Օրը գյուղում հալչում է, բայց ոչ դանդաղ։ Հալչում է, քանի որ գյուղի մշակն է կառավարում այն. օրը լցոնում է քարից հաց քամելով և օծում իր քրտինքով։ Այսպես է իմաստակիր դառնում և աներևութանում՝ նյութական բարիքի սանդղակ դառնալով։ Այդ բարիքն ու բարին արարում է գյուղացին՝ կառչելով հողին, բարոյականն ու վսեմը սերմանելով։ Կյանքի ու կամքի պահպանման, անդուլ մաքառումների անկորնչելի արահետը բացված է, և մշակն այն ընդունում է, պահպանում ու փոխանցում իր հերթափոխին՝ վստահ, որ ամեն մի նոր սերունդ այն լայնահուն ճանապարհ դարձնելու իր առաքելության մեջ
չի զլանա։ Նման էությամբ ու կենսականացող նկրտումներով ապրողն իմաստ է տեսնում իր կյանքում, գործում է հանուն իր ընտանիքի, իր գյուղի և իր հայրենիքի։ Կենսապահպան առաքելությամբ ապրողները զարմանալիորեն շարունակում են համայնքի գործընթացներին մասնակցել՝ մնալով մշտագո, թեկուզ օդեղեն ուղեցույց, հաղորդելով աներերություն ու տոկոնություն։ Գյուղի ոգին, ազգայինն ու համամարդկայինը այսկերպ են ծլարձակում, ձևավորվում ու կանգնում ընդդեմ փոթորիկների։ Այսպիսի մարդկանց Ասկերանի շրջանի Դաշուշենի գյուղացիները քաջ գիտեն, ունեն ու ունենալու են։ Նրանք կամենում են պահպանել գյուղի դեմքը։ Առանց ոգեղենի ի՞նչ դիմագիծ... Ահա թե ինչու դաշուշենցիները մարդկանց կենդանության օրոք գնահատելու ավանդու-թյուն ունեն։ Նրանց համար հիշատակը վերացական բառ չէ. այն տեսանելի, շոշափելի, գործի մղող, ընդօրինակելի, մեծարման ենթակա արժանիք է ու արժեք։ Հիշատակելի հետագիծ է թողել Արշավիր Ավագումի Աղաջանյանը՝ ընտանիքի կրտսեր, իններորդ երեխան, ծնված 1918 թվականին։ Արշավիրի միակ ժառանգը՝ երեք թոռնատեր Սվետլանան հոր մասին խոսել չի սիրում՝ արցունքներն են հորդում։ Համագյուղացիներն են մեծարում ու դրանից Սվետլանան իրեն լիովին բավարարված է զգում և հավելում է, որ հոր կյանքն ի ծնե նման է ասքի։ Այդպիսի դրվագներից է նրա փախուստը Շուշիից։ Փախեփախի տարին նորածին Արշավիրին կապում են ավագ քրոջ՝ Գենոֆիայի շալակին ու թողնում են հայրենի օջախը, փախչում պատսպարվելու Դաշուշենի բնական թաքստարաններում։ Չորս ուստր, հինգ դուստր ունեցող Ավագումի ընտանիքից այսօր պահպանվել են միայն հուշերը, բայց դա քիչ չէ. դրանցով ոգեղենն են կառուցում, լուսեղեն պալատում հայր ու որդի անում... Արդեն պապ է դարձել այդ լուսեղեն դղյակի բնակիչներից պապի անունը կրելու պատվին արժանացած Արշավիր կրտսերը։ Սա էլ ավանդույթին հավատարիմ՝ իր որդուն անվանակոչել է ի հիշատակ վաղամեռիկ քեռու, Սլավիկ, հայերեն՝ Փառնակ, դարձյալ ի սեր պապի, հրով ու սրով անցած, թրծված ու բյուրեղացած հոգով պապի՝ ավագ լեյտենանտ, տանկիստ և տանկային գումարտակի հրամանատար Արշավիրի։ Ավագումի որդին ավագ էր ամենուր։ Ավագ էր ոչ միայն որպես մարտնչող սպա, այլև որպես մեծ մարդ, մեծ հայ, մեծ դաշուշենցի։ Արշավիրի ամրակուռ ոգու, անկոտրում կամքի և դժնատեսիլ, բայց լուսառաք ուղու մասին են փաստում նրա կրծքանշանները, մեդալներն ու պետական բազմազան խրախուսագրերը, վկայականները, դրանք նույնիսկ նրա մարգարտաշար ձեռագրի պատառիկներից նրա կինը՝ Հրաչյան, մասունքի պես հավաքել, տեսակավորել և պահպանել էր։ Ցավոք, անցած տարի նա ևս հրաժեշտ տվեց կյանքին, բայց նրա հավաքածուն՝ շուրջ 50 տարվա հոգածության ցուցանմուշները ներկայացնում է Սվետլանան։ Դրանցից տեղեկանում ենք, որ Արշավիրը 1941-45թթ. Գերմանիայի դեմ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակ կռող առյուծի սիրտ խմողներից է, Քինաբերգի նվաճման, Լենինգրադի պաշտպան խիզախներից և այլն, և այլն։ Այս բոլորում հիշատակվում է նրա անուրանալի ավանդը կյանքի ամեն մի բնագավառում, որտեղ որ նա հայտնվել է։ Նա իրեն իրոք որպես ավագ է դրսևորել, և ժամանակը պահպանել է այդ հատկանիշը... Գերմանական աշխարհասարս չարիքը՝ Արշավիրին շուրջ ինը տարի գամեց զինվոր-զինվորականի պատվանդանին Լենինգրա-դում (մինչ այդ այստեղ զորակոչված զինվոր էր, և զորացրման մոտերքում սկվեց պատե-րազմը։ Ո՛չ պատերազմը, ո՛չ էլ ինը ամիս պաշարման մեջ գտնվող հրի ու սրի, սովի ու զրկանքի միջով փորձարկող սև ուժը չկարողացան կոտրել Արշավիրի ոգին։ - Հայրս անմրցակից լողորդ էր... ջրում ու բոցում,- խանդաղատանքով համեստորեն գնահատում է Սվետլանան հոր խիզախու-թյունը։ Նա իր կյանքում ոչնչից ահ ու երկյուղ չի ունեցել։ Պատճառը ոչ միայն պարկեշտ կենսակերպն էր, այլև հանուն դրա կռիվ տալու կարողությունը։ Դա նրան արդարության մեջ ապրելու ոգևորություն էր ներշնչում։ Ոգին արտակարգ զորության նրա ակունքն էր, նրան դարձնելով անվախ։ Ըստ հայրիկիս, մարդու վախն անհասկանալիից, աներևույթից է ծնվում, չհաշված մեղավորության զգացումը։ Մահը ահի ամենաիրական աղբյուրն է։ Բոլորն ամեն գնով ձգտում են ապրել ու այդ ամեն գնի մեջ հենց մահաբերն են ներարկում սև արարքներով, քանի որ չեն հասկանում, որ պարկեշտ կենսակերպով պատվավոր մահ են գնում, իսկ այսպիսի մահն անմահության ուղին է մատնանշում։ Արդարության մեջ ապրելու ոգևորությունն արտակարգ զորություն է հաղորդում մարդուն, արարելու ունակ դարձնում, կառուցող ոգի։ Այսպիսով մարդն ինքն իրեն է վերակառուցում, կառուցում... Ոչինչ և ոչ մի տեղ ավերել պետք չէ քաջակորով լինելու դեպքում։ Մահն էլ է ընկրկում ու սարսռում քաջության առջև։ Այդպիսի բազում օրինակներից մեկը Սվետլանան ներկայացրեց որպես հոր կյանքի անհավանական դեպքերից մեկը։ Գերմանացիների գրոհին նահանջի հրահանգն անսացին արդարության հաստատման և համաշխարհային չարիքի դեմ հաղթանակ կռելու հավատամքով տոգորված Աղաջանյան արցախցիները՝ դաշուշենցի Արշավիրն ու սզնեքցի Ահարոնը։ Տանկիստի բնավորություն՝ տանկի ամենակարությամբ։ Պաշարված Լենինգրադը ամենևին չէր վհատեցրել այս խիզախ պաշտպաններին։ Պետք էր՝ կրակով կանցնեին առանց հրկիզվելու։ Ջրում թաքնվելը ըստ նրանց նահանջելուց խելամիտ էր։ Տանկային գումարտակի հրամանատարի և նրա տանկիստի՝ Աղաջանյանների հնարամտությունը տվեց իր արդյունքը։ Ջրասուզակները մնացին այնքան, մինչև թշնամին վստահորեն հեռացավ։ Իսկ ջրում թաքնված գումարտակից կենդանի մնացածներն ապավինել էին Վահագն Վիշապաքաղի զորությանը։ Նրա ժառանգներն էին և §ընդ եղեգան փող¦ թթվածին շնչեցին։ §Ամենքից և ամեն ինչից սովորելու բան ունենք¦,- խրատում էր հայրս։ - Տանկ ենք կառավարում, ջրասույզ էլ պետք է լինենք, կրակից չսարսենք։ §Թթվածնի բալոնն¦ ու բնական քողարկումը եղեգն էր։ Էլ ի՞նչ վախ, ի՞նչ նահանջ։ Այն թշնամուն շփոթեցնելու, հանկարծակիի, ապա ծնկի բերելու զենք էր։ Արդարության գիտակցումը զորացնում է մարդուն։ Զորությունը հաղթանակ է և այն եղավ։ Տանկը մեզ ենթարկվում է, եթե հարկ եղած դեպքում մենք էլ հավանենք ու ընդօրինակենք նրա բնավորությունը՝ հուսախաբ չանել քեզ արարողին։ Սա նաև դաստիարակում է¦,- հակիրճ, բայց գորովանքով մեջբերում է հոր մտքերից Սվետլանան։ Պատերազմական թոհուբոհով անցած այս երկու ընկերներին վիճակված չէր երկար ապրել։ Ահարոնը զոհվեց Լենինգրադում, Արշավիրն իր մահկանացուն կնքեց 1964 թվականին։ Նա կնքեց իր մահկանացուն, բայց նրա անունը մնաց գյուղի ու գյուղացիների սրտում։ Այդպիսին է նվիրյալ մարդու հետոն։ Նա վերադարձավ պատերազմից և սկսեց գործել Ç բարօրություն իր համայնքի։ Գծագրեց և ձեռք բերեց ի հիշատակ պատերազմի մասնակիցների կառուցել աղբյուր-հուշարձան։ Բարեբախտաբար նրա այս ծրագիրը կիսատ չմնաց։ Բրիգադավար եղբայրը՝ Սերգեյը, համագյուղացիներից §իրավունք առավ¦ ավարտին հասցնել այս գործը և նշել, որ այն կառուցվել է Լենինգրադի պաշտպանության մասնակից Արշավիր Աղաջանյանի նախաձեռնությամբ ի հիշատակ Հայրենական պատերազմում զոհված դաշուշենցի մարտիկների՝ Աղաջանյանների, Ադամյանների, Ասլանյանների, Առաքելյանների, Հովսեփյանների, Մկրտչյանների։ Հետագայում այս հուշարձան աղբյուրը դարձավ ընդօրինակման կառույց. Արցախի տարբեր բնակավայրերից եկել են, տեսել, հավանել և նմանակել։ Աղբյուր, որի նախաձեռնողի և շինողների օր-կյանքը ջրի նման երկարում է։ Ջուրը խորհրդանշում է առաքինությունը, անսահման ու անժամկետ հավերժություն։ Այդ ջուր-էության ակունքներում հերթակալում են Արշավիրները՝ արևաշող հայոց երկրի զավակները։ Արևոտ երկրի հայորդին չդիմացա՞վ ռուսական խոնավությանը, պատերազմական պարալիզող ու ավերիչ բնույթին սովալլուկի տիրապետմանը։ Ինչո՞ւ դեռ 1942-ից սկսվեց երկկողմանի թոքաբորբը (պլևրիտը)։ Պատասխանը մի պարզ իրողություն է՝ տանկիստի ճակատագիր. Լենինգրադյան անտառով անցնելիս ջարդված ծառը ջարդել էր նրա 3 կողաճաղերը։ Լենինգրադցիների համար նրա կյանքը թանկ էր նաև պատերազմից հետո, և 1949-ին նրան վիրահատել են՝ ոսկորները փոխարինելով պլատինով։ Իրենց քաղաքի անձնուրաց պաշտպանին այդ թանկ վիրահատությամբ արտահայտեցին նվազագույն զգացվածությունը։ Նրան նմանօրինակ գնահատման ու վերաբերմունքի դրսևորման շնորհիվ Արշավիրն իր կյանքը կարողացավ ծառայեցնել նաև դաշուշենցիներին։ Նրա կարգապահությունը, մաքրասեր, խստապահանջ, ճշմարտախոս ու բացասիրտ բնավորությունն առայսօր հիշատակվում է։ Չոր ու ցամաք ծերպերը նրա հեղինակության շնորհիվ արդեն վերածվել են անտառի, թավուտի։ Դրանցից մեկը Դաշուշենի ծմակուտն է։ Հիմա էլ, երբ փորձում են վնասել բնությունը, մարդիկ հիշեցնում են. §Է՜, ականջդ կանչի Արշավիր, ե՛կ հարցերը լուծիր¦։ Այսպիսով սերնդային հերթափոխը նրա անվան §քանոնով¦ է մեծանում։ - Բնասեր էր ու բնապահպան,- ասում է նրան ճանաչող տարեցներից Անյա Ասլանյանը։ - Երբ կոլտնտեսության նախա-գահի տեղակալ էր, գյուղատնտես Արշավիրը հիմնեց խնձորի այգին, և քարածածկ Դաշուշենում հայտնվեցին պտղատու ծառեր։ Ճիշտ է, այգեստան չես անվանի, բայց բոլորս էլ գիտենք, թե ում ցուցմունքով ու սիրուց են սերմանվել ու պտղավորվել ծառերը։ Համագյուղացիների կենսապայմանների բարելավման մեջ կարևոր դեր խաղաց ճանապարհային կապի այլընտրանքային տարբերակի իրագործումը։ Մինչ այդ գյուղում գրեթե որևէ փոխադրամիջոց չի գործել։ Նրա բրիգադավար եղբայր Սերգեյը պատվախնդրորեն այն ավարտին հասցրեց և ժամանակն հաստատեց, որ այն անփոխարինելի է, նախընտրելի, բանուկ։ Հետիոտն թե փոխադրամիջոցով մարդիկ հեշտ են հատում այս ուղին։ Մարդիկ ունեն նաև կյանքի ճանապարհ։ Նայած թե ով ինչպես է կարգավորում այն։ Եվ այսպես անցվորներն անցնում են, բայց նրանցում կան երանելիները կամ փառավաստակները, որոնք ամեն օրվա հետ գյուղի այգաբացով ներկա են ստանում և մայրամուտով կնքում օրվա բարին։ Ու այդ դրոշմը պահպանում է բոլորին սիրո մեջ։ Նրանք մեր կյանքի ու տեղանքի երկնակամարը ծարիրում են ու անխաթար, անվտանգ պահում, իսկ իրենք էլ տիրոջ իրավունքով վերահսկում են՝ հավաստիացնելով ողջ տիեզերքին հին ու հայտնի ճշմարտությունը. §Բարին բարով կմնա¦, որ բարին է կառավարում տիեզերքը, իրենք էլ՝ մեր մեծերն ու երախտավորները, կյանքի այդ զարկերակի համաչափ տրոփն ապահովողներն են։ Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ գ.Դաշուշեն |