ԷԴՄՈՆՆ ԻՋԱՎ ԵՐԿՆՔԻՑ, ԶԱՐՄԱՑՐԵՑ ԲՈԼՈՐԻՆ, ԱՊՇԵՑՐԵՑ ԻՐ ԷՈՒԹՅԱՄԲ ՈՒ ՓՅՈՒՆԻԿԻ ՊԵՍ ՆՈՐԻՑ ԲԱՐՁՐԱՑԱՎ ԵՐԿԻՆՔ
17.10.2013 10:19

  Եվ կմնա նա այդպես,

  Որպես կերպար սուրբ հայի,

  Որպես հանուն քեզ կռվող

  Մի հավերժող ֆիդայի...

   Գուրգեն Գաբրիելյան


 Հոկտեմբերի 4-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպվեց հուշ-ցերեկույթ՝ նվիրված Էդմոն Բարսեղյանի ծննդյան 45-ամյա հոբելյանին։ Հավաքվել էին Էդմոնի հարազատները, ուսուցիչները, համադասարանցիները՝ նշելու

իրենց սիրելիի ծննդյան տարեդարձը, որն արդեն 22 տարի է, ինչ նշվում է առանց հոբելյարի։  
Նախ առաջին դասարանցիները դպրոցի՝ Արցախյան ազատամարտում զոհված շրջանավարտների անմար հիշատակը հավերժացնող հուշավահանակի առջև հանդիսավոր տողանով համալրեցին աստղիկների շարքերը՝ երդվելով լավ սովորել, լինել կարգապահ ու ճշտախոս, հարգել մեծերին, սիրել Հայրենիքը։ Նման մարդկային վեհ արժեքներով էր օժտված Էդմոն Բարսեղյանը, ում ազնվությունը, կարգապահությունն ու հայրենասիրությունն ակնառու դարձան դպրոցական առաջին օրերից։ Այդ են վկայում դպրոցի փորձառու ուսուցիչների գրառումները, որոնց ես հանդիպեցի թերթելով արդեն խունացած, տասնյակ տարիներ պահպանված տետրի էջերը.
§Ես հիացել եմ նրանով ռազմահայրենասիրական խաղերի ժամանակ. խրոխտ կեցվածքով, իսկական սպայից չտարբերվող։ Անհուն կսկիծ է պարուրում հոգիս, երբ մտածում եմ, որ նա չկա։ Նա, որ այնքա՜ն բան ուներ կյանքին, մեզ տալու։ Էդմոնը ունեցավ կարճ, բայց պայծառ կենագրություն...¦ ,- իր հուշերում գրում է Ալիսա Հայրապետյանը։
 §Սիրելի Էդմոն, Աստծո շնորհ է, թե ինչ, դու կյանքի քո ճանապարհն անցել ես սիրելով, որովհետև հասկացել ես, որ սերը դեպի գեղեցիկը տանող ճանապարհն է։ Եվ ուրեմն... սերը ինքը գեղեցիկ է։ Գիտեմ, որ դու քո այդ ճանապարհին ունեցել ես և՛ տառապանք, և՛ երջանկություն։ Սակայն քեզ ո՛չ տառապանքն է հաղթել, ոչ էլ երջանկությունը։ Հաղթել ես Դու։ Գիտե՞ս Էդմոն ջան, դու հեռացար այն ժամանակ, երբ իմն ու քոնը չկար, կար ամեն ինչից վեր կանգնած մարդկային մի համերաշխություն, մտքերի ու հույզերի զարմանալի մի ընդհանուրություն։ Իսկ հիմա՞ ...
Ասում են ամեն մի հեռացում իր մեջ ունի նաև վերադարձ։ Եվ այսօր վերադարձել ես.
... Բացեք դռներն ու ընդունեք ինձ հավուր պատշաճի...
Որդին եմ տիրոջ՝ խոցոտված, արնոտ...¦,- ահա այսպիսի ափսոսանքով, ցավով ու կսկիծով է հիշում իր սիրելի ու ուսման ծարավ աշակերտին հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Ամալյա Շիրոյանը։
Միջոցառումը բացեց դպրոցի տնօրեն Կառլեն Մայիլյանը.
- Էդմոն Բարսեղյանն այն անհատներից էր, որի երկնային կյանքով անգամ կրթվում և դաստիարակվում են սերունդներ։ Քանի որ Էդմոնը բացառիկ էր ամեն ինչում, ուստի այսուհետ դպրոցում սահմանվում է §Էդմոն Բարսեղյանի¦ անվան մրցանակ, որը շնորհվելու է դպրոցի այն տղաներին, ովքեր Էդմոնի պես բացառիկ կլինեն ամեն ինչում՝ թե՛ ուսման մեջ, թե՛ մարզական միջոցառումներում՝ բարձր պահելով դպրոցի անունն ու պատիվը։
 - Այսօր, այս մեծ գերդաստանը, քանզի այստեղ հյուրեր չկան, նշում է իր հերոս որդու ծննդյան 45-ամյա հոբելյանը։ Էդմոնը հայրենիքի այն նվիրյալներից էր, ովքեր առաջինն արձագանքեցին հայրենիքի կանչին։ Նա միշտ մեզ հետ է, քանզի իր մահով էլ որպես օրինակ է հանդիսանում այս կրթօջախի և առհասարակ ներկա և գալիք սերունդներին հայրենասիրական ոգով դաստիարակելու գործում,- իր խոսքում նշեց փոխտնօրեն և միջոցառման կազմակերպիչ Աիդա Գյանջումյանը։ 
Էդմոն Բարսեղյանը ծնվել է 1968 թվականի հոկտեմբերի 4-ին։ Սկբզնական կրթությունը ստացել է Ասկերանի միջնակարգ դպրոցում, որը 1985 թվականին ավարտել է ոսկե մեդալով։ 1986թ. ընդունվել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1987թ. հուլիսի 1-ին Էդմոնը զորակոչվել է խորհրդային բանակի շարքերը։
Դպրոցի զինղեկ Էրիկ Ապրեսյանը ներկայացրեց Էդմոն Բարսեղյանի խորհրդային բանակում ծառայելու ուղին. §Սակայն նա բանակում խորը հիասթափություն է ապրում, հանդիպելով բազում անարդարությունների, որոնք ի վերջո ի մի գումարվելով ստիպում են, որ Էդմոնը վերջապես ըմբոստանա այդ ամենի դեմ։ Նա ծեծում է հրամանատարներից մեկին, որը պարբերաբար ծաղրում ու վիրավորում էր իր զինակից՝ ֆիզիկական արատ ունեցող մի ռուս զինվորի, և ինքնակամ լքում զորամասը։ 1987թ. նոյեմբերի 7-ին նա վերադառնում է Ղարաբաղ։ Սակայն հարազատների թախանձանքին տեղի տալով նա նորից վերադառնում է զորամաս և շարունակում ծառայությունը։ Այդ ընթացքում Ղարաբաղում կամաց-կամաց ծավալվում էր ընդհատակյա շարժումը։ 1989թ. մայիսին Էդմոնը զորացñվում և վերադառնում է Արցախ¦։
 Հանձնելով տաբերություն քննությունները նա ընդունվում է Կալինինգրադի պետական համալսարանի պատմա-իրավաբանական ֆակուլտետի 2-րդ կուրսը։ Սակայն տեղեկանալով Հայրենիքում կատարվող իրադարձությունների մասին, նա վերադառնում է Արցախ և միանում նոր-նոր ձևավորվող ընդհատակյա ջոկատին։ Տղաների համար թիվ մեկ խնդիրը զենք ու զինամթերք հայթայթելն էր, ինչի համար էլ համախոհների հետ մեկնում է Երևան։ Արցախում գնալով դրությունը ծանրանում էր։ Արցախի հյուսիսային դարպասը վտանգի տակ էր։ Այն կորցնելը կնշանակեր՝ կորցնել Արցախը։ Էդմոնը բյուրեղավանցի Սամվել Վարդանյանի հրամանատարությամբ գործող Դաշուշենի ջոկատի կազմում անցնում է կոնկրետ մարտական գործողությունների կատարմանը։ Ռազմագործողությունները հաջորդում են իրար։ Էդմոնի մարտական ուղին ձգվեց մինչև Հադրութ, այնտեղից էլ՝ Շահումյան։ Թշնամին իր բազմատեսակ զենք ու զինամթերքով, զինվորների բազմաքանակությամբ գերակշռում էր։ Սակայն դա տղաներին չէր ընկճում, ամենուր կենաց-մահու կռիվ էին տալիս հայ քաջորդիները քաջ գիտակցելով, որ եթե կորցնենք Շահումյանը, կկորցնենք նաև Մարտակերտը… 
1990թ. դեկտեմբերի 23-ին Էդմոնը ամուսնանում է Նարինեի հետ։ Սակայն ամուսնությունը չխանգարեց նրան շարունակելու պայքարը։ Քանզի հայրենասիրությունը լոկ գաղափար չէր նրա համար, այլ խորն արմատներով մխրճված ¿ñ հոգում։ Նա քաջատեղյակ էր հայոց պատմությանը, հայ ժողովրդի նկատմամբ պատմական անարդարություններին։ Շահումյանում տղաները հաջողությամբ կասեցնում էին թշնամու գրոհները, արժանի հակահարված տալով նրան։ Իրար հերթափոխելով տղաները պարտիզանական կռիվներ էին տալիս։ Շահումյանից վերադառնալով, Էդմոնը շարունակում էր ընդհատակյա պայքարը Ստեփանակերտում և այլուր։ Երբ Ստեփանակերտի կենտրոնում պայթեց ադրբեջական կազմկոմիտեի §ՈՒԱԶ¦ մակնիշի մեքենան, ոչ-ոք այդպել էլ չիմացավ, որ դա կատարվել է Էդմոնի անմիջական մասնակցությամբ։
Վերջին անգամ Էդմոնը Շահումյան մեկնեց 1991-ի օգոստոսի 23-ին։ §Շահումյանում դրությունը վատացել է, իսկ իմ գնդացիրը պարապ է, ես պիտի գնամ¦,- ասաց ու գնաց։ Գնաց ու այլևս չվերադարձավ։ 1991թ. օգոստոսի 28-ին Ղարաչինար գյուղի պաշտպանության համար մղված մարտը վերջինը դարձավ Էդմոն Բարսեղյանի համար։ Նա այդպես էլ չիմացավ, որ իր մահից երկու ամիս անց որդի է ունենալու, ում կոչելու են հոր հերոսական անունով՝ Էդմոն։ Նա չտեսավ այդքան փափագած հաղթանակը, չզգաց հաղթանակի բերկրանքը։ §Համոզված եմ, որ հաղթանակը մերն է լինելու։ Հնարավոր է ես չտեսնեմ այն։ Հնարավոր է նաև, որ ձեզանից ոմանք էլ չտեսնեն։ Բայց այն կլինի անպայման...¦,- ասում էր նա։
 Որդու զոհվելուց հետո զենք վերցրեց նաև 60 ամյա հայրը՝ Ալեքսանդր Բարսեղյանը, մասնակցելով Նախիջևանիկի և շրջակա գյուղերի պաշտպանական, Խոջալուի ազատագրական, Ասկերանի մատույցներում տեղի ունեցած պաշտպանական մարտերին։ 1992թ. սեպտեմբերի 26-ին Ա. Բարսեղյանը զոհվեց թշնամու արձակած արկի բեկորից։ Նա իր սիրելի որդու՝ Էդմոնը պես նախընտրեց իմացյալ մահը, համալրելով հայրենիքի կանչով անմահության ճանապարհն ընտրածների շարքերը։ 
Դպրոցի աշակերտները հանդես եկան Էդմոն Բարսեղյանի ապրած 23 գարունների մասին պատմող բանաստեղծություններով ու հայրենասիրական երգերի կատարումներով։
 -Էդմոն Բարսեղյանի մասին կարելի է խոսել անվերջ։ Արցախ աշխարհի հողը մեզ համար ավելի է քաղցրանում, երբ գիտակցում ենք, որ այս հողում Էդմոնը պես քաջ զավակներ են ծնվել, որոնց  մեջ ամփոփված են մարդկային այն բոլոր բարձր արժեքները, որոնցով կարող ենք սերունդներ դաստիարարկել։ Եվ իզուր չէ, որ այսօր մեր աշակերտները Էդմոն անհատականությունից ընտրել են հետևյալ արժանիքները՝ Հայրենիք, քաջություն, հույս, սեր, ընկեր, հող, խաղաղություն, անկախություն…, որոնք էլ հյուսել են նրա՝ կատարյալ մարդու կերպարը,- ասաց Ա. Գյանջումյանը։  
 Էդմոն Ալեքսանդրի Բարսեղյանը հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության և անձնական արիության համար ԼՂՀ գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ 1993 թվականին պարգևատրվել է §Մարտական խաչ¦ 2-րդ աստիճանի շքանշանով։ Իսկ 1997թ. մարտի 30-ին Ասկերանի միջնակարգ դպրոցն անվանակոչվեց Էդմոնի անունով։ 
Տասնյակ տարիներ դասավանդելով Ասկերանի միջնակարգ դպրցում, այժմ թոշակառու ուսուցչուհի Սուսաննա Գաբրիելյանն իր ելույթում առանձնացրեց յուրահատուկ երիտասարդ Էդմոնին, ում բնությունը օժտել է արտաքին ու ներքին ներդաշնակ գեղեցկությամբ։
- էդմոնը սովորում էր բացառապես գերազանց գնահատականներով, հավասարապես տիրապետելով բոլոր առարկաներին։ Արտակարգ լուրջ էր, բազմաշնորհ։ Սակայն չէր սիրում, երբ իր հասցեին գովեստի խոսքեր էինք հնչեցնում։ Այնքան մեծ է ափսոսանքի ու կորստի ցավը, երբ մեր լավագույն աշակերտի մասին խոսում ենք անցյալ ժամանակով...
Էդմոն Բարսեղյան մեծ հայրենասերի, նրա ուսանողական տարիների մասին իր մտորումներով ու հիշողություններով ներկաների հետ կիսվեց ԱրՊՀ դասախոս Արզիկ Մխիթարյանը.
 - Երբ Ղարաբաղում դեռևս վախի մթնոլորտ էր տիրում, ես դասախոսություններից մեկի ժամանակ ցուցադրեցի §Գաղթը¦ նկարը, այնպես էին բոցավառվել էդմոնի աչքերը, որոնցում ակնհայտ էր վրեժի ցասումը։ Այդ աչքերում ես իսկույն նկատեցի հայրենասիրական վեհ գաղափարներով սնված երիտասադրի։ Նրա համար Հայրենիքից թանկ նորից Հայրենիքն էր։ Էդմոնը քաջ գիտակցում էր, որ հայրենիքի ծառը սնուցվում է լավագույնների արյամբ ու նա դարձավ այդ դոնորներից մեկը։ Այսօր մեծ է ափսոսանքը, սակայն առավել վեհ է հպարտությունը։ 
Ա. Մխիթարյանը շնորհակալություն հայտնեց Եփրաքսյա Կարապետյանին Արցախ աշխարհին Էդմոնի պես զավակ պարգևելու համար։
 Ապա ելույթի համար խոսքը տրվեց Էդմոն Բարսեղյանի այրուն՝ Նարինե Աղաբալյանին։ Նա իր խոսքը սկսեց շնորհակալություն հայտնելով դպրոցի տնօրինությանն ու ուսուցիչներին, ովքեր ամեն կերպ ջանում են մատաղ սերնդի մեջ մշտարթուն պահել հայրենասիրական ոգին՝ որպես օրինակ բերելով Էդմոնին ու դպրոցի զոհված տասնյակ շրջանավարտներին։ 
 - Էդմոնը այս կրթօջախում է ձեռք բերել այն որակները, որոնց շնորհիվ այնուհետև ձևավորվել է որպես գաղափարի զինվոր, որպես իր հայրենիքին նվիրված զտարյուն հայ։ Այս կրթօջախը տասնյակ այդպիսի քաջորդիներ է տվել, ովքեր իրենց կյանքով են վճարել ազատության փրկագինը։ Էդմոնի 45-ամյակը առանձահատուկ է նաև նրանով, որ այսօր հավասարվել է Էդմոնի երկնային ու երկրային կյանքը։ Նրա զոհվելուց հետո միայն բոլորին հայտնի դարձավ, թե որտեղ էր նա օրերով լինում, և ինչու էր տնից այդքան երկար բացակայում։ Օգտվելով առիթից շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին վաղվա՝ ուսուցչի տոնի կապակցությամբ, քանզի ձեզանով է պայմանավորված մեր ու մեր երկրի ապագան։
 Նարինե Աղաբալյանը դպրոցին Էդմոնի հարազատների անունից տեսախցիկ նվիրեց, իսկ Էդմոնի մայրը՝ Եփրաքսյա Կարապետյանը դպրոցին նվիրեց Արցախի դրոշը՝ ի նշան հաղթանակի, քանզի իր որդին հաղթահարել է մահը և՝ անմահացել։ 
Ասկերանի քաղաքապետարանը չէր կարող անմասն մնալ Էդմոն Բարսեղյանի ծննդյան 45 ամյակին նվիրված միջոցառմանը և որևէ կերպ չարձագանքել։ Քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը հպարտորեն նշեց, որ 1997 թվականին հենց իր որոշմամբ դպրոցն անվանակոչվեց Էդմոնի անվամբ։
- Էդմոնի ծննդյան 45-ամյակին ընդառաջ իմ տեղակալ Հայկ Շամիրյանը (ով ևս զոհված ազատամարտիկի զավակ է) ձեռնամուխ եղավ դպրոցականների շրջանում ֆուտբոլի հուշամրցաշար կազմակերպելուն։ Ինչպես Հայկն է փաստել, խաղերն ընթանում էին համառ ու անզիջում պայքարում։
Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվեցին քաղաքապետարանի պատվոգրերով և Հայկ Շամիրյանի կողմից նախատեսված նվերներով։
 Կրտսեր Էդմոնի և դպրոցականների՝ խորհրդանշական տորթի վառվող մոմերը հագցնելով ազդարարվեց հուշ ցերեկույթի ավարտը։  
-Էդմոնի մարդկային կերպարը բնութագրելու համար ժամանակը չի հերիքի, եթե նույնիսկ խոսենք օրերով, շաբաթներով։ Անչափ համեստ էր, քչախոս, արդարացի, ճշմարտախոս, սկզբունքային, անսահման բարի, սրտացավ, հոգատար։ Խիզախ էր ու քաջարի, ֆիզիկապես կոփված, անսահման պինդ։ Նա ամեն ինչ կատարում էր մեծ նվիրումով ու սրտանց։ Նրան ճանաչողները երևի թե լավ են հիշում նրա սրտաճմլիկ երգերն ու քաղցրահունչ նվագը կիթառի վրա։ Էդմոնի դասարանցիները բազմիցս են պատմել նրա մաթեմատիկական ունակությունների, բազմաթիվ շնորհքների մասին։ Հատուկ վերաբերմունք ուներ ծերերի և մանուկների հանդեպ, քանի որ վերջիններս առանց կողմնակի օգնության չեն կարող գոյատևել։ Ինչպես մեր ընտանիքում, այնպես էլ նրան ճանաչողները նրա հետ խոսում
էին ակնածանքով, և, ընդհանրապես
նրա վեհ ու խրոխտ քայլվածքը, արտաքին տեսքի ու հոգու ներդաշնակ գեղեցկությունն ու անսահման խոհուն հայացքը ստիպում էր դիմացինին մի տեսակ հավաք խոսել հետը, մտածել ամեն մի խոսքի, մտքի վրա, նոր միայն արտաբերել, արտահայտվել։ Եղբայրս ուներ ամենակարող ուղեղ և ամենակարող մատներ։ Ցանկացած ձեռնարկած գործում նա դրսևորվում էր որպես այդ գործի մեծագույն գիտակ։ Այդ էր պատճառը, որ մայրս մանկուց գրառում էր Էդմոնի յուրաքանչյուր հաջողությունը և սրբորեն պահում նրա ձեռքի աշխատանքները։ Մայրս ասում էր, որ որդիս մեծ մարդ է դառնալու, մեկ էլ տեսար մեկն ու մեկը եկավ ու ասաց՝ պատմիր որդուդ մասին։ Էդմոնը շատ էր սիրում մայրիկին ու ինձ էլ միշտ հորդորում էր. §Երեխաներիդ մի պատժիր, մամայից օրինակ վերցրու, որ նրանք էլ քեզ իդեալական համարեն, ինչպես մենք՝ մեր մորը¦։ Հայրս ասում էր՝ §Էդմոնն իջավ երկնքից, զարմացրեց բոլորին, ապշեցրեց իր էությամբ ու փյունիկի պես նորից բարձրացավ երկինք¦,- անհուն կարոտը սրտում եղբոր մասին պատմում է քույրը՝ Էվելինան, ով ևս աննման եղբոր մասին բազում գրառումներ ու հուշեր է տետրին պահ տվել, թեև հիշողության մեջ դեռևս ամեն ինչ այնքա՜ն թարմ է։ 
 -Էդմոնն իմ ամենամտերիմ ընկերներից էր։ Նա բոլորիս համար լավ ընկեր լինելուց բացի նաև լավ խորհրդատու էր։ Նրա հետ կապված բազում հիշողություններ ունեմ։ Հաճախ էինք թաղի տղաներով հավաքվում և մրցումներ անցկացնում։ Էդմոնը փայլում էր ամեն ինչում։ Նա նաև մեծ հայրենասեր էր։ Սակայն Էդմոն-հայրենասերին ես առավել ցայտուն բացահայտեցի, երբ սկիզբ առավ ²րցախյան շարժումը։ Նա հավաքեց թաղի ջահելներին, պատմեց Շահումյանի դրության մասին, ասաց, որ եթե չկասեցնենք թշնամու ընթացքը, վաղը նա կհասնի Ասկերան։ Շատ եմ ցավում եմ, որ նա այսօր մեզ հետ չէ։ Ես շատ հպարտ եմ, որ մեր հարազատ դպրոցը կրում է Էդմոն Բարսեղյանի անունը,- օրվա կապակցությամբ իր հուշերը մեզ հետ կիսեց Էդմոնի մանկության ընկեր Հրաչիկ Ավանեսյանը։
Էդմոն Բարսեղյանի կարճ, սակայն իմաստալից կենսագրությունն ընդմիշտ որպես կյանքի ուղենիշ կհանդիսանա շատ-շատերի համար, նրա սխրագործություն-ներով սերունդներ կդաստիարակվեն։
 Հաճախ մարդուն մի ամբողջ հավերժություն չի հերիքում կյանքում մնայուն բան ստեղծելու, թողնելու համար։ Էդմոնին հաջողվել է երկրային կյանքում գտնել իր տեղը, ավելին, նա հյուսել է իր սեփական առասպելը, որով սերունդները կսերտեն հայրենասիրության դասերը։

 

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ



 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter