Սեղմիր ատամդ, դու ամենքի մոտ Բացեիբաց լալու իրավունք չունես, Թեկուզ վիրավոր, թեկուզ արնաքամ Զենքերդ տալու իրավունք չունես: Սլավիկ Միրզոյան Սեպտեմբերի 30-ին Ասկերանում կազմակերպվեց մի անմոռանալի հուշ-երեկո, որը նվիրված էր Ղարաբաղյան շարժման նախաձեռնող խմբի անդամ,
պայքարի գործուն մասնակից Սլավիկ Միրզոյանի ծննդյան 60-ամյակին: Երեկոյին ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, ԱԺ պատգամավորներ, գաղափարակից ընկերներ, հյուրեր: Սլավիկ Միրզոյանը ծնվել է 1953 թվականի սեպտեմբերի 30-ին Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղում: Հաջողությամբ ավարտելով Նախիջևանիկի միջնակարգ դպրոցը` ընդունվել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը և այն ավարտել 1976 թվականին: Մասնագիտությամբ դասավանդել է Իսմայիլլիի շրջանի Քյալբանդ գյուղի, այնուհետև հայրենի Սառնաղբյուրի դպրոցներում: Տեղափոխվելով Ասկերան` աշխատել է որպես ուսուցիչ, ապա՝ կուսկոմիտեի քարտուղար, դպրոցական տեսուչ, <<Գիտելիք>> ընկերության բաժանմունքի նախագահ, <<Կարմիր դրոշ>> թերթի գյուղբաժնի վարիչ: 1978 թվականից կոմկուսի անդամ էր: 1989 թ. ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ էր: Նա եղել է Ղարաբաղյան շարժման նախաձեռնող խմբի անդամ: 1988 թվականին տեղափոխվել է հարազատ գյուղ և ստանձնել նորաստեղծ կոլտնտեսության նախագահի պաշտոնը: Հայրենի հողի ու ջրի նվիրյալը չէր կարող այլ կերպ վարվել ու մերժել համագյուղացիների խնդրանքը: Հենց հայրենի գյուղում էլ ստեղծել և գլխավորել է շրջանում առաջին զինված կամավորական ջոկատներից մեկը: Նա մասնակցել է շրջանի Սառնաղբյուր, Վարազաբուն, Վարդաձոր, Նախիջևանիկ, Դահրազ, Ասկերան բնակավայրերի ինքնապաշտպանական մարտերին: 1992 թ. մայիսի 10-ին Սառնաղբյուր-Վարազաբուն բնակավայրերի ուղղությամբ Աղդամից տանկային մեծ գրոհ է սկսվում: Մեր հետևակն անզոր էր դիմադրել: Կոլտնտեսության նախագահ-հրամանատարը գերադասեց չնահանջել և գիտակցաբար ընդառաջ գնալով մահվանը` անհայտ կորավ իր պապերի շիրմաքարերի մոտ: Արցախյան ազգային-ազատագրական պայքարի 10-ամյակի կապակցությամբ և Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Ս.Միրզոյանը պարգևատրվել է <<Արիության համար>> մեդալով: Միջոցառումն սկսվեց հոբելյարի թոռնուհու <<Խոնարհվում ենք>> բանաստեղծությամբ, որը նվիրում էր իր պապի և բոլոր զոհված ու անհայտ կորած ազատամարտիկների անմար հիշատակին: Սլավիկ Միրզոյանին առաջինը շնորհավորեց նրա տիկին, Արցախյան շարժման մասնակից Էվելինա Աղաջանյանը: Ամբողջ դահլիճը քարացած ու լուռ ունկնդրում էր Էվելինայի <<երկխոսությունը>>: Այդ պահին յուրաքանչյուրը տեսնում էր այն մեծ սերը, կարոտը, անբուժելի մորմոքը, որ ուներ տիկին Էվելինան: Նա սեր էր խոստովանում իր սիրեցյալին, որն արդեն 21 տարի է, ինչ իր հետ չէ: Տարիների հետ չի մարել ու չի մարի այն հզոր սերը, հարգանքը, որ տածում էր նա դեպի իր կյանքի ընկերը: Նրա արտասվաթոր ու մեղմ ձայնն ասես լսում էր հենց ինքը` Սլավիկը, որը պատի մեծադիր նկարից բարեհոգաբար ու խոհուն նայվածքով շարունակում է ժպտալ: Նրա հայացքն այնքա~ն խոսուն է և այնքա~ն շիտակ, իսկ նվիրված աչքերն ասես չէին հագենում անվերջ նայելուց… Թվում է, թե ահա նա կարձագանքի, կուրախացնի իր սիրելիին, կտա իր խորհուրդներն ու խրատները: Չէ որ, Էվելինան, թեպետ, հասուն տարիքի ու թոռների տեր կին է արդեն, սակայն այնպե~ս է զգում իր հավատարիմ Սլավիկի գեթ մի բարի խոսքի կարիքը… Ներկաները հուզմունքով դիտեցին պահպանված լուսանկարների ու եզակի տեսանյութի հիման վրա ստեղծված փոքրիկ տեսաֆիլմը: Սլավիկ Միրզոյան-անհատականությունն իր ամբողջ էությամբ ու մարդկային բարձր արժանիքներով վեր հառնեց բոլորի առջև: Երիտասարդ սերունդը հետաքրքրությամբ էր դիտում մեծ հայրենասերի կյանքի էջերից վերցված փաստերը: Նա մի մարդ էր, ով ծնվել ու հասակ էր առել մաքուր և հասարակ մի գերդաստանում` դաստիարակվել բազմալեզու գրքերի աշխարհում: Նա կենսախինդ ու բարյացակամ էր, պարզ ու շիտակ, ծնողասեր ու ընկերասեր: Հարգալից էր շրջապատի հանդեպ, գիտեր ուսման հարգն ու գինը: Ուսանողական տարիներին պատանի Սլավիկը խենթացած էր Էվելինայի սիրով, որին նվիրում էր բազում նամակ-բանաստեղծություններ: Սիրելով հանդերձ, նա Էվելինայի մեջ տեսնում էր իր գաղափարակցին, համախոհին /հետագայում կյանքն ապացուցեց դա/: Ավարտվեցին ուսանողական անհոգ տարիները և Սլավիկը ծանրաբեռնված գիտելիքներով ընտրեց իր ճանապարհը` արահետից դեպի լայնարձակ ճանապարհ: Նա դարձավ ուսուցիչ` բառի լիակատար իմաստով: Դարձավ իր գործի նվիրյալը և իր ողջ էությամբ նոր երանգ ավելացրեց մանկավարժի բարձր կերպարին: Նա սիրում էր մարդուն ու նրա աշխարհը և շարունակում էր անընդհատ ստեղծագործել: Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներն անհուն հպարտությամբ արտասանեցին Ս.Միրզոյանի մտքի փայլատակումների մի քանի նմուշները, որոնք նվիրված էին Հայրենիքին, մայրական սիրուն, ընտանիքին: Կրթության բաժնում աշխատելու տարիներին նրա մեջ արդեն ի հայտ էին եկել վեհ գաղափարներ, որոնց մասին ելույթով հանդես եկավ գործընկեր Ալյոշա Գաբրիելյանը. -Ահա այսպիսի հուշերով լցված ու ջերմացած հոգով ես միանգամից վերադարձա անցյալ: Պատին փակցված այս նկարում մենք տեսնում ենք գրքերով շրջապատված Սլավիկին, և դրանք պատահական գրքեր չեն: Նա իր սիրած հեղինակներով է շրջապատված` Սևակ, Շիրազ, Իսահակյան… Իսկույն մտաբերեցի, թե ինչպես մտավ կրթության բաժին: Երիտասարդ էր և աշխատելու էներգիայով լեցուն: Նրա մեջ ակնհայտ էին բնավորության այնպիսի գծեր, որոնք հետագա կյանքում ճակատագրական դեր ունեցան: Բազմաթիվ դպրոցներ էինք միասին շրջում: Նրա մեջ նկատելի էր սերը Հայրենիքի, մոր, կնոջ, ընկերների նկատմամբ: Հիշում եմ, թե ինչպիսի ոգևորությամբ էր ցանկանում դպրոցներում տարածել Շիրազի <<Ողբ Ղարաբաղի>>-ն: Նա արհամարհում էր վտանգը, արգելքները: Հետագայում դարձավ Ղարաբաղյան շարժման նախաձեռնող խմբի առաջամարտիկներից մեկը` իր շուրջը հավաքելով շատ շատերի: Մասնակցում էր գաղտնի ժողովների` հաճախակի հավաքատեղի դարձնելով իր տունը, իսկ այնտեղ երիտասարդ կինն էր ու երկու փոքրիկները: Իսկ, երբ եկավ պահը և նրան առաջարկվեց պաշտոնավարել Ասկերանում, նա միանշանակ նախընտրեց հարազատ գյուղն ու համագյուղացիներին: Այդպիսինն էր Սլավիկը և նա գիտակցելով գնաց մահվանն ընդառաջ… 1980-ական թվականներին Սլավիկ Միրզոյանի գիտակցական կյանքի ճանապարհը ձգվեց մինչև <<Կարմիր Դրոշ>> թերթի խմբագրություն, որի խմբագիրն էր Կոմիտաս Դանիելյանը: Եվ հյուսվեց աշխատանքային ու հասարակական գործունեության հեքիաթը խմբագրության կոլեկտիվի և Ղարաբաղյան շարժման նախաձեռնող խմբի անդամների հետ: Սլավիկ Միրզոյանին շնորհավորելու էր եկել նրա գաղափարակից ու գործընկեր Կոմիտաս Դանիելյանը, որն իր խոսքում ներկայացրեց Սլավիկ Միրզոյան-մարդուն, քաղաքական գործչին: Որպես հարգանքի ու խոնարհման խոսք Կ.Դանիելյանը դահլիճի ունկնդրմանը ներկայացրեց տարիներ առաջ գրած իր տողերը, որոնք լի էին սպասումով, անձկալի կարոտով… Երբ փոթորկվեց Արցախ աշխարհը, Սլավիկ Միրզոյանի հոգու լճակը նույնպես անմասն չմնաց: Անհանգիստ և հախուռն բնավորության տեր մարդն անվարան կանգնեց Արցախյան շարժման ակունքներում, դարձավ շարժման առաջնորդներից մեկը և այդ վտանգավոր ճանապարհն անցավ իր ընկերների հետ: Գաղափարակից և համախոհ ընկերոջ ծննդյան 60-ամյակի նախօրեին Իգոր Մուրադյանը Երևանից նամակ էր ուղարկել, որն ընթերցեց Սլավիկի ընկեր, Արցախյան շարժման ակտիվիստ Ալբերտ Ավանեսյանը։ Նամակում մասնավորապես ասվում էր. -Արցախյան շարժման ընդհատակյա փուլում Ղարաբաղի տարբեր շրջաններում խմբեր էին ձևավորվում։ Ասկերանի շրջանում ևս նախաձեռնող խումբ ձևավորվեց, որի կազմում էր Սլավա Միրզոյանը։ Նա մեր այն գաղափարակից ընկերներից էր, ով համոզված էր քաղաքական ճշմարտության մեջ, այն ուղու ճշմարտության, որն ընտրել էր։ Թեկուզ հետագայում եղան նաև անտարբերներ, սակայն գերակշռող մաս էին կազմում հայրենասիրական ոգով տոգորվածները՝ ի դեմս Սլավա Միրզոյանի, որոնց կամքի ուժով էլ հետագայում կերտվեց մեծ հաղթանակը։ -Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում բոլոր ներկաներին այս պատմական միջոցառմանը մասնակցելու համար: Հոբելյարն այն մարդն է, որին պարտավոր ենք մշտապես հիշել, որի մասին պետք է իմանան սերունդները: Նա տաղանդավոր, ստեղծագործող և մեծ գաղափարների տեր մարդ էր: Անհուն սիրով նվիրված էր հայրենի հողին, իր ժողովրդին և զոհվեց հանուն սեփական ծննդավայրի փրկության: Երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, առաջին մարդը, որին դիմեցի, դա Սլավիկն էր: Հետագայում նրա հետ խորհրդակցելով` մեծացնում էինք խմբի կազմը: Նա առանց վարանելու ջոկատներ էր կազմավորում /առաջինը ստեղծեց հենց իր շենքի հարևաններից/` մասնակցում գաղտնի ժողովների: Ամեն մի գործի նվիրվում էր անձնվիրաբար: Ինչ էլ խոսելու լինեմ Սլավիկի մասին, թվում է, թե քիչ կլինի>>, - նշեց նրա գաղափարակից ընկեր Սլավիկ Առուշանյանը: Սլավիկ Միրզոյանի հիշատակին նվիրվեցին գեղեցիկ երգեր, արտասանվեցին բանաստեղծություններ: Նա մի մարդ էր, որ ընտրել էր ապրելու արվեստը և ապրել էր Սևակյան սկզբունքով. Ապրել, ապրել, այնպես ապրել, Որ սուրբ հողդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը: Ապրել, ապրել, այնպես ապրել, Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը… ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն իր խոսքում շեշտեց. -Ամեն ինչ ասվեց երեկոյի ընթացքում, շնորհակալություն միջոցառման կազմակերպիչներին: Իրոք, վերադարձանք անցյալ, հիշեցինք մեր առաջամարտիկներին: Իմ սերնդի համար Սլավիկ Միրզոյանն այն դեմքերից մեկն էր, որին ցանկանում էինք նմանվել: Նա այն մարդկանցից էր, որոնք Արցախյան շարժման առաջին օրերից իրենց վրա վերցրեցին այդ մեծ առաքելությունը: Պատեհ առիթ է մեկ անգամ ևս հիշելու մեր առաջամարտիկներին: Նոր սերունդները պետք է ընդօրինակեն Սլավիկ Միրզոյանին ու նրա նմաններին: Այսօր նրա մասին շատ խոսվեց և ամենատպավորիչն այն էր, որ բոլորի ելույթներում, տեսանյութում, ուր խոսում էին նրա համագյուղացիները, միանշանակ լսվում էր <<լավ>> բառը: Պարզապես, նա լավ մարդ էր և ինչ էլ անում էր, անում էր սրտանց, շատ լավ: Փառք ու պատիվ նրան ծնած ու դաստիարակած մարդկանց, նրա ընտանիքին և բոլոր նրանց, ովքեր բարձր են պահում Սլավիկ Միրզոյանի վեհ անունը: Վերջում, Արցախի Ազատամարտիկների Միության անունից նվեր մատուցվեց մեծ հայրենասերի կնոջը` Էվելինա Աղաջանյանին: Արդարև, օրվա խորհուրդն իմաստավորված էր: Հուշ-երեկոյի մասնակիցներից յուրաքանչյուրը պարուրված էր անցյալի վառ հուշերով: Սլավիկ Միրզոյանի ազատատենչ ու հայրենասեր ոգին, որ թևածում էր դահլիճում, փոխանցվել էր ամենքին: Մենք հպարտանում ենք քեզանով, դու անցար պատվավոր մի ճանապարհ` լի բազում փորձություններով ու վտանգներով: Անցար, առանց ետ նայելու, առանց մեկ վայրկյան անգամ երկմտելու, քանզի դու հայ էիր և իսկական հայրենյաց պաշտպան: Քո զավակները պատմության էջերում դեռ կհանդիպեն ոսկե տառերով գրված քո անվանը: Անտարակույս, նրանք ունեն դրա լիիրավ իրավունքը: Վերջում խորին երախտագիտություն հայտնենք Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանին՝ այս հիշարժան օրը պատշաճ մակարդակով կազմակերպելուն աջակցելու համար: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|