ՍԽՐԱՆՔԴ ԱՆՄԱՀ Է |
15.09.2013 19:09 |
Սեպտեմբերի 13-ին Վիտալի Պետրոսյանի անվան Նորագյուղի միջնակարգ դպրոցում կազմակերպվեց հուշ-ցերեկույթ՝ նվիրված Վիտալի Պետրոսյանի ծննդյան 52-րդ տարեդարձին։ Վիտալի Պետրոսյանն արցախյան ազատամարտի անմնացորդ նվիրյալներից է, ով փափագում էր հարազատ բնօրրանը տեսնել ազատ ու անկախ։ Նա իր հայրենասիրական զգացմունքներն արտահայտում էր կտավի միջոցով, երբ դրա մասին խոսելը մեծ վտանգ էր իրենից ներկայացնում։ Իր կտավներում պատկերում էր Մասիս սարը՝ հայերիս համար դեռևս անհաս բաղձանքը, հարազատ գյուղի հրաշալի բնությունը։ Հուշ - ցերեկույթին ներկա էին Վ. Պետրոսյանի հարազատները, դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվները, մարտական ընկերներ, զինվորականներ։ Դպրոցի կազմակերպիչ Լիդա Հայրիյանը ողջունելով ներկաներին՝ հանդիսավոր միջոցառումը նվիրված արցախյան ազատամարտի անվեհեր մարտիկներից մեկի, §Մարտական խաչ¦ երկրորդ աստիճանի շքանշանկիր» Վիտալի Պետրոսյանի ծննդյան 52-րդ տարեդարձին հայտարարեց բաց։ Հնչեց Արցախի օրհներգը։ Ներկաները ծաղիկներ տեղադրեցին արցախյան ազատամարտում զոհված նորագյուղցիների հիշատակը հավերժացնող վահանակին։ Ապա հերոսի կյանքի ու գործունեության մասին զեկույցով հանդես եկավ դպրոցի զինղեկ Արտուր Հայրապետյանը։ - Սովորելով Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, Վիտալին ուսմանը զուգընթաց հաճախում էր նաև գեղանկարչության դասընթացների։ Ավարտելով ինստիտուտը ստացել է ինժեներ-էներգետիկի մասնագիտություն։ Վերադառնալով հայրենի գյուղ աշխատել է կոլտնտեսությունում։ Ազատ ժամերին զբաղվել է նկարչությամբ։ Նկարել է Կարկառի հովիտը պատկերող կտավ՝ իր մարդաշատ գյուղերով, բնության բազում տեսարաններով։ Երբ Հայաստանի ժողովրդական նկարիչ Հրաչյա Ռուխկյանը տեսավ նկարը՝ շատ զարմացավ։ §Բազմափորձ նկարիչը ռիսկ չի անի այսպիսի մեծ գործ սկսել։ Այս ուսանող տղան ինչպե՞ս է այսպիսի մեծ կտավ սկսել ու կարողացել տակից դուրս գալ։ Այդպես համարձակ կարող է լինել միայն ղարաբաղցին¦։ Վիտալի Պետրոսյանի ստեղծած այդ հոյակերտ կտավի շարունակությունը եղավ նրա մաքառումներով լի կյանքը։ Հարևան Խոջալուն հանգիստ չէր տալիս նորագյուղցիներին։ Վիտալին եղբայրների հետ ինքնաշեն հրանոթ պատրաստեցին, որի առաջին համազարկը թշնամու մոտ խուճապ առաջացրեց։ Երկար ու բովանդակալից էր Վիտալի Պետրոսյան անհատի մարտական ուղին։ Նա միշտ կռվողների առաջին շարքում էր։ Նույնիսկ հիվանդությունը նրան հետ չպահեց մարտական գործողություններին մասնակցելուց։ 1994 թվականի ապրիլի 13-ին թեժ մարտերի ժամանակ ընկավ հայրենիքի քաջ զինվորը։ Մարտական գործողություներին ակտիվ մասնակցելու և ցուցաբերած խիզախության համար 1995 թվականին ԼՂՀ նախագահի հրամանագրով Վիտալի Հակոբի Պետրոսյանը հետմահու պարգևատրվեց §Մարտական խաչ¦ երկրորդ աստիճանի շքանշանով։ Փառք ու պատիվ Արցախյան ազատամարտի բոլոր մասնակիցներին և հավերժ փառք բոլոր նահատակներին։ Ելույթի համար խոսքը տրվեց շեֆ զորամասի՝ տանկային բրիգադի կապիտան Սարգսյանին. - Այսօր հայոց երկնակամարում թևածում է հարաբերական խաղաղությունը։ Արցախյան ազատամարտում մենք հաղթեցինù ոգու ուժի շնորհիվ։ Եվ այսօր էլ հպարտ եմ, որ ներկայիս սերունդը չի մոռանում անցյալը, ի դեմս Վիտալի Պետրոսյանի իր հարգանքի տուրքն է մատուցում մարտիրոսացված բոլոր մարտիկների հիշատակին։ Վստահ եմ, որ միասին ենք պաշտպանելու ու պահպանելու Արցախ աշխարհի անկախությունը։ Ներկաների հետ իր հուշերը կիսեց Վիտալի Պետրոսյանի մարտական ընկեր, Արցախյան շարժման ակտիվիստ Սլավիկ Առուշանյանը։ - Վիտալի Պետրոսյանն ինձ համար շատ թանկ մարդ է եղել ու այժմ ինչքան էլ փորձեմ պատմել նրա մասին, միևնույն է նրա կերպարը ամբողջովին չեմ կարող սպառել։ Նա իսկական հայրենասեր է եղել ու մնացել։ Մեր վերջին հանդիպման ժամանակ նկատեցի, որ Վիտալիի առողջական վիճակը լավ չէ։ Հորդորեցի, որ առողջությամբ զբաղվի, ասաց մի քանի մարտեր կան վերջացնենք նոր առողջությանս հարցով կզբաղվեմ։ Շրջանի ղեկավարը Վիտալիին աշխատակազմում գործ էր առաջարկել, ասացի ինչո՞ւ չես համաձայնվում, միանգամից առողջությանդ հարցն էլ կկարգավորես, պատասխանը եղավ՝ §Մինչև Արցախում խաղաղություն չտիրի ես զենքս վայր չեմ դնի¦։ Իր քաջագործությամբ, խելքով, հնարամտությամբ Վիտալին գործնականում ապացուցեց, որ հայրենիքի անմնացորդ նվիրյալ է։ Ս. Առուշանյանը միաժամանակ շնորհակալություն հայտնեց Վ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի կոլեկտիվին նման միջոցառում կազմկերպելու համար։ Նորագյուղի ազատամարտիկների միության նախագահ, Վիտալի Պետրոսյանի եղբայր Վլադիմիր Պետրոսյանն իր ելույթում ասաց. - Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել դպրոցի տնօրինությանը, ուսուցչական և աշակերտական կոլեկտիվներին դպրոցում պարբերաբար նման միջոցառումներ կազմակերպելու համար։ Հիրավի մեծ է դրանց դերն ու նշանակությունը ապրողներիս հիշողությունները մշտարթուն պահելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում։ Եղբայրս ուսման գերազանցիկ էր, մարդկային վեհ արժանիքներով աչքի ընկավ խաղաղ պայմաններում, ընկերասիրությամբ, քաջությամբ ու հատկապես հայրենասիրությամբ աչքի ընկավ ռազմի դաշտում։ Շնորհավորելով դպրոցականներին նոր ուսումնականի առթիվ Վ. Պետրոսյանը ցանկացավ նրանց որպես կյանքի ուղեցույց ընդունել Վիտալի Պետրոսյանի ու նրա մարտական ընկերների ապրած կյանքը։ - Թող ձեր սերնդին երբեք հերոսանալու առիթ չլինի մարտի դաշտում։ Ապրեք, արարեք միայն խաղաղության պայմաններում և շենացնեք մեր սուրբ նահատակների արյամբ ներկված հողը՝ Արցախը դարձնելով երազանքների երկիր։ Դպրոցի աշակերտները հանդես եկան Վիտալի Պետրոսյանին ձոնված բանաստեղծություններով, հայրենասիրական երգերի կատարումներով։ Նրանցից յուրաքանչյուրը պարտքի մեծ գիտակցում ուներ հայրենիքի նվիրյալի հանդեպ։ Միջոցառման ժամանակ մեկ անգամ ևս հաստատվեց Վիտալի Պետրոսյան հայրենասերի անմնացորդ նվիրվածությունը, մարդկային վեհ արժանիքները, անսահման սերը հայրենիքի նկատմամբ։ Նախօրյակին Վիտալի Պետրոսյանի ծննդյան 52-րդ տարեդարձին նվիրված, արդեն ավանդական դարձած, ֆուտբոլի հուշամրցաշար էր կազմակերպվել։ Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը սեպտեմբերի 13-ին պարգևատրվեցին դպրոցի տնօրենի պատվոգրերով։ Կրկին հնչեց Արցախի օրհներգը՝ ազդարարելով օրվա միջոցառման ավարտը։ Անկասկած, անհնարին է նկարագրել անդառնալի կորստի ցավը, որով տառապում մենք շատերս։ Վիտալի Պետրոսյանի ծնողներն ու հարազատները հպարտության վեհ զգացմունք են ապրում, որ նման զավակ, եղբայր, բարեկամ են ունեցել։ Նրանցից յուրաքանչյուրի սրտի մի անկյունում դաջված է քաջ Վիտալիի անմահ անունը։ Նա կա, ապրում է, քանի բաբախում են այդ սրտերը… Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|