ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ
27.09.2013 10:23

  Սեպտեմբերի 19-ին Ասկերանում ընտրական հանձնաժողովների անդամների, անդամության թեկնածուների համար կազմակերպվեցին մասնագիտական դասընթացներ, որոնց նպատակն է ընտրությունների անցկացման համար համապատասխան գիտելիքների ուսուցումը և հանձնաժողովականների աշխատանքային ունակությունների կատարելագործումը: Ներկա էին ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը, տեղակալ Եղիշ Արզումանյանը, քարտուղար Ռայա Նազարյանը, Ասկերանի ՏարԸՀ նախագահ Կարեն Միրզոյանը: 
 Ողջույնի խոսքով հանդես գալով` Կարեն Միրզոյանը

կարևորեց տեղամասային ընտրական հանձնաժողովների գործունեությունը: ՏԸՀ-ներն այն մարմիններն են, որոնք անմիջականորեն ապահովում են ընտրողների ընտրական իրավունքի ապահովումը: ՏԸՀ-ներում են տեղի ունենում ընտրությունները և ամփոփվում քվեարկության արդյունքների հիման վրա ձևավորված ընտրությունների ընդհանուր արդյունքները: Ակնհայտ է, որ նման ուսուցումների կազմակերպումը մեծ նշանակություն ունի ընտրական գործընթացը պատշաճ մակարդակով անցկացնելու համար: 
 ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը նախ շնորհակալություն հայտնեց ներկաներին միջոցառմանը մասնակցելու համար, ապա անդրադարձավ դասընթացներին.
 -Մասնագիտական դասընթացների կազմակերպումն իր մեջ ներառում է մեծ բովանդակություն: Ուսումնասիրվում է ԼՂՀ Սահմանադրությունը, ԼՂՀ Ընտրական Օրենսգիրքը, §Իրավական ակտերի մասին¦ ԼՂՀ օրենքը, ԿԸՀ որոշումները: Ընտրությունների հետ կապված բոլոր միջոցառումները, ներառյալ որոշումների ընդունումը պետք է անցկացվեն բաց և հրապարակային: ՏՀԸ-ների ցանկացած քայլ կամ գործողություն կապված տեղամասային կենտրոնում քվեարկության անցկացման և արդյունքների ամփոփման հետ պետք է բխի արդարության և օրինականության, անաչառության և չեզոքության, կարգապահության և բարեխղճության, ազնվության և գործողությունների թափանցիկության սկզբունքներից: Առավել կարևոր է, որպեսզի հանձնաժողովի անդամներն իրենց աշխատանքները կազմակերպելիս ապահովեն քաղաքական զսպվածություն` երբևէ ցույց չտալով, թե որ թեկնածուի կողմնակիցն են իրենք: Հույս եմ հայտնում, որ այսօրվա դասընթացները կունենան արդյունավետություն և վկայական ստացած բոլոր անդամները բարձր մակարդակ կցուցաբերեն հետագա ընտրությունների անցկացման ժամանակ:
 Այնուհետև, ելույթ ունեցան ԿԸՀ տեղակալն ու քարտուղարը, որոնք կանգ առան ընտրական հանձնաժողովների աշխատանքների, անդամների լիազորությունների ու պարտականությունների վրա: Խոսվեց նաև գործավարության մատյանների մասին, որոնց ճիշտ լրացումն է ցույց տալիս հանձնաժողովի կատարած աշխատանքը:
Ներկաների ուշադրությանը ներկայացվեց նաև ուսուցողական տեսաֆիլմ:
Վերջում կազմակերպվեց ստուգարք, որին մասնակցեցին շրջանի 10 համայնքներից ժամանած ներկայացուցիչներ` ընդհանուր առմամբ 90 քաղաքացի, 65-ը որակավորման ստուգարք (այդ թվում 9-ը ՏարԸՀ անդամ), 25 դիմումատու (հանձնաժողովի նոր անդամներ) մասնակցել է մասնագիտական դասընթացներին որպես ՏԸՀ անդամության թեկնածու:
Ավարտվեց մասնագիտական դասընթացների առաջին փուլը: Բոլոր անդամների մասնագիտական գիտելիքները և աշխատանքային ունակությունները գնահատվեցին բավարար: Մասնակից անդամները կստանան որակավորման վկայականներ:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter