրտաբուխ ելույթով հանդես եկավ Ասկերանի պատմաերկրգիտական թանգարանի տնօրեն Վիգեն Գաբրիելյանը. -Նախ և առաջ ուզում եմ շնորհավորել բոլորիս այսօրվա կապակցությամբ։ Ես ուզում եմ այսօր ձեր ուշադրությունը սևեռել այն նախադրյալների ու հիմքերի վրա, որոնք կարող են տանել, հասցնել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը, նրա պետականության ու միջազգային դիրքերի ամրապնդմանը ։ Խոսքս ուզում եմ հղել հատկապես քաղաքագիտությամբ, հակամարտությունների պատմությամբ զբաղվող այն երիտասարդներին, ովքեր խորը պիտի ընկալեն, որ մեր պարագայում նման հակամարտությունները կարգավորվում են, ավելի ճիշտ, այս աշխարհի հզորների կողմից աջակցություն, առավելություն, գերապատվություն տրվում է, դաշնակցում են, դաշինք են կնքում, վերջապես որոշումներ են կայացվում միայն ու միայն ներուժային կերպով ուժեղ, ներքին պոտենցիալով ուժեղ հակամարտող կողմի օգտին։ Այն կողմի օգտին, ով ընդունակ է իր ներքին հասարակական ինքնակազմակերպվածությամբ, իր արտաքին ագրեսիվությամբ դիմակայելու այդ միջազգային ուժերի ճնշումներին, ընդունակ է դիմակայելու՝ իր շահերին հակադրող այդ միջազգային ուժերի որոշումներին։ Հետևաբար, նրանց ուշադրության կիզակետում ոչ թե հակամարտող կողմերի նախագահների հանդիպումներն ու բանակցային գործընթացներն են, այլև երկու ժողովուրդների՝ հայերի և ադրբեջանցիների զանգվածային գիտակցությունների մեջ տեղաշարժերն են, երկու ժողովուրդների հոգեբանական տրամադրություններն են, ագրեսիվության, նվիրվածության աստիճանն է իրենց ազգային – պետական շահերի նկատմամբ։ Այդուհանդերձ, եթե ուզում եք մի քանի գլուխ բարձր լինեք ադրբեջանականից, եթե ուզում եք ձեզ բացառիկություն անեն նրանց համեմատ, ուրեմն ինքներդ պիտի բացառիկ դառնաք։ Ձեր վճռական, հանդուգն քայլերով պիտի դրդեք, ստիպեք միջազգային հանրությանը՝ ձեր շահերի ճանաչման համար։ Պետք է ցույց տալ, ցուցադրել, որ մենք էլ ենք լի վճռականությամբ, բավականին ոգի և ուժ ունենք՝ պատրաստ դիմակայելու, պատասխանելու ադրբեջական ցանկացած մարտահրավերի։ Գիտեմ, որ հնարավոր է վերականգնել այդ կայուն և առողջ սոցիալ-հոգեբանական վիճակը, չէ որ այդ վիճակը մենք ունեինք նախապատերազմյան շրջանում։ Գիտեմ նաև, որ աշխարհի ոչ մի հզոր ուժ երբեք չի համարձակվի իր կամքը պարտադրել ազգային, սոցիալական համերաշխության արժեքներով առաջնորդվող, ինքնակազմակերպված և ոգեշնչված հանրություն ունեցող պետությանն՝ անկախ նրա դեմոգրաֆական վիճակից ու աշխարհագրական միջավայրից։ Իսկ այսօրվա վիճակը դեռ բավարար չէ առավելության հասնելու Ադրբեջանի նկատմամբ։ Առավելության հասնելու միակ ճանապարհը մեր ներքին կյանքում արմատական փոփոխություններ սկսելու մեջ է. արդյունավետ և որակյալ հասարակական - պետական համակարգ կառուցելու, օրենքի իշխանություն հաստատելու մեջ է, որոնք իրենց հերթին արդյունքում, համոզված եմ, կարող են արմատական փոփոխություններ առաջացնել թե՛ Ադրբեջանի, թե՛ միջազգային հանրության դիրքորոշումներում՝ հակամարտության կարգավորման այդ բանակցային գործընթացներում։ Ելույթի համար խոսքը տրվեց Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Գայանե Հայրիյանին։ -Այսօր ԼՂՀ Անկախության քսաներկու ամյակն է։ 22 տարի առաջ այս օրը ծնունդ առավ հայկական երկրորդ պետությունը։ Այսօր, իհարկե, կարևորագույն խնդիր է մնում միջազգային հանրության կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը։ Անցած տարիների ձեռքբերումներն ու դժվարությունները ցույց են տվել, որ պակաս կարևոր չէ սեփական անկախության գիտակցումը։ Արցախը քսաներկու տարեկան է ու որքան նա մեծանա այնքան ամրապնդվելու է նրա անկախությունը։ Ու այսօր մենք վստահորեն ասում ենք, որ Արցախը կայացած պետություն է՝ զարգացած ու ժողովրդավար։ Ցնծա ազատ ու անկախ իմ Արցախ։ -Քսաներկու տարի է, ինչ հայ ժողովուրդը տոնում է ամենավիրական ու ամենապանծալի Անկախության օրը։ Այս օրը միայն ժամանակակիցներինս չէ, այլև հայոց բոլոր ապրած և ծնվելիք սերունդների տոնն է, քանզի մեր հարատևության արարումների հզորության ու բարգավաճման ակունքն է անկախությունը։ Հայ ժողովուրդն ապացուցեց, որ զուր չի եղել անկախության իր դարավոր փափագը ապացուցեց՝ կայացնելով պետականություն, սահմանադրություն և աշխարհին պարզեց հավերժորեն արարելու իր Արարչատու իրավունքը։ Փառք հայոց Անկախությանը հավերժ փառք հաղթանակ շնորհած բոլոր մարտիկներին։ Կեցցե՛ ազատ Արցախը, որ մարմնավորում է հայոց արժանապատվությունը,- իր ելույթում ասաց Ն զորամասի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Արա Քամալյանը ։ Սեպտեմբերի 2-ին նվիրված տոնական միջոցառումների շարունակությունը տեղի ունեցավ քաղաքային մարզադաշտում, որտեղ և հավաքվել էին ասկերանցիներն ու շրջակա գյուղերի բնակիչները։ Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը ողջունելով ներկաներին մեկ անգամ ևս շնորհավորեց բոլորին Արցախի անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ ։ -1991 թվականի սեպտեմբերի 2-ը նոր էջ բացեց արցախահայության կյանքում և դարձավ հայոց անկախ պետականության վերականգնման սկիզբը։ Շնորհավորում եմ բոլորիս այս հրաշալի տոնի կապակցությամբ և ցանկանում, որպեսզի Արցախ աշխարհն էլ ավելի բարգավաճի և հզորանա,- ասաց հաղորդավար Նինել Գաբրիելյանը՝ բեմահարթակը տրամադրելով §Բերդ¦ ժողգործիքների համույթի երգիչներին (Հերմինե Խաչատրյան, Վարշամ Հակոբյան, Ռադիկ Մանասյան)։ Ազգային պարի գեղեցիկ կատարումներով ելույթ ունեցան Նորագյուղի մշակույթի տանը կից գործող պարախումբը (պարուսույց Գարի Ավանեսյան)։ Ազգային երգերի գեղեցիկ կատարումներով հանդես եկավ Ստեփանակերտի Սայաթ Նովայի անվան երաժշտական քոլեջի ուսանող՝ Մասիս Ասլանյանը (ծննդով Նորագյուղից), ով վերջերս մասնակցել է Երևանում կայացած §Զվարթնոց¦ խորագրով հայ դասական, հոգևոր և ժողովրդկական երգերի մրցույթին և արժանացել §Գրան Պրի¦ մրցանակին։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական վոկալ բաժնի ուսանողուհի, ծննվոդ խնապատցի Անուշ Մելքումյանը բազմաթիվ հաջողությունների է հասել դասական երաժշտության բնագավառում։ Մասնակցելով Գյումրիում կայացած ՙՎերածնունդ՚ միջազգային երգի փառատոնին նա արժանացել է մեդալի։ Հանդիսատեսի համար նա կատարեց §Հայաստան¦ երգը՝ արժանանալով նրա բուռն ծափահարություններին։ Ավետարանոցի համայնքի բնակչուհի, ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի Մելինե Պետրոսյանը արտասանեց §Սասունցիների պարը¦ բանաստեղծությունը՝ հուզումնալից պահեր պարգևելով ներկաներին։ Միջոցառմանը մասնակցում էին նաև Ասկերանի մանկական երաժշտական դպրոցի (ժողգործիքների խմբի սաներ՝ Հրաչ Դադայան և Համլետ Ավագյան, դասատու՝ Գառնիկ Հայրապետյան, Սնեժանա Թամրազյան՝ §Էրոտաս¦ երգի կատարում՝ դասատու Գայա Արզումանյան) և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները՝ կատարելով §Քերծի¦ ազգային պարը (պարուսույց՝ Մերի Գաբրիելյան)։ Տոնակատարության շրջանակներում օրեր առաջ մարզական միջոցառումներ էին մեկնարկել, իսկ սերպտեմբերի 2-ին հանդիսատեսն ականատես եղավ պարանի ձգման և ծանրաքարի բարձրացման առաջնություններին։ Իհարկե, հաղթեցին ուժեղագույնները, որոնք պարգևատրվեցին Ասկերանի քաղաքապետարանի նվերներով։ Հաղթողների շարքում իր ծանրակշիռ տեղն ուներ Ասկերանի 4-րդ պաշտպանական շրջանը։ Իսկ Իվանյանի տանկային բրիգադի զինվոր Երվանդ Ղազարյանի §Վերցուք տղերք հրացան¦ երգը էլ ավելի բարձրացրեց ներկաների տոնական տրամադրությունն ու մարտական ոգին։ Տոնական միջացառումը շարունակվեց մինչև ուշ երեկո, որի ավարտն ազդարարեց հրաշալի հրավառությունը։ Ի դեպ, տեղին եմ համարում նշելու, որ հրավառությունը և մարզադաշտի բեմահարթակը լուսավորելու համար լուսարձակները տրամադրել է բոլորիս քաջածանոթ Սամվել Գաբրիելյանը։ Հիրավի, նման պարագայում է ի հայտ եկել արտահայտությունը՝ ինքդ լուսե, լույս ես սփռում ամենուր, դու լույսի և բարու սերմնացան։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |