ՄԵՆՔ ՀՊՐԱՏՈՒԹՅԱՄԲ ԵՆՔ ՀԻՇՈՒՄ ՔԵԶ, ՀԱՅՐԻ՛Կ
27.09.2013 11:49

   Վարազաբուն, Վարդաձոր և Նախիջևանիկ գյուղերն արցախյան պատերազմի ամենաթեժ կետերից էին, որտեղ ընթանում էին անհավասար մարտեր և ճակատագրի նժարին էր դրվում բոլորիս բախտը: Արցախյան շարժման և պատերազմական գործողությունների ողջ ընթացքում սահմանամերձ այս գյուղերն իրենց ռազմավարական դիրքով ու նշանակությամբ յուրահատուկ դեր են ունեցել: Այս բնակավայրերի ժողովրդին սպասվում էին սոսկալի փորձություններ: Թշնամին ուշադրության կենտրոնում պահելով հայկական այս գյուղերը` մոլեռանդ մտադրություն ուներ

զավթել դրանք, տիրանալ հայի ունեցվածքին, հող ու ջրին: Ավա՜ղ, նրան հաջողվեց իրականացնել իր վայրենի ցանկությունը: Սակայն երկար չտևեց ոսոխի ուրախությունը: Ասկերանի շրջանի ինքնապաշտպանական ուժերի ձեռնարկած հակագրոհի շնորհիվ գյուղերն ազատագրվեցին՝ թեկուզև հիմնահատակ ավերված: Ադրբեջանցիները ևս մեկ անգամ հաստատել էին իրենց վայրագությունը, նահանջի ճանապարհին հրի մատնելով գյուղերի տները: Հրադադարից հետո վերականգնվեցին ավերված գյուղերը, բռնատեղահանված բնակչությունը վերադարձավ հարազատ օջախներ, կյանքն աստիճանաբար վերականգնվեց և սկսեց իր հունով ընթանալ: Ավա՜ղ, բացակայում էին բազում տղաներ, որոնք հանուն Հայրենիքի տվեցին իրենց երիտասարդ կյանքերը: Նրանք զոհվեցին, որպեսզի այսօր մենք ապրենք խաղաղ երկնքի տակ, վայելենք նորաստեղծ Արցախի հանրապետության բարեկեցիկ կյանքը: 
 Նշված գյուղերի բնակիչները քաջածանոթ են հորս՝ Ռաֆայել Հարությունյանի անձնվեր էությանը, քանզի նա ամեն գործի կցվում էր անձնվիրաբար։ 20 տարի է, ինչ հայրս մեզ հետ չէ… 20 տարի, որոնց ընթացքում բազում փորձությունների միջով անցնելով մայրս պատվով պահել, մեծացրել է մեզ։ Այսօր էլ ուրախանում է իր թոռնիկներով։ 
 Հայրս ծնվել է 1958 թվականի սեպտեմբերի 14-ին Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում: Ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը` ծառայության է անցել Խորհրդային բանակի շարքերում: Վերադառնալուց հետո ամուսնացել և բնակություն է հաստատել հարազատ գյուղում: Աշխատում էր որպես կինոմեխանիկ, իսկ մայրս նրա հետ տոմսեր էր վաճառում: Սիրում էր Ղարաբաղը, հարազատ գյուղը և միշտ երազում այն տեսնել բարգավաճած և ավելի շենացած: Մտածում էր, որ ամեն մի հայկական ընտանիք պարտավոր էր շատ երեխաներ ունենալ: Երևի կանխազգում էր թուրք ոսոխի մտադրությունը, որը ցանկանում էր բնաջնջել հային և տիրել Արցախ աշխարհին: Երբ սկսվեց Արցախյան շարժումն, ապա՝ դրան հաջորդած պատերազմը, իմ հայրն առանց երկմտելու զենք վերցրեց և բոլորի հետ մեկնեց կռվի դաշտ: Նա հրաժեշտ տալով իր ընտանիքին, թողնելով լացակումած կնոջն ու 4 երեխաներին` գնաց…Գնաց, քանզի Հայրենիքը սպասում էր: Այլ կերպ չէր կարող, չէ որ նա մեծ հայրենասեր էր: Հայրս մասնակցել է Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի, Մարտունու շրջանների գյուղերի ազատագրման մարտերին: Գերազանց տիրապետում էր թնդանոթի օգտագործմանը և դրանով պաշտպանում հարազատ գյուղը: 
 1993 թվականը ամբողջ Ղարաբաղի համար ճակատագրական տարի էր: Տղաները համոզված էին, որ քիչ էր մնացել: Մի քիչ էլ պայքարեին և հաղթանակը մերը կլինի: Նրանցից յուրաքանչյուրը սպասում էր այդ բաղձալի օրվան: Ահա, կվերջանա անիծված պատերազմը, կվերադառնան հարազատ օջախներ, ուր նրանց սպասում են ծնողները, կանայք, երեխաները… Այդպես էր մտածում նաև հայրս: Սակայն ճակատագիրը նրա և մեր հանդեպ շատ դաժան գտնվեց: 1993 թվականի սեպտեմբերի 4-ին նա զոհվեց ոսոխի նենգ գնդակից: Ընդամենը 35 տարեկան էր, իսկ տանը կինն էին ու 4 զավակները` անօգնական ու անդառնալի կորստից ցնցված: Ես՝ ընտանիքի ավագ զավակս՝ 6 տարեկան էի, իսկ փոքր եղբայրս` 3: 
 Տարիներ անցան… Տարիներ լի դժվարություններով, կարոտով ու տրտմությամբ: Հայրի՛կ, այսօր քո զավակները ամուսնացել և երեխաներ ունեն: Նրանք քեզ նման հայրենասեր են, ընկերասեր ու բարի, հոգատար ու կատակասեր: Քո զավակներն ու թոռներն ապրում են քո և քեզ նման հերոսների արյունով ազատագրված հողում: Մենք հպարտ ենք քեզանով հայրի՛կ ու՝ երջանիկ: Չէ որ Ռաֆայել Հարությունյան - հայրն ու պապը հայրենասիրության ու հերոսի վառ օրինակ է հանդիսանում մեզ ու մեր զավակների համար: Քո §Արիության համար¦ մեդալը մենք պահում ենք ամենայն սրբությամբ: 
Սեպտեմբերի 4-ին մենք նշեցինք քո ծննդյան 55-ամյա հոբելյանը։ Նշեցինք՝ առանց հոբելյարի...
 … Մոռացության մշուշը մի դաժան հատկություն ունի: Այն իր քողածածկույթի տակ է առնում անգամ ամենաթանկ հուշերը, եթե ժամանակին ու պարտազգացորեն գրի չես առնում դրանք: Այնպես որ, եկեք չմոռանանք մեր հերոսացած և հերոս մնացած մարդկանց անունները, որոնց շնորհիվ ապրում ենք ազատ ու անկախ Արցախ աշխարհում:

Մերի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

գ. Վարդաձոր

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter